Այն, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը և ժողովուրդը դեմ են Կազանյան փաստաթղթին և դրա հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքներին, հայտնի է դեռ վաղուց: Սակայն դա չի խանգարում, որ Ադրբեջանի հետ Հայաստանը բանակցություններ վարի հենց այդ փաստաթղթի շուրջ, որի մասին վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Իսկ ինչ է իրենից ենթադրում Կազանի փաստաթուղթը.
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացրել էր այդ փաստաթղթի հիմքում ընկած կետերը.
- Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
- Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:
- Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:
- Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
- Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը:
- Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:
- Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
- Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Անվտանգության երաշխիքներ
- Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:
- Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ:
- Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:
- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ
- Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝
- Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են:
- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում են Խաղաղության համաձայնագրով:
- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:
Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:
Մադրիդյան փաստաթղթեր
1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:
Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:
2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ,4 որոնք պետք է շարադրվեն Խաղաղության Համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.
– ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք, որը հետևում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:
– ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով:
– ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:
– ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:
3) ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:
– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:
– Քելբաջարի շրջանը գտնվելու է միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:
– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:
5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունը ապահովված է՝ համաձայն այն դրույթների, որոնք կշարադրվեն Խաղաղության Համաձայնագրում: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք, առանց խտրականության, օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից առանց որևէ խտրականության: Համակեցությանը պետք է նպաստեն կողմերը կամ միջազգային հանրությունը, նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև՝ կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական կենսագործունեությունը: