Լևոն Ալթունյանը պատրաստ է տուգանել նաև Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ  ծխողների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությունը, որ այս տարի օրենսդրական խիստ փոփոխություններ են լինելու, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում, լուրջ դժգոհությունների եւ քննադատությունների տեղիք տվեց, թեեւ եղան բազում մարդիկ, ովքեր ողջունեցին այս նախաձեռնությունը:

Հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նախարարի հատկապես այն արտահայտությունը, որն ըստ էության նշանակում էր՝ բոլոր ծխողներն անհաջողակներ են: Նա հայտարարեց. «Եթե մենք ուզում ենք հաջողակ ազգ ու բիզնեսմեն, ծնողներ լինենք, ուրեմն պիտի հաջողակ լինելու նախանշանները մեզ հարմարեցնենք:…Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է»:

Եթե նկատենք, որ Հայաստանում մեծ թվով պաշտոնյաներ եւս ծխում են, ապա նշանակում է, որ ունենք անհաջողակների իշխանություն:
Ինչպե՞ս են պատրաստվում լուրջ դժգոհությունների մթնոլորտում իրականացնել այս նախաձեռնությունը եւ ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու՝ հատկապես պաշտոնյաներին ստիպելու համար թողնել ծխելը. այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Պարո՛ն Ալթունյան, ծխելու դեմ ուղղված Ձեր նախաձեռնությունը դեռեւս չեք սկսել իրականացնել, բայց արդեն բավականին քննարկումների եւ դժգոհությունների առիթ է տվել: Նախ՝ սպասո՞ւմ էիք այսպիսի արձագանք:

-Հասկանալի է, որ դա կանխատեսելի էր, չէ՞:

-Այդ նախաձեռնությունից շատ դժգոհողներ համառորեն բարձրաձայնում են, որ անկախ ամեն ինչից՝ իրենք իրավունք ունեն ծխելու եւ այդպես էլ վարվելու են: Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել այդ նախաձեռնությունը՝ հաշվի առնելով բարձրացված դժգոհությունների մեծ ալիքը:

-Նոր բան չենք հնարելու: Երեւի թե նույն ձեւի, ինչ որ ամբողջ աշխարհը:

-Հայտարարվել է, որ 10 հազար դոլար կտուգանվեն այն քաղաքացիները, ովքեր չեն ենթարկվի օրենքի պահանջին: Կարծում եք՝ կկարողանա՞ք այդպիսի միջոցներով վախեցնել հասարակությանը:

-Այդ միջոցառումը շատ մեծ հաջողություն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Մենք ուղղակի կառաջարկենք կրկնօրինակել:

-Մտածե՞լ եք, թե ինչպես են այդքան գումար վճարելու առանց այդ էլ աղքատության բարձր ցուցանիշով աչքի ընկնող Հայաստանի քաղաքացիները:

-Ուրեմն թող չծխեն:

-Ըստ էության Դուք հայտարարել եք, որ ծխողներն անհաջողակներ են: Մեր պաշտոնյաներից շատերը ծխում են, ուրեմն անհաջողակների իշխանությո՞ւն է:

-Ես բառացիորեն տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից մեկն է:

-Դուք թերեւս նկատել եք, որ կառավարության ամեն նիստից առաջ գործադիրի անդամները ծխում են վերեւում: Նրանց դեմ ինչպե՞ս եք պայքարելու, ինչպե՞ս եք անելու, որ չծխեն:

-Ես էլ էի ծխում ժամանակին: Հիմա Ձեզ ի՞նչ է պետք, որ հասարակությունը թարգի՞ ծխելը, թե՞ ոչ: Եթե ուզում եք, որ թարգեն, ապա պետք է ասեք՝ քիչ ես առաջարկում, ավելի շատ պետք է առաջարկես:

Իհարկե, բոլորն էլ առողջ ապրելակերպի կողմնակից են, եւ շատ-շատերն են կողմ, որ թողնեն ծխելը: Բայց գլխավորը այդ հարցին ճիշտ մոտենալն է: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը եւս ծխում է: Նրան կարողանալո՞ւ եք արգելել, որ չծխի:

-Ոչ մի անհատին, առավելապես նախագահին, հնարավոր չէ ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ: Մարդն ինքն է որոշում՝ ծխի, թե չծխի:

-Հիմա եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, տուգանելո՞ւ եք նրան:

-Իհարկե:

-Ինչպե՞ք եք պայքարելու, որ արտոնյալներ չլինեն:

-Դա հեծանիվ հնարել չէ: Աշխարհն ունի այնպիսի կանոնակարգեր, որոնք պետք է ներդրվեն մեզ մոտ:

-Այնուամենայնիվ, կարծում եք՝ կհաջողվի՞ Ձեզ հասնել արդյունքի:

-Ես կարծում եմ մեզ՝ հայերիս մոտ ամեն ինչ կհաջողվի:

Վահագն Հակոբյան




Լրահոս