Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Պարզվում է, որ նախկին մարզպետի փեսային հասկացրել են, որ ճաղերի հետեւում չհայտնվելու համար պետք է վերադարձնի տարիներ շարունակ պետբյուջե չվճարված հարկերը:
Դեռեւս 2016թ. մարտին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Մաշտոցի հարկային ծառայության նախկին ղեկավար Հրանտ Կարապետյանին, որը 10 տարի աշխատելով համակարգում, բացի հարկահավաք լինելուց՝ հընթացս միլիարդատեր էր դարձել: Գրել էինք, որ Հ. Կարապետյանին են պատկանում մի շարք բիզնեսներ, «Վալան պրոֆ» ընկերությունը, որն արտադրում է մետաղապլաստե դռներ, պատուհաններ, վիտրաժներ: «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունն էլ, ըստ էության, Կարապետյանինն է: «Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժում գտնվող «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդում գտնվող գազալցակայաններից մեկը դե ֆակտո պատկանում են Հ. Կարապետյանին: Նոր Գեղի համայնքում հեկտարներով խնձորի այգիներ եւ սառնարաններ ունի, որտեղ պահվող մրգերը արտահանվում են երկրից դուրս: Համակարգում խոսակցություններ են պտտվում, որ չի բացառվում՝ նա նաեւ «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ:
Թեեւ մեր այս հրապարակումը հիմք պետք է լիներ իրավապահների համար, որպեսզի նախկին մարզպետի փեսային պատասխանատվության կանչեն, սակայն խոշոր ձկներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն բավարարվեցին աշխատանքից ազատելով, իսկ նրա ենթակաները կալանավորվեցին:
Իսկ ինչպե՞ս ծավալվեցին իրադարձությունները: 2016 թվականին Հրանտ Կարապետյանը ազատվեց Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարի պաշտոնից՝ տեղափոխվելով Գավառի հարկային տեսչություն: Սակայն Հրանտ Կարապետյանը Գավառի հարկային տեսչությունում էլ երկար չմնաց. նրան հասկացրին, որ ազատման դիմում գրի եւ անվնաս հեռանա:
Նրա հեռանալուց հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց Մաշտոցի հարկային տեսչությունում: Ձերբակալվեց Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ավագ տեսուչը իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորել էր, ասել է, թե սքողել էր նրանց կողմից թույլ տված խախտումները, դրա դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել եւ պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ: Դժվար չէ կռահել, որ Բրուտյանը միայնակ չէր կարող այս գործը գլուխ բերել, եւ նրա այս գործողությունների մասին ամենայն հավանականությամբ տեղյակ է եղել նաեւ Հրանտ Կարապետյանը: Բայց իրավապահները բավարարվեցին միայն Բրուտյանի ձերբակալմամբ, իսկ Հրանտ Կարապետյանը պատժվեց՝ զրկվելով ՊԵԿ-ում հետայսու աշխատելու հնարավորությունից:
Իսկ ինչո՞ւ են ներել նրան: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՊԵԿ ղեկավարի փոփոխությունից հետո Հրանտ Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ. նախ՝ ներկայացնել բոլոր այն բիզնեսները, որոնք ունի Կարապետյանը, երկրորդ՝ բոլոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել, օգնել է: Եւ ահա երկու ցուցակների ուսումնասիրությամբ ընդհանուր հաշվով, ըստ նույն լուրերի, Հրանտ Կարապետյանը երկու փուլով պետբյուջե է վճարել շուրջ 1.3 միլիոն դոլար գումար, որպեսզի չբանտարկվի: Մեզ հասած այս լուրերի իսկությունը փորձեցինք պարզել հենց Հրանտ Կարապետյանից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հրանտ Կարապետյանը, սակայն, կտրուկ հերքեց. «Նման բան չկա: Չգիտեմ, թե Ձեզ ով է նման բան ասել, անլուրջ բան է»: Գուցե, բայց ինչպես հայտնի արտահայտությունն է հուշում՝ «Ծուխն առանց կրակ չի լինում»:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ավարտել է Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի գործողությունների մասով հարուցված քրեական գործով նախաքննությունը եւ այն ուղարկել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Գործը կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը: Ի դեպ, Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քնար Մանուկյան