Բերդիկի միջնակարգ դպրոցում ներքին աուդիտ է իրականացվել. թերություններ հայտնաբերվե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հրամանով 114 աշակերտ ունեցող Բերդիկի միջնակարգ դպրոցում ներքին աուդիտ է իրականացվել: Այն իրականացվել է մայիսի 23-ից մինչեւ 26-ը ներառկյալ`4 աշխատանքային օր: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մասնավորապես ստուգվել են դպրոցի կողմից 2014, 2015 եւ 2016 թվականների ընթացքում իրականացրած ֆինանասական գործառույթները, գնումների գործընթացները, աշխատավարձերի հաշվարկման կարգը, նախատեսված եւ կատարված փաստացի ծախսերի համեմատումը, հաշվետվությունների արժանահավատությունը եւ համապատասխանությունը օրենքներին եւ այլ իրավական ակտերին:

Նշենք, որ ներքին աուդիտի արդյունքերը ներկայումս գտնվում են քննարկման փուլում: Դրանք դեռ չեն ամփոփվել: Եւ չնայած սրան`ArmLur.am-ը կապ հաստատեց Բերդիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդա Մինասյանի հետ, ով հանգիստ տոնով հայտարարեց. «Ես շատ օբյեկտիվ անձնավորություն եմ եւ առանց խնդրի Ձեզ ասեմ իրական պատկերը. միգուցե ինչ որ թերություններ եղել են, չէ որ որտեղ աշխատանք, այնտեղ թերություն, բայց խախտում չկա արձանագրված»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մարզպետի հրամանով ներքին աուդիտ իրականացվել էր նաեւ Արտաշատի թիվ 5 դպրոցում, որի արդյունքում տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը ազատվել էր աշխատանքից: Իսկ դպրոցի աշակերտները ի նշան բողոքի դասադուլ էին հայտարարել: Հուսանք Բերդիկի դպրոցը չի ունենա Արտաշատի թիվ 5 դպրոցի ճակատագիրը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս