ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանի աղքատության մակարդակն ու քաղաքապետարանի ճոխ գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այդպիսի մի օրինակ է Երեւանի քաղաքապետարանը:
Երեւանի քաղաքապետարանը վերջերս գնել է 8 հատ կոնյակ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մասնավորապես գնվել է 10 տարվա հնեցմամբ 3 հատ կոնյակ, որոնց համար քաղաքային բյուջեից ծախսվել է 45 հազար դրամ, 15 տարվա հնեցմամբ 3 կոնյակի համար` 75 հազար դրամ, 20 տարվա հնեցմամբ 2 կոնյակ` 70 հազար դրամ:

Բացի այս՝ գնվել է նաեւ 3 հատ արծաթե հուշամեդալ` 60 հազար դրամ ընդհանուր արժեքով, իսկ մեկ նկարի համար քաղաքապետարանը վճարել է 50 հազար դրամ: Ի դեպ, այս ամենը քաղաքապետարանը գնել է «Էլիտ Էսվե» ընկերությունից: Թե ինչ նպատակով է քաղաքապետարանը կոնյակները գնել եւ դրանք ում է պատրաստվում նվիրել, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չկա:

Բնականաբար, քաղաքապետարանի գնումները առանց աղբամանների ու նստարանների չեն սահմանափակվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը քաղաքային բյուջեի հաշվին ընթացիկ տարվա համար ձեռք է բերել «Երեւան» ձուլվածքով 500 հատ նստարան, որոնց համար ընդհանուր ծախսվել է 82 մլն 250 հազար դրամ:

Իսկ 600 հատ մեծ աղբամանի դիմաց քաղաքային բյուջեից ծախսվել է 46.5 մլն դրամ: Ստացվում է, որ ընթացիկ տարվա համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը 500 հատ նստարան եւ 600 հատ աղբաման գնելու համար ծախսել է 128 մլն 750 հազար դրամ: Իսկ դրանց ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է անցած տարեվերջին եւ, բնականաբար, «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ:

Մինչդեռ «Նիկոլ Դուման»-ի առաջարկած մեկ նստարանի գնով քաղաքապետարանը կարող էր մեկ այլ կազմակերպությունից գնել երկու կամ երեք նստարան: Եվ նաեւ սա նկատի առնելով` հանրության համար անհասկանալի է, թե ինչու են քաղաքային իշխանությունները նման անհարկի շռայլություններ թույլ տալիս: Ի վերջո, աղբամանն ու նստարանը շքեղության միջոցներ չեն, այլ ընդամենը քաղաքային կահավորանքի մի մաս:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս