Հիշո՞ւմ եք նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի խոստումը. «Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասել էր Սերժ Սարգսյանը` մատնանշելով ուղղությունները, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել նշված ցուցանիշը.
1. արտագաղթի դադարեցում,
2. ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում եւ
3. արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի ելույթի` տնտեսական ոլորտի վերաբերյալ լուրջ վերլուծություններ անելը միանգամայն անիմաստ զբաղմունք է, քանի որ նրա ներկայացրած ծրագրերը միշտ հեռու են եղել իրականությունից, իսկ խոստումներից շատ-շատերը պարզապես մնացել են անկատար: Եւ այսօր դժվար է գտնել մեկին, որ լուրջ ընդունի նաեւ այս խոստումը, կհավատա, որ, օրինակ, 2040 թվականին Հայաստանի բնակչությունը երբեւէ կարող է հասնել 4 միլիոնի:
Որեւէ մեկը չի հավատա, քանի որ չկան եւ չեն էլ նշմարվում Հայաստանում առաջիկա տարիներին արտագաղթի դադարեցման, ծնելության ավելացման կամ ներգաղթի նախադրյալներ: Ընդհակառակը, ժողովրդագրական առումով իրավիճակը գնալով էլ ավելի է վատթարացել. Հայաստանից արտագաղթը շարունակվում է անդադար:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում երկրից արտագաղթել է 14 հազար 984 մարդ:
Ճիշտ է՝ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ՝ այս տարի արտագաղթողների թիվը պակասել է. 2016թ. արտագաղթել էր 16 հազար մարդ, բայց միայն փաստը, որ արտահոսքը շարունակվում է, ինքնին մտահոգվելու տեղիք է տալիս: Բացի այդ՝ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը, որն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 981.5 հազար հոգի, մինչդեռ այն մեկ տարի առաջ 12.9 հազարով շատ էր:
Բայց ներկայացված թվերը միայն այսբերգի երեւացող մասն են: Իրականությունը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Եւ Հայաստանից արտագաղթի ծավալների մասին պատկերացում կազմելու համար կարելի է վերլուծել տարբեր ոլորտների ցուցանիշներ: Վերցնենք, օրինակ, աշակերտների թվաքանակի դինամիկան կամ հացի արտադրության ծավալները: Սրանք այն հիմնական ցուցանիշներն են, որոնք անուղղակի, սակայն, միանգամայն ճշգրիտ արտացոլում են ժողովրդագրական վիճակը:
Եւ այսպես, ԱՎԾ տվյալներով՝ 1997-1998 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորել է 597.8 հազար աշակերտ: 2005-2006թթ. արդեն աշակերտների թիվը դարձել է 477.9 հազար, 2008-2009թթ. այդ թիվը էլ ավելի է նվազել` 414.8 հազար: 2011-2012թթ. դպրոցներում սովորողների քանակը դարձել է 386.4 հազար, իսկ արդեն 2015-2016թթ. Հայաստանի դպրոցներում սովորել է 364.4 հազար աշակերտ: Ուշադրություն դարձրեք այս դինամիկային. 18 տարվա ընթացքում աշակերտների թիվը պակասել է 233.4 հազարով կամ 40 տոկոսով, իսկ միայն վերջին տասը տարիներին` 113.5 հազարով կամ 24 տոկոսով:
Հայաստանում այս տարիներին նվազել են նաեւ հացի արտադրության ծավալները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1998թ. Հայաստանում արտադրվել է 373 հազար տոննա հաց, 2006թ. հացի արտադրության ծավալները կազմել են 295 հազար տոննա, 2009-ին` 298 հազար տոննա, 2015-ին` 297 հազար տոննա եւ վերջապես` 2015թ. արտադրվել է 284 հազար տոննա, իսկ նախորդ տարի` 277.9 հազար տոննա հաց: Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է նաեւ հիմա. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին այն պակասել է 2.4 տոկոսով:
Գաղտնիք չէ` հացը այն մթերքներից է, որ օգտագործվում է բոլոր ընտանիքներում անխտիր, եւ հացի արտադրության ծավալներն ուղիղ համեմատական են բնակչության թվին: Իսկ հանրահաշվական պարզ գործողությունների միջոցով կարելի է բնակչության թվի վերաբերյալ բավական ճշգրիտ պատկեր կազմել (ըստ այդմ, այսօր մոտ 1.7-1.8 մլն մարդ է ապրում Հայաստանում):
Այնպես որ, իշխանությունները նախ եւ առաջ պարտավոր են կտրուկ քայլեր անել` իրավիճակը շտկելու, արտագաղթը դադարեցնելու ուղղությամբ, որից հետո նոր կարելի է խոսել բնակչության թիվը ավելացնելու մասին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ