Արցախի հիմնահարցի վերաբերյալ կոնկրետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ բավարար չեն: Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով, բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են: Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի առաջնագծում եղած վիճակի տարբերությունը հսկայական է. «Ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ ամեն ինչ տեսել։ Բառիս բուն իմաստով՝ ամեն քառակուսի մետրը հիմա էլեկտրոնային հսկողության տակ է։ Նախորդ տարվա ապրիլին կարող էինք միայն երազել այդ մասին», – հավելեց նա։
Շահնազարյանի խոսքով, արտաքին քաղաքական իրավիճակից պետք է օգուտ քաղել. «Պետք է կտրուկ քայլեր անել: Կարգավորումից շատ հեռու ենք, բայց դա նշանակում է, որ ավելի ակտիվ պետք է բանակցել։ Այսօր Հայաստանի դիրքորոշումը շատ ռացիոնալ է։ Ստատուս-քվոյի փոփոխություն չի կարող լինել՝ առանց կարգավիճակի հստակեցման»,- հավելեց նա և անդրադարձավ դիտորդների քանակը 7 հոգով ավելացնելու մասին որոշմանը, և նշեց, որ դա դրական ոչինչ չի տա, բայց, ըստ նրա՝ ցայտուն ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է գնում բանակցային գործընթացը:
Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը` Շահնազարյանը նկատեց, որ պետք է խաղաղության պայմանագիր լինի, այլ ոչ թե միջանկյալ բանաձև. «Ես այդ դիրքորոշումը համարում եմ խիստ ռացիոնալ. աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում ոչ մի միջանկյալ փաստաթուղթ չի կարող գործել, որովհետև չկա երաշխավորը», – եզրափակեց նա։