Արման Թաթոյանը հայտնվել է իր փորած փոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանը հայտնվել է իր իսկ փորած փոսում: Բանն այն է, որ ԵՄ-ն դեռ 2015թ. ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկանցել 12 մլն եվրո՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար:

Այդ գումարի շրջանակներում Հայաստանում պետք է ընդունվի «Խտրականության մասին» օրենքը, որով կարգավորվելու են նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքները: Բացի այդ՝ ԵՄ համաձայնագրում նաեւ կոնկրետ պահանջ կար՝ ստեղծել սեռական փոքրամասնությունների հարցով զբաղվող հատուկ մարմին կամ հանձնաժողով: Նկատենք, որ հիմա կա երեխաների, զինծառայողների, փախստականների իրավունքների պաշտպան, եւ օրենքի ընդունումից հետո պետք է ստեղծվի նաեւ սեռական փոքրամասնությունների օմբուդսմեն: Ու վերջապես, ծրագրի երկրորդ փուլից արդեն պետք է կազմակերպվեին սեռական փոքրամասնությունների վերաբերյալ իրազեկումներ, նրանց նկատմամբ հանդուրժողականության քարոզչություն:

Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության անունից ԵՄ-ի հետ բանակցություններում ներգրավված է եղել այն ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Սկզբում ԵՄ-ն առաջարկել է Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններին կից ստեղծել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ, որն էլ պետք է զբաղվեր այդ հարցերով: Բայց քանի որ գումարները փոշիացվելու մտավախություն է եղել, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը պնդել է, որ այդ հարցերով զբաղվի ՄԻՊ-ը. ի վերջո, այն անկախ մարմին է, եւ հետո հենց ՄԻՊ-ն է կոչված պաշտպանելու մարդկանց, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները: Բացի այդ՝ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նկատմամբ կար ընդգծված բացասական վերաբերմունք:

ԵՄ-ն էլ ընդունել է առաջարկը, որ ՄԻՊ-ին կից ստեղծվի սեռական փոքրամասնությունների պաշտպան: Բանակցություններում նաեւ որոշվել է ՄԻՊ-ի վրա դնել մեկ այլ պարտականություն եւս՝ ծրագրի արդեն երկրորդ փուլում պետք է անցկացվի իրազեկում, այսինքն՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ քարոզվի հանդուրժողականություն:

Եթե հաշվի առնենք Հայաստանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ մերժողական վերաբերմունքը, միանգամայն պարզ է, թե կառավարության առաջարկով հանուն այդ 12 մլն եվրոյի, ՄԻՊ-ի վրա ինչպիսի ծանր բեռ էր դրվել: Միայն թե, ճակատագրի հեգնանքով, այսօր ստացվել է այնպես, որ ՀՀ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է նույն Արման Թաթոյանը, եւ հիմա հենց նրան է «բախտ վիճակվել» զբաղվելու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ ու նրանց նկատմամբ հանդուրժողականություն քարոզելով: Գործողություն, որի իրականացումը նա ժամանակին բարդեց իր կողմից չսիրված Անդրեասյանի վրա, սակայն ողջ կուժն ու կուլան կոտրվեցիր գլխին:

Ի դեպ, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ նրանց նկատմամբ հանդուրժողականության քարոզչությունն արդեն իսկ սկսվել է. օրերս Երեւանի փողոցներում այդ թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ են փակցվել: Բայց մի քանի օր անց քաղաքապետարանի որոշմամբ դրանք հանվել են. պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գովազդային պաստառները փակցվել են ապօրինի՝ առանց համապատասխան որոշման: Իրականում, իհարկե, պաստառները հանելու պատճառներն այլ են, պարզապես հայ հասարակությունն անհանդուրժող է սեռական փոքրամասնությունների նկատմամբ, հետեւաբար քաղաքապետարանը զգուշացել է ավելորդ աղմուկից: Բայց նկատենք, որ այս հարցում, այնուամենայնիվ, պետք է դիրքորոշում հայտնի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Առավել եւս, որ հենց ՄԻՊ-ի վրա է դրված սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ նրանց նկատմամբ հանդուրժողականություն քարոզելու իրավասություն:

Միջադեպից անցել է մի քանի օր, բայց Արման Թաթոյանը ձայն չի հանել, լռում է, ինչպես ձուկը: Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանից մեկնաբանություններ ստանալ, սակայն ողջ օրվա ընթացքում Թաթոյանի հեռախոսահամարն անհասանելի էր: Ավելի ուշ տեղեկացանք, որ Թաթոյանը մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցել է մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպմանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից մեկն էլ եղել է խտրականությունների դեմ քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը: «Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը վերոնշյալ ուղղություններով համագործակցությունը շարունակելու եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ ուշագրավ փաստ էլ. դեռ 2015թ. ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել էր «Խտրականության մասին» օրենքի նախագիծը: Սակայն հասարակական ճնշման տակ այս նախագիծն անորոշ ժամանակով մի կողմ դրվեց: Բայց երկար չի մնա դարակներում, եւ բրյուսելյան այս այցի ժամանակ արդեն ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որ «երկնագույնների իրավունքների պաշտպանությունը» Հայաստանում եւս սկսվի:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս