ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՀԱՂՈՐԴ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները երեկ Բաթումիում ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել՝ միաժամանակ պայմանավորվելով ամռանն անցկացնել համատեղ զորավարժություններ, իսկ արդեն աշնանը հանդիպում կազմակերպել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջեւ: Փաստորեն պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացումը շարունակվում է. ավելի վաղ Հայաստանը սկսեց մեկուսանալ տնտեսական ծրագրերից. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շրջանցում է Հայաստանը, շուտով շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որի կառուցումը տեւեց տասը տարի, եւ հիմա սա եւս կշրջանցի Հայաստանը:
Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները որեւէ լուրջ քայլեր չեն անում մեկուսացման վտանգները չեզոքացնելու կամ գոնե բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Եթե նկատի ունենանք իշխանությունների վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը, ապա տեղի ունեցածը նույնիսկ բնական կարելի է համարել. ի վերջո, Սերժ Սարգսյանը ձախողվել է արտաքին քաղաքականության նախաձեռնություններում, ձախողվել ԱԳ իր նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, դե, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է դիվանագիտությունից բացարձակապես հեռու անձնավորություն՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որը բացարձակ անհաղորդ է ստեղծված վիճակին:

 

 

 
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռեւս չի փակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ իրականում այդ խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում: Այդ երկրում են պիտակավորվում նաեւ մերձարեւադարձային մրգեր, այդ թվում՝ կիվի: Պարզվում է՝ այս օրերին մաքսային տեսուչներն արգելում են Հայաստան ցանկացած տեսակի խնձորի ներկրումը, եթե դրանց վրա չկան պիտակներ՝ ապահովության համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում չկա Ադրբեջանից ու, առհասարակ, որեւէ երկրից որեւէ ապրանք ներկրելու իրավական սահմանափակում. ժամանակին նման արգելք եղել է 2009թ. գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հրամանով, որը, սակայն, Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսին չեղյալ էր հայտարարել: Հետաքրքիրն այն է, որ այս աղմուկից հետո անգամ ադրբեջանական ծագման ապրանքներն արգելելուն ուղղված որեւէ իրավական ակտ չկայացվեց, փոխարենը սահմանին շարունակվում են կամայական գործողությունները՝ ֆեյսբուքյան հասարակության դժգոհությունը չհարուցելու զգուշավորությունից դրդված:

 

 
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետեւաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել: Նման հանձնարարական Մկրտումյանն իջեցրել է այն բանից հետո, երբ կաշառք վերցնելու համար ձերբակալվեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը, ավելի վաղ ձերբակալվել էր Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանը: Նույն աղբյուրների պնդմամբ՝ դատավորները Մկրտումյանի հանձնարարականը համարում են շոու, եւ ասել են, թե իրենց չպետք է բացատրել՝ որ արարքն է քրեորեն պատժելի արարք, որը` ոչ, առավել եւս, երբ իշխանությունն ինքը կոռումպացված է:

 

 

 
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճի ծավալները սկսել են դանդաղել: Օրերս ԱՎԾ-ն հրապարակեց այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալները, ըստ որի՝ արդյունաբերությունն աճել էր 12.9 տոկոսով: Միայն թե այդ աճը եղել է մինչեւ ապրիլ ամիսը, որից հետո իրավիճակը կտրուկ նվազել է: Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ապրիլին, մարտի համեմատ, պակասել են 7 տոկոսով: Մեկ հետաքրքիր փաստ եւս. սկսել են նվազել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները. փետրվարի համեմատ մարտին այն պակասել էր 3.6 տոկոսով, իսկ ապրիլին, մարտի համեմատ, 11.4 տոկոսով: Մինչդեռ ձմռան ամիսներին այս ոլորտում աննախադեպ աճ էր գրանցվել: Պատճառը պարզ էր. հիմնական օգտագործողները եղել են ոչ թե արդյունաբերական ձեռնարկությունները, այլ բնակիչները. սարսափելի ցուրտ ձմեռ էր, որի պարագայում մարդիկ ստիպված էին տաքանալու համար ավելի շատ էլեկտրաէներգիա օգտագործել:

 

 

 
ՇՈԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ
Խորհրդարանական ընտրություններում ի սկզբանե բավականին մեծ հավակնություններով հանդես եկած ՕՐՕ դաշինքի առաջնորդները ապրիլի 2-ին կրած ջախջախիչ պարտությունից հետո, բառիս բուն իմաստով, անհետացան՝ որեւէ հրապարակային խոսքով հանդես չգալով: Եթե մինչ այդ սպասվում էր, որ նրանք կնախաձեռնեն հետընտրական ակտիվ գործընթացներ, անգամ առաջնորդների կողմից հնչում էին հայտարարություններ, թե իրենք այս անգամ մինչեւ վերջ են գնալու, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո եղավ ընդամենը հայտարարություն, որ այս փուլում հետընտրական պայքար ծավալելու հանրային պահանջ չկա:
Ինչեւէ: Ըստ երեւույթին հաղթահարելով հետընտրական առաջին շոկը՝ ՕՐՕ-ի առաջնորդները կարծես թե կամաց-կամաց փորձեր են անում քաղաքական կյանք վերադառնալու: Մասնավորապես Սեյրան Օհանյանի՝ Ռուսաստան արտագաղթելու մասին տարածված եւ տեւական ժամանակ չհերքված տեղեկությունները երեկ ոչ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքեց նրա տիկինը՝ Ռուզան Խաչատրյանը: «Սրանք երեւի թե մամուլի ենթադրություններն էին: Դուք գիտեք, որ ինքը երկար տարիներ մեր ռազմաքաղաքական պատասխանատուներից մեկն է եւ չի դադարի երբեւիցե լինելուց: Չեմ կարծում»: Թե ինչ ասել է՝ պաշտոնաթող գեներալը չի դադարի ռազմաքաղաքական պատասխանատու լինել, դժվար է միանշանակ ասել: Արդյոք նախկին ՊՆ նախարարի գերակտիվ կինն այս հայտարարությամբ ակնարկում էր Օհանյանի՝ իշխանական Օլիմպոս վերադարձի հնարավորության մասին, թե նա պարզապես նկատի ուներ այն, որ Օհանյանը պաշտոնից հեռանալով՝ չի դադարում լինել կրողը գերգաղտնի տեղեկատվության եւ այդպիսով մնալ ռազմաքաղաքական պատասխանատու, թերեւս պարզ կդառնա առաջիկայում: Համենայն դեպս, Սեյրան Օհանյանի՝ Հայաստանում լինելու փաստի արձանագրումն, այն էլ նման նրբին ակնարկով, ուշագրավ է:
Էլ ավելի ուշագրավ է այն, որ հենց երեկ որոշեց իր մասին հիշեցնել ՕՐՕ դաշինքի մեկ այլ առաջնորդ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մասնավոր միջոցառումներից մեկի ժամանակ պատրաստակամորեն պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ հայտարարեց, թե պատրաստ է համագործակցել ընդդիմադիր լայն դաշտի հետ՝ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական: Ամբողջ հարցն այն է, թե ներկայիս իրավիճակում Հովհաննիսյանի հետ համագործակցելն այլեւս ում է հետաքրքիր լինելու՝ հաշվի առնելով այն, որ նրա «Ժառանգություն»-ից մնացել են փշրանքներ: Հովհաննիսյանը, սակայն, անհրաժեշտ համարեց հիշեցնել. «Ելք»-ը եկել է, ուր որ եկել է, որովհետեւ ունեցել է նախորդներ, ունեցել է օրինակներ: …Պետք չէ մեծամտանալ: …Թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Զարուհի Փոստանջյանը շատ բան սովորել են «Ժառանգությունից»:
Մնում է սպասել, թե ինչպես իր մասին կհիշեցնի ՕՐՕ-ի վերջին Օ-ն՝ Օսկանյանը:




Լրահոս