Հարեւան Իրանում կայացան նախագահի 12-րդ ընտրությունները, որոնց արդյունքում ընտրվեց գործող նախագահ Հասան Ռոհանին: Հաշվի առնելով Իրանի նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաեւ այդ երկրի աշխարհաքաղաքական դերակատարությունը` բնական է այն մեծ հետաքրքրությունը, որ դրսեւորվում է այս երկրի քաղաքական կարեւորագույն իրադարձության շուրջ: Չպետք է մոռանալ նաեւ, որ Իրանը փակ երկիր է, որի քաղաքական կյանքի մասին Հայաստանում, որպես հարեւանի, այնքան էլ հստակ պատկերացում չկա:
Նկատենք, որ իսլամական գաղափարախոսությամբ պատված կառավարման համակարգի կրոնապետական առանձնահատկությամբ պայմանավորված` Իրանում նախագահի պաշտոնը աստիճանակարգությամբ երրորդն է: Դրա հետ մեկտեղ նախագահն է հանդիսանում պետությունն արտաքին հարաբերություններում ներկայացնող գործիչը` համակարգելով աշխարհիկ հարաբերությունները միջազգային ասպարեզում: Մայիսի 19-ին կայացած ընտրություններին մասնակցում էին 4 թեկնածուներ` գործող նախագահ Հասան Ռոհանին (57.13%), գերագույն առաջնորդին ընտրող Էքսպերտների խորհրդի անդամ Սայեդ Իբրահիմ Ռաիսին (38.30%), նախկին փոխնախագահ Մուսթաֆա Հաշեմիթաբան (0.52%) եւ նախկին մշակույթի նախարար Մուսթաֆա Միր Սալիմը (1.16%): Քվեարկությունից առաջ պայքարից դուրս եկած թեկնածուներն էլ երկուսն էին` Թեհրանի քաղաքապետ, 2013թ. Ռոհանիի հետ պայքարում պարտված Մոհհամադ Բաղեր Ղալիբաֆն ու Իրանի գործող փոխնախագահ Էշաք Ջահանգիրը: Առաջինը պայքարից հրաժարվեց` սատարելով Ռաիսիի թեկնածությունը, երկրորդը` Ռոհանիի: Հետաքրքիր է, սակայն, որ Թեհրանի քաղաքապետը սատարում էր ոչ թե գործող նախագահին, այլ նրա հիմնական մրցակցին, ինչը հայաստանյան ժողովրդավարության պայմաններում մի չլսված երեւույթ կարելի է որակել: Փաստորեն անգամ կրոնական կաշկանդվածությունը չի արգելում, որ Իրանում ժողովրդավարական ընտրություններ տեղի ունենան, եւ քաղաքական նախատրամադրվածությունների հարցում պաշտոնյաները ազատություն վայելեն: Հայաստանում, նույնիսկ մայրաքաղաքում էլ չէ, այլ մի որեւիցե քաղաքի քաղաքապետ եթե մտքի ծայրով իսկ անցկացնի չպաշտպանել Սերժ Սարգսյանին, կարճ ժամանակում այնպիսի խնդիրների կբախվի, որ անխուսափելի հրաժարականը կթվա ամենամեղմ հանգուցալուծումը:
Ինչեւէ, հարկ է նկատել, որ նախընտրական քարոզչության շրջանում Իրանում ընտրական գործընթացը ոչնչով չի զիջել արեւմտյան ընտրակարգին: Թեկնածուները միմյանց հետ բանավեճեր են ունեցել` քննելով պետության առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրները: Քաղաքականությանը, սոցիալական հարաբերություններին ու տնտեսությանը նվիրված բանավեճերը մեծ նշանակություն ունեն ինչպես արեւմուտքում, այնպես էլ Իրանում` պարզելու համար թեկնածուների իրական ունակություններն ու կարողությունը: Նկատենք, որ սկզբնական շրջանում վճռվել էր բանավեճերն ուղիղ եթերով չհեռարձակել, սակայն համընդհանուր դժգոհության պատճառով որոշումը վերանայվեց, եւ իրանցիները հնարավորություն ունեցան դիտարկելու նախընտրած թեկնածուներին պարզ լույսի ներքո: Յուրաքանչյուր բանավեճից հետո անցկացված հարցումները վկայում էին, որ գործող նախագահ Հասան Ռոհանին հետեւողականորեն մեծացնում էր իր աջակիցների շրջանակը: Եթե առաջին բանավեճից հետո Ռոհանիի օգտին տրամադրված էր ընտրողների 22 տոկոսը, ապա վերջին տվյալներով այդ թիվը հասել էր արդեն 42-ի: Կրկին հիշելով Հայաստանում ՀՀԿ-ի հաստատած «ազատ ու ժողովրդավարական» մթնոլորտը` փաստենք, որ 25 տարվա ընթացքում մեր երկրում նախագահի թեկնածուների միջեւ բանավեճ տեղի է ունեցել միայն մեկ անգամ, այն էլ երկրորդ փուլի նախօրյակին միայն: Մինչդեռ ՀՀ իշխանությունները հետեւողականորեն հրաժարվում են իրենց մրցակիցների հետ բանավիճելուց` թաքնվելով թիկնապահների ու գրպանային լրատվամիջոցների թիկունքում:
Նախագահ Հասան Ռոհանին ու Իրանում վերափոխումների ջատագովությամբ հանդես եկող նրա կողմնակիցները բավականին խելացի ընտրարշավ իրականացրին: Սկզբում հանդիպելով մրցակիցների պոպուլիստական քննադատությանն ու հարվածներին` Ռոհանիի թիմը վեհանձնորեն էր վերաբերում իրավիճակին: Սակայն զգալով, որ ամբոխահաճությունը գուցե թե գրավի նաեւ իրանցի ընտրողին, ռեֆորմիստները նույնպես սկսեցին թիրախավորված քննադատություն հնչեցնել իրենց մրցակիցների նկատմամբ: Ավելին` մտավախություն ունենալով, որ Իսլամական հեղափոխության Պահապանների խորհուրդը կարող էր անակնկալներ մատուցել եւ չգրանցել Ռոհանիի թեկնածությունը` միտված լինելով դադարեցնել ներհասարակական վերափոխումները, այս թեւը նախագահի թեկնածու առաջադրեց նաեւ փոխնախագահ Ջահանգիրին` ընտրություններում կատարված ու անշրջելի փաստի առաջ չկանգնելու նպատակով: Փոխնախագահը, ի վերջո, հրաժարվեց շարունակել ընտրապայքարը` Ռոհանիին թողնելով իբրեւ ռեֆորմիստների միասնական թեկնածու, որոնց սատարում էր նաեւ Իրանի նախկին նախագահ, հունվարին իր մահկանացուն կնքած Ռաֆսանջանին: Ի դեպ, թեկնածուներից Հաշեմիթաբան նույնպես հայտարարել էր Ռոհանիին պաշտպանելու մասին` մնալով հանդերձ ընտրապայքարի մեջ: Մինչդեռ մյուս թեկնածուները միասնաբար ներկայացնում էին պահպանողական ճակատը, որը փորձեց միավորվել Թեհրանի քաղաքապետի` ընտրապայքարից դուրս գալու ճանապարհով, սակայն ռեֆորմիստների վայելած աջակցությունը շատ ավելի մեծ էր, ինչն էլ պայմանավորեց ընտրությունների արդյունքները:
Հավելենք, որ Իրանում բավականին ազդեցիկ հայ համայնքը հանդես չէր եկել որեւէ թեկնածուի պաշտոնական սատարմամբ` նախընտրելով չեզոք դիրքորոշում որդեգրել, ինչը բավականին խելամիտ որոշում էր: Սակայն Իրանի ընտրությունների վրա ազդելու գործողությունների պակաս, թերեւս, չի եղել: Հատկանշական է արեւմտյան լրատվամիջոցների կողմից թմբկահարված իրադարձությունը, երբ Իրան էր այցելել Թաթարստանի նախագահ Ռուստամ Մաննիխանովը եւ հանդիպել պահպանողականների թեկնածու Իբրահիմ Ռաիսիի հետ: Արեւմտյան ԶԼՄ-ները նրան անվանել են «Պուտինի պատվիրակ»: Այդուամենայնիվ, միջամտությունները գործնական արդյունք չեն ապահովել, եւ արեւմուտքը, հանձին Ռոհանիի ընտրության, կարող է հանգիստ շունչ քաշել:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՏՆՕՐԵՆԻՆ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում աշխատանքից ազատված դպրոցների տնօրենների շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Տեղեկացնենք, որ ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են քաղաքի թիվ 5 եւ թիվ 4 դպրոցների տնօրենները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները դեմ են դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ մարզպետի որոշմանը: Նրանք նույնիսկ այդ առիթով բողոքի ակցիա էին անցկացրել: Սակայն անարդյունք: Մարզպետի որոշումն անփոփոխ էր մնացել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետի տեսադաշտում է հայտնվել նաեւ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանը: Վերջինս մարզպետի՝ մայիսի 15-ի որոշմամբ ազատվել է աշխատանքից: Ազատման պատճառը Ն. Մուրադյանի պաշտոնավարման 5 տարին լրանալն է: Արարատի մարզպետարանից տեղեկացանք, որ այժմ թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Սոնիկ Դավթյանն է: Այս նշանակումը խիստ մտահոգել է ե՛ւ դպրոցի ուսուցչական կազմին, ե՛ւ սաների ծնողներին, ինչի առիթով նրանք նույնիսկ հանդիպել են մարզպետի հետ եւ պահանջել հետ վերադարձնել իրենց տնօրենին` Նարինե Մուրադյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպմանը մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտարարել է, թե գոհ է Ն. Մուրադյանի աշխատանքից եւ վստահ է, որ նա կհաղթի առաջիկայում կայանալիք մրցույթում եւ կշարունակի պաշտոնավարումը: Սակայն ուսուցչական կազմն ու սաների ծնողները մտավախություն ունեն, որ Ն. Մուրադյանին տնօրենի պաշտոնակատար չնշանակելը ունի քաղաքական ենթատեքստ, եւ չի բացառվում, որ մրցույթի արդյունքում նա չվերընտրվի: Ի դեպ, նրանք այս առիթով երեկ պետք է բողոքի ակցիա անցկացնեին, սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ակցիան տեղի չի ունեցել, քանի որ դպրոցի նախկին սաներից մեկը մահացել է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
2011թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի Մ-6 ճանապարհի 83-րդ կիլոմետրում՝ Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, միջպետական ավտոճանապարհից վերեւ գտնվող սարը փլուզվեց, որի հետեւանքով 5 հոգի հայտնվելով հողի եւ քարի մեծ շերտի տակ՝ զոհվեց: Նրանցից մեկի՝ 1973թ. ծնված Արմեն Սորսումատյանի այրին՝ Աբովյան քաղաքի բնակչուհի Նաիրա Սորսումատյանը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վնասի փոխհատուցման պահանջով դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ Տավուշի մարզի Լճկաձոր համայնքին: Ավտոմեքենան պատկանել է Արմեն Սորսումատյանին, սարի փլուզումից հետո նա այդ ավտոմեքենայի մեջ է մահացել: Հայցվորը դատարանին հայտնել է, որ «Մերսեդես Բենց» ավտոմեքենան իրենք գնել էին պարտքերով: Ապրանքագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ ավտոմեքենային պատճառված վնասը կազմում է 2 միլիոն 500 հազար դրամ: Ն. Սորսումատյանը հայցում նշել է, որ սարի փլուզման հետեւանքով որբ են մնացել իր մանկահասակ 3 երեխաները՝ 1996թ. ծնված աղջիկը, 1999 եւ 2005 թվականներին ծնված տղաները: Սարի փլուզման առթիվ 2011թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, 2012թ. մարտի 26-ին այդ քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության պատճառով: Ն. Սորսումատյանը դատարանին հայտնել է, որ Տավուշի մարզպետարանը փոխհատուցել է փլուզման հետեւանքով Տավուշի մարզի բնակիչների ավտոմեքենաներին պատճառված վնասը, իսկ իրեն մերժել է Տավուշի մարզի բնակիչ չլինելու պատճառաբանությամբ: Հայցվորը հայտնել է, որ փորձագիտական եզրակացության համաձայն՝ տեղի ունեցածը ոչ թե սողանք է եղել, այլ փլուզում, որն առաջացել է փլված հատվածի վրա գտնվող այգիների երկար, առանց հսկողության ջրելու, 1986թ. կառուցված, 500 մմ տրամագծով ստորգետնյա վթարային ջրատար խողովակից ջրի առատ հոսքի հետեւանքով: Փլուզման համար պատճառ է եղել նաեւ այն, որ ճանապարհի այդ հատվածում կուտակված է եղել բարձված 35 մեծ բեռնատար: Սորսումատյանների ընտանիքը մետաղի ջարդոն դարձած ավտոմեքենային պատճառված վնասի փոխհատուցման խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, Երեւանի քաղաքապետին, սակայն նրանց խնդրանքը չի բավարարվել: Այս քաղաքացիական հայցով գործի քննությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2014թ. հոկտեմբերի 17-ից: 2017թ. մարտի 1-ին նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը վճռել է հայցը բավարարել եւ Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության եւ Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի, հօգուտ հայցվոր Ն. Սորսումատյանի բռնագանձել «Մերսեդես Բենց» ավտոմեքենային պատճառված վնասը՝ երկուսուկես միլիոն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությունը վերաքննիչ բողոք է բերել: Քաղաքացիական վերաքննիչ դատարանում այդ գործով քննությունը շարունակվում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ