Մայիսի 28-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Հանրապետության տոնին, որի շրջանակներում կայացավ «Thank you, հայրիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը և ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ հանդիպումը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:
Դեսպան Սեյրանյանը, իր երախտագիտությունը հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու հովանավորներին, շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ, անդրադառցավ մայիսի 28-ի խորհրդին, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանին և նրա անցած ստեղծագործական ուղին:
Այնուհետև միջոցառումը շարունակվեց Միքայել Պողոսյանի հոբելյանի առթիվ նկարահանված կարճ տեսահոլովակի դիտմամբ և «Thank you, հայրիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո խոսքով հանդես եկավ նաև Միքայել Պողոսյանը:
Իր խոսքում անվանի արվեստագետը նշեց, որ շատ ուրախ է Պրահա այցելության և հայ համայնքի հետ հանդիպման համար: Ներկայացնելով արվեստի ու մշակույթի մասին հետաքրքիր ու հուզիչ պատմություններ՝ Միքայել Պողոսյանն անդրադարձավ հայրենիք-սփյուռք մշակութային կապերին, խոսեց իր ապագա ստեղծագործական ծրագրերի մասին: Միջոցառման ավարտին ՀՀ ժողովրդական արտիստը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: