Ովքե՞ր են գողացված շարժիչներ վաճառել «Լուսակերտ» ՍՊԸ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի թալանի գործով վճիռը հրապարակվեց:
Ինչպես հայտնի է` Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից անակնկալ ազատվեց անցած տարվա հունիսի 7-ին, որից հետո որոշեց զբաղվել թռչնաբուծությամբ: Նա ձեռք բերեց «Գետամեջի» թռչնաֆաբրիկա:

Հավելենք, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում եւ չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները՝ ընկերությունը դարձել է բանկի սեփականություն, որից հետո սնանկացած ընկերությունը ձեռք է բերվել Արտյոմ Մովսեսյանի կողմից, եւ այն վերանվանվել է «Գետամեջ 2016»: Արդյունքում, «Գետամեջի» թռչնաֆաբրիկան հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:

Բանն այն է, որ 2016 թվականի սեպտեմբերին թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ Հրաչ Պետրոսյանը եւ Դանիել Ղուկասյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերությանը պատկանող տարածքից հափշտակել էին օդափոխության համակարգի 8 շարժիչներ, 20 իրաններ եւ գողացված ապրանքը վաճառել էին «Լուսակերտ» ՍՊ ընկերությանը եւ ստացված գումարը մեջ-մեջ արել:

Ի դեպ, նշենք, որ «Լուսակերտ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին ՀՀԿ-ական, իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանին: Այս գործը քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, եւ ահա մայիսի 17-ին գործը նախագահող դատավոր Գեղամ Մարգարյանը հրապարակեց նախկին քաղավիացիայի պետին պատկանող ընկերության գործով վճիռը:

Արդյունքում Հրաչ Պետրոսյանը եւ Դանիել Ղուկասյանը ազատազրկման դատապարտվեցին 6 ամիս ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց, սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, իսկ ահա նրանց նկատմամբ հսկողությունը դրվեց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության վրա:




Լրահոս