ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը Սերժ Սարգսյանն իր երկարաշունչ ուղերձում անդրադարձել էր նաեւ ԼՂ կարգավորման խնդրին եւ այդ հարցը նախընտրական շրջանում շոշափած քաղաքական ուժերին: Սարգսյանի խոսքով՝ դա քաղաքական ուժերի կողմից արվել էր իրենց վարկանիշը բարձրացնելու նպատակով: Հաշվի առնելով այն, որ բացառապես «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն էր նախընտրական շրջանում ԼՂ կարգավորման խնդիրը դարձրել ծրագրային հիմնադրույթ, ստացվում է, որ Սարգսյանի այդ հայտարարությունն ուղղված էր հենց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արձագանքում է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
-Պարո՛ն Զուրաբյան, Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին մեղադրել է, որ նախընտրական շրջանում ԼՂ հարցի շոշափման միջոցով ցանկացել են իրենց վարկանիշը բարձրացնել՝ ակնհայտորեն նկատի ունենալով Կոնգրեսին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սարգսյանի այդ հայտարարությունը:
-Պարզունակ դեմագոգիա է։ Ե՛ւ քաղաքագետները, ե՛ւ քաղաքական ուժերը կարծես կոնսենսուս ունեն այն բանի շուրջ, որ մեր այս քարոզարշավը, որը հիմնված էր խաղաղության ծրագրի վրա, վնասել է մեզ: Մենք գիտակցաբար գնացել ենք մի քարոզարշավի, որում ասել ենք ճշմարտությունը՝ մեր դիրքերը բավականին խոցելի դարձնելով: Ժողովրդավարական երկրում այդքան խոցելի չէինք լինի։ Օրինակ՝ Իսրայելը դեմոկրատական երկիր է, այնտեղ իսկապես ընտրությունների ժամանակ լինում է պայքար հակամարտության մեջ դիրքերն ավելի կոշտացնող քաղաքականության կողմնակիցների եւ խաղաղ կարգավորման կողմնակիցների միջեւ, դա սովորական պայքար է: Հայաստանում, ցավոք սրտի, դեմոկրատիայի փոխարեն ունենք համատարած ընտրակեղծարարություն, կոռումպացված համակարգ եւ իշխանությունների 95 տոկոսանոց վերահսկողության ներքո գտնվող լրատվական դաշտ: Նման միջավայրում մեր քաղաքական մեսիջը եղել է շատ խոցելի, եւ դրանից օգտվեցին իշխանությունները՝ ինչպես միշտ մի կողմ դնելով պետական մտածողությունը եւ ընտրակեղծարարության ու մանիպուլացիոն քարոզչական ռեսուրսը ուղղելով Կոնգրեսի դեմ:
-Սարգսյանի խոսքով՝ նախ փորձ կատարվեց վերակենդանացնել ԼՂ հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը: Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ…
-Նա փորձում է ասել, որ Կազանյան փաստաթուղթը, որը քննարկվել է 2011 թվականին, եւ իր պնդմամբ, դեռ մնում է ուժի մեջ՝ բանակցված լինելով իր պաշտոնավարման շրջանում, ավելի լավն է Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակցած տարբերակներից: Ժամանակին ես մի հոդված գրել եմ՝ համեմատելով ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցված տաբերակները եւ պատրաստվում եմ գրել այդ հոդվածի երկրորդ մասը, որն արդեն կներառի մադրիդյան եւ կազանյան տարբերակները: Հիմա ընդամենը ասեմ հետեւյալը։ Խոսելով 97 թվականի տարբերակի մասին՝ Սերժ Սարգսյանը միտումնավոր անտեսում է կարեւորագույն մի բան, այն է՝ որ այդ փաստաթուղը ստորագրում էին ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Ավելին՝ հստակ ասվում էր, որ Ադրբեջանը, Հայաստանը եւ ԼՂ-ն իրենց միջեւ եղած բանակցություններով կորոշեն ԼՂ-ի ապագա կարգավիճակը: ԼՂ-ն նման պայմանագրի ստորագրումով իսկ ստանում էր միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, ինչն արդեն նշանակում էր ԼՂ-ի ինքնորոշման ճանաչման այնպիսի մի մակարդակ, որ ո՛չ Կազանում, ո՛չ մադրիդյան փաստաթղթում չկա: Կարգավիճակի որոշման հարցում ԼՂ-ի իշխանությունները, ըստ էության, ստանում էին վետոյի իրավունք, մինչդեռ մադրիդյան եւ կազանյան տարբերակներում նման բան չկա, ավելին՝ ԼՂ-ն վերածված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի օբյեկտի:
-Բայց Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ այդ փաստաթղթով հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ եւ հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ: Այս մասին ի՞նչ կասեք:
-Եթե խոսքը անվտանգության երաշխիքների մասին է, ապա կազանյան կամ մադրիդյան փաստաթղթերում բացարձակապես ոչ մի էլեմենտ ավելացված չէ, դեռ մի բան էլ պակասեցված է։ 97-ի պլանում նախատեսված էր, որ պետք է պահպանվի Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Լաչինի ամբողջ շրջանի վրա /պայմանավորվածություն կար տարածելու այդ ռեժիմը նաեւ ամբողջ Քելբաջարի շրջանի վրա/, կազանյան փաստաթղթում պահպանվում է միայն Լաչինի նեղ միջանցքը։ Պլանով ոչ միայն հայկական ուժերը պետք է քաշվեին ետ, այլեւ ադրբեջանական, ընդ որում հավասարապես: Նման պնդում ո՛չ կազանյանում, ո՛չ մադրիդյանում չկա, իսկ 97-ին կար ե՛ւ բուֆերային գոտու ստեղծում, ե՛ւ ապառազմականացում, ե՛ւ բուֆերային գոտում միջազգային ուժերի տեղակայում: Իսկ ինչ վերաբերում է հեռանկարներին, դա նույնպես դեմագոգիա է: 97-ի փաստաթղթով Ղարաբաղը ոչ թե հեռանկարում, այլ արդեն իսկ ստորագրումով, ձեռք էր բերում մեծ կարգավիճակ՝ դառնալով միջազգային իրավունքի սուբյեկտ, իսկ իրենց ասած փաստաթղթերում Ղարաբաղը, նախ կորցնելով լիարժեք բանակցող կողմ լինելու իրավունքը, վերածվում է Հայաստանի եւ Ադրբեջասնի միջեւ ընթացող վեճի օբյեկտի, տրվող հեռանկարն էլ բավականին մշուշոտ է, էլ չասած, որ միտումնավոր անորոշ են թողնված հանրաքվեի անցկացման պայմանները եւ ժամկետները: Հանրաքվեի հետ կապված միակ հստակեցումն այն է, որ պետք է վերադառնա ԼՂ-ի ադրբեջանական բնակչությունը։
-Եւ վերջում, Դուք շարունակելո՞ւ եք խաղաղության այդ ծրագրով հանդես գալ:
-Ոչ մի բան չի փոխվել: Հայաստանի վերնախավն այսօր չունի պատասխան, թե ինչպես է դիմակայելու այս հակամարտությանը, երբ երկիրը չի զարգանում, չկան ներդրումներ, կա նման արտագաղթ: Սերժ Սարգսյանն ասում է 5 տոկոսանոց աճ մինչեւ 2040 թվականը: Նախ այդ աճը այսօր չկա, իրականում 2016-ի արդյունքներով մենք ունենք 0 տոկոս աճ, նշանակում է, որ մենք հիմա գտնվում ենք անկման վիճակում: Երկրորդը՝ «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերության հետազոտության համաձայն՝ Հայաստանում արտագաղթը դադարեցնելու համար անհրաժեշտ է ոչ թե 5, այլ 7 տոկոսանոց աճ: Ընդ որում, այսօրվանից սկսած, ոչ թե միջին թվաբանականով: Սակայն չկա նման աճ, եւ չկա նման աճի որեւէ նախադրյալ:

 

 

 

 

ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

Այն բանից հետո, երբ մայիսի 16-ին Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ԱԺ պատգամավոր ընտրվելու պատճառով հրաժարական տվեց, սպասվում էր, որ մոտ ժամանակներս Արտաշատում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Բայց արի ու տես, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Արտաշատում ընտրություններ չեն լինի:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ընտրական նոր օրենսգրքի կանոնակարգումներով մոտեցումներն այլ են. «Այսինքն՝ նշանակվում է արտահերթ ընտրություն, եւ սահմանվում է հետեւյալ կանոնը, որ արտահերթ ընտրությունները անցկացվում են ԿԸՀ-ի կողմից նախապես նշանակված ՏԻՄ-երի օրերին»,- ասաց Մուկուչյանը եւ պարզաբանեց, որ առաջիկայում ՏԻՄ ընտրությունների մեկ օրը սահմանված է հունիսի 18-ին, մյուս օրը նշանակված է նոյեմբերի 5-ին. «Հիմա եթե մենք խոսում ենք հունիսի 18-ի մասին, ապա այստեղ ակնհայտ է դառնում, որ ժամկետային առումով կան գործառույթներ, որոնք սկսված են, եւ հետեւաբար անհնար կլինի այդ ժամկետում հասցնել»: Մեր ճշտող հարցին՝ դա նշանակում է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 5-ի՞ն, Մուկուչյանը պատասխանեց.«Թերեւս, այո»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս երկու շաբաթ առաջ, հղում անելով իր աղբյուներին, նշել էր, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու կառաջադրվի ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Վերջինս Աբրահամյանների ազգականն է: Իսկ ՀՀԿ-ն ներկայումս հակված է առաջադրելու Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի թեկնածությունը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՆԿԱՐԱԾ ԱՃ
ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ միայն աճ ու առաջընթաց արձանագրելով:
ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5.7 տոկոս: Իսկ ահա ապրիլի նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.4 տոկոս: Նկատենք, որ արդյունաբերական ծավալի արտադրանքը հունվար-ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 12.9 տոկոսով աճել է: Փոխարենը գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներն են նվազել` 2.9 տոկոսով: Իսկ շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է. այս դեպքում նվազումը կազմում է 13.4 տոկոս: ՀՀ-ում առեւտրի շրջանառության ծավալներն են ավելացել` 12.1 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 0.1 տոկոս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը նույնպես այս տարվա չորս ամիսներին աճել է 15.1 տոկոսով, որից արտահանման աճը կազմել է 16.1 տոկոս, իսկ ներմուծմանը 14.6 տոկոս: Հատկապես այս վերջին ցուցանիշը տոկոսային առումով կարող է տպավորություն ստեղծել, թե արտահանման ծավալների աճը գերազանցել է ներկրմանը, բայց բացարձակ թվերով պատկերն այլ է. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արտահանվել է 608,4 մլն եւ ներկրվել 1 մլրդ 80,6 մլն դոլարի ապրանք: Այլ կերպ ասած՝ ներմուծումը, միեւնույն է, թվային արտահայտությամբ շարունակում է գերազանցել արտահանմանը, եւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն այս տարի կազմել է 472,2 մլն դոլար՝ 43.5 մլն դոլարով ավելին, քան նախորդ տարի էր:

 

 

ՊՈԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը հերթով դատական հայց է ներկայացնում մարզպետարանների դեմ՝ պահանջելով վերադարձնել իր պարտքերը: Այս անգամ «Սերմերի գործակալությունը» հայց է ներկայացրել Լոռու մարզպետարանի դեմ եւ պահանջում է մարզետարանից բռնագանձել 27 միլիոն 367 հազար 750 դրամ: Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ը նաեւ Սյունիքի մարզպետարանից էր իր պարտքերը պահանջում՝ շուրջ 250 միլիոն դրամ: Ասել է, թե մարզպետարանները ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գործող «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի պատճառով հայտնվել են տխուր իրավիճակում:

 

 

ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
Օրերս ԿԸՀ-ն կհաստատի Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ավագանու անդրանիկ նիստը տեղի կունենա հունիսի 8-ին: Այդ օրը ավագանին փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ կընտրի: Ըստ մանդատների հաշվարկի ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը կդառնա քաղաքապետ: Տեղեկացնենք, որ «Երկիր ծիրանին» ունի 5, «Ելք»-ը` 14, իսկ ՀՀԿ-ն` 46 մանդատ:




Լրահոս