Նախագահի աշխատակազմի ադամանդյա շքանշանները. Սերժ Սարգսյանի աշխատակազմը տարին սկսել է ճոխ գնումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմը, ինչպես միշտ, տարին սկսել է ճոխ գնումներով: Մինչդեռ Հայաստանում աղքատությունը պաշտոնապես կազմում է մոտ 30 տոկոս:
Նշենք, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերի համար 2017 թվականի համար հատկացվել է 4.5 մլրդ դրամ (շուրջ 9.5 մլն դոլար): Նախագահի աշխատակազմը այս տարի, անցած տարվա համեմատ, ծախսերը նվազեցրել է մոտ 550 մլն դրամով: Իսկ այդ գումարը տնտեսվել է հիմնականում ազգային անվտանգության խորհրդում աշխատատեղերի կրճատման հաշվին: Այսինքն՝ ազգային անվտանգության խորհրդի 93 հաստիքից այսօր մնացել է 27-ը: Նկատենք, որ 550 մլն դրամով տնտեսումը չի տարածվել բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումների, աշխատավարձերի ու պարգեւատրումներին վրա: Տնտեսումը կատարվել է հիմնականում աշխատատեղերի ու գույքի կրճատման հաշվին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախագահի աշխատակազմին հատկացվող գումարից աշխատավարձերի վճարման ծախսերը կազմում են 1.52 մլրդ դրամ, պարգեւավճարները` 50 մլն: Մի կողմից՝ նախագահի աշխատակազմը աշխատատեղերի հաշվին է տնտեսումներ անում, իսկ մյուս կողմից՝ 40 մլն դրամով ավելացրել է պետական մրցանակների համար հատկացվող գումարի չափը: Բացի այս՝ ընթացիկ տարվա համար գործողումների նպատակով աշխատակազմը կծախսի 627 մլն դրամ, իսկ ներկայացուցչական ծախսերն էլ կազմում են 248 մլն դրամ:
Ի դեպ, նախագահի աշխատակազմը ապրիլի 18-ին պայմանագիր է կնքել Երեւանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ եւ գնել մեդալների, շքանշանների 200 տուփ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ յուրաքանչյուրի համար վճարվել է 5300 դրամ: Այսինքն՝ աշխատակազմը տուփերի վրա ծախսել է 1 մլն 60 հազար դրամ:
Իսկ ահա 2 շքանշանի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար պետական միջոցներից ծախսվել է 1 մլն 56 հազար դրամ: Մենք պարզեցինք, որ մասնավորապես տեղադրվել է «Տիգրան Մեծ» շքանշանի ներդիր, որը եղել է թանկարժեք քարերից` 23 հատ ադամանդ եւ կարմիր կորունդ` 8 հատ: Այս աշխատանքները իրականացրել է «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերությունը: Թե ում համար են նախատեսված նշված երկու շքանշանների՝ թանկարժեք քարերից պատրաստված ներդիրները, պաշտոնական փաստաթղթում այդպես էլ որեւէ հստակ տեղեկություն չկա նշված:

Բացի այս՝ ընթացիկ տարվա համար նախագահի աշխատակազմը գնել է նաեւ 10 հատ ղեկավարի բազկաթոռ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 57 հազար 720 դրամ: Ստացվում է, որ 577 հազար 200 դրամ ծախսվել է բազկաթոռների վրա: Իսկ սեղանի լամպերի համար աշխատակազմը ծախսել է 118 հազար 800 դրամ: Ի դեպ, մեկ լամպի արժեքը կազմել է 29 հազար 700 դրամ: Դրանք գնվել են «Զորաշեն» ընկերությունից: Դե, իհարկե, նախագահի աշխատակազմը չէր կարող առանց բենզինի մնալ: Ընթացիկ տարվա համար գնվել է ռեգուլյար եւ պրեմիում տեսակի բենզին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բենզին եւ դիզելային վառելիք աշխատակազմը գնել է միայն «Ֆլեշ» եւ «Մաքսհուր» ընկերություններից:

Այսպես՝ նախագահի աշխատակազմը «Մաքսհուր» ընկերությունից գնել է 45 հազար լիտր պրեմիում տեսակի բենզին` ընդհանուր վճարելով 15 մլն 885 հազար դրամ: Այսինքն՝ մեկ լիտրը նախագահի աշխատակազմը գնել է 353 դրամով: Նույն ընկերությունից գնվել է նաեւ 2000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին, որի համար ծախսվել է 668 հազար դրամ, իսկ մեկ լիտրը ձեռք է բերվել 334 դրամով: Մի ուշագրավ փաստ եւս. ուումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախագահի աշխատակազմը ավելի էժան գնով բենզին ձեռք է բերել «Ֆլեշ» ընկերությունից:

Օրինակ՝ «Ֆլեշը» նախագահի աշխատակազմին պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառել է 337 դրամով (իսկ «Մաքսհուրը»` 357 դրամով): Այսպես՝ աշխատակազմը «Ֆլեշ»-ից գնել է 40 հազար լիտր պրեմիում տեսակի բենզին` վճարելով 13 մլն 480 հազար դրամ: Ռեգուլյար տեսակի բենզինը նույնպես աշխատակազմը ավելի էժան է ձեռք բերել «Ֆլեշ»-ից, քան «Մաքսհուր»-ից: Ռեգուլյար տեսակի բենզին գնվել է 1000 լիտր, որի յուրաքանչյուր լիտրի համար վճարվել է 330 հազար դրամ: Այսինքն` 4 դրամով ավելի էժան, քան «Մաքսհուր»-ի առաջարկածը: Նույն պատկերն է նաեւ դիզելային վառելիքի գնման դեպքում. աշխատակազմը «Ֆլեշ»-ից գնել է 1500 լիտր դիզելային վառելիք` ծախսելով 477 հազար դրամ: Իսկ մեկ լիտրը ձեռք է բերել 318 դրամով:

Մինչդեռ «Մաքսհուր» ընկերությունից աշխատակազմը այն ե՛ւ թանկ գնով է ձեռք բերել, ե՛ւ շատ քանակությամբ` 2000 լիտր` ընդհանուր արժեքը կազմել է 640 հազար դրամ: Այսինքն՝ դիզելային վառելիքի մեկ լիտրը գնվել է «Մաքսհուր»-ից 320 դրամով:
Տեղեկացնենք, որ «Մաքսհուր» ընկերությունը կապվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ: Իսկ «Ֆլեշ» ընկերությունը պատկանում է հայտնի գործարար, Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին: Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ նախագահի աշխատակազմը պետական միջոցների հաշվին փորձել է չնեղացնել ե՛ւ փեսային, ե՛ւ ընկերոջը: Ահա թե ինչպես են տնօրինվում պետական միջոցները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս