ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում հունիսի 6-ին քննարկվել են թունաքիմիկատների շուկայում վերահսկողությունը խստացնելու և ժամկետանց թունաքիմիկատները պահեստավորելու ու պահպանելու հարցերը: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ, վարչապետի հանձնարարականի հիման վրա, նախաձեռնում են թունաքիմիկատների իրացման կետերում վերահսկողական մի շարք միջոցառումներ, և մինչ այդ անհրաժեշտ է լուծել թափոնների պահման՝ տարածքի և այլ բոլոր հարցերը: Խորհրդակցությանը հրավիրված էին գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ Կարապետ Կարապետյանը, մասնագետներ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններից:
Մինչ նոր պահեստարանի կառուցումը, որոշվել է ժամանակավորապես խնդիրը կարգավորել՝ ժամկետանց թունաքիմիկատները, օրենքով սահմանված կարգով, առանձնացնելով և պահեստավորելով համապատասխան վայրում: Ձևավորված աշխատանքային խումբը մինչ այս քննարկումն արդեն այցելել է Արարատի մարզ և նախնական պայմանավորվածություն ձեռք բերել պահեստավորման վերաբերյալ:
Քննարկման ժամանակ հստակեցվել են այն բոլոր ընթացակարգերը, որոնցով կարգավորվելու են ժամկետանց թունաքիմիկատների պահպանման հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրը լուծել առավելագույն սեղմ ժամկետներում: