Diken-ը հայտնում է, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը, ով հունիսի 2-ին ձերբակալվել էր, ազատ է արձակվել է:
Պատգամավորի ձերբակալման մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել էր կուսակցության մեկ այլ պատգամավոր Դանըշ Բեշթաշը: Դիարբեքիրի դատարանում պատգամավորին հարցաքննելուց հետո նրան որոշել են ազատ արձակել:
Դիարբեքիրի դատարանը մայիսի 30-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Բայդեմիրը մեղադրվում է Դիարբեքիրի քաղաքապետ լինելու ժամանակ՝ 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Բայդեմիրը նահանգապետարան էր գնացել մի խումբ պատգամավորների հետ՝ բողոքելու, որ իրենց արգելվել է ցույց իրականացնել Բաթըքենթ հրապարակում: Դատախազը պահանջել է նրան 1-3 տարվա ազատազրկման դատապարտել: Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։ Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ: