Աշտարակի քաղաքապետարանը բյուջեի միջոցներով մեծ թվով կանացի օծանելիք է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակի քաղաքապետարանը բյուջեի միջոցներով կանացի օծանելիք է գնել՝ վճարելով մոտ կես միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ գնվել է 23 հատ «Սենշուալ Կարմիր» անունով կանացի օծանելիք` 50 մլ տարողությամբ:

Իսկ յուրաքանչյուր օծանելիքի համար վճարել է 19 հազար դրամ: Ստացվում է, որ քաղաքապետարանի բյուջեից 23 հատ օծանելիքի համար ծախսվել է 437 հազար դրամ: Ում համար են գնվել այդ օծանելիքները հարցին Աշտարակի փոխքաղաքապետ Գեւորգ Եղիազարյանն ասաց. «Համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող օբյեկտների` մանկապարտեզների դայակների, երաժշտական դպրոցների մանկավարժների, ինչպես նաեւ` քաղաքապետարանի աշխատակազմի լավագույն աշխատակիցների համար: Օծանելիքները նվիրվել են ապրիլի 7-ի առիթով»:

Ի դեպ, բացի օծանելիքից՝ կանանց ապրիլի 7-ի առիթով նվիրվել են նաեւ ծաղկեփնջեր, որոնք, ինչպես Եղիազարյանը շտապեց տեղեկացնել, գնվել են տղամարդկանց միջոցներով: Չի բացառվում, որ օծանելիքները նվիրվել են այն աշխատակիցներին, որոնք ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մեղվի պես աշխատել են ՀՀԿ-ի համար:




Լրահոս