Հայաստանը շարունակում է մեկուսանալ տարածաշրջանային ծրագրերից: Բանն այն է, որ հարեւան երեք պետությունները՝ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը, եռակողմ ձեւաչափով համագործակցության նոր ֆորմատ են նախաձեռնել, այս անգամ՝ ռազմաքաղաքական ոլորտում:
Երեկ Բաթումիում տեղի է ունեցել երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Նրանք ստորագրել են ռազմական համագործակցության հուշագիր, միաժամանակ, նաեւ պայմանավորվել են առաջիկայում, հավանաբար, հունիս-սեպտեմբեր ամիսներին, համատեղ զորավարժություններ անցկացնել, իսկ արդեն աշնանը հանդիպում կազմակերպել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջեւ:
Մինչ այդ առանձին երկկողմ հանդիպում է կայացել Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիայի ու Զաքիր Հասանովի միջեւ. նրանք քննարկել են ռազմական համագործակցության հարցեր: Եւ ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, նախարարները պայմանավորվել են խորացնել եւ ամրապնդել երկկողմ ռազմական համագործակցությունը, հատուկ կարեւորվել է աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանը՝ հաշվի առնելով տարածքային խնդիրները, որ ունեն Ադրբեջանն ու Վրաստանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին հարեւաններից միայն երկուսի հետ ռազմական այս համագործակցությունը պայմանավորում է «տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովմամբ»:
Հարեւան Վրաստանը, իհարկե, իր սեփական շահերն ունի, եւ այդ շահերի շրջանակներում էլ կառուցում է հարաբերություններն այլ պետությունների, այդ թվում՝ հարեւան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Սակայն նույն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են Արցախյան հակամարտության պատճառով: Եւ այս իրավիճակում շատ մեծ է հավանականությունը, որ սահմանակից երեք երկրների համագործակցությունն ինչ-որ պահի կարող է հենց մեր դեմ շուռ գալ, թեկուզ եւ անուղղակի կերպով (առավել եւս, երբ Թուրքիան ու Ադրբեջանը տարեցտարի ավելացնում են Վրաստանի տնտեսության մեջ ներդրումները՝ արդյունքում աննկատ, կամաց-կամաց ստանալով այդ երկրի քաղաքական կյանքի վրա ազդելու լծակներ):
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ սահմանակից չորս պետություններից երեքը համագործակցում են միասնական ձեւաչափով ամենատարբեր ծրագրերի շուրջ, ընդ որում, այդ համագործակցությունը գնալով միայն խորանում է, իսկ ինքդ անհաղորդ ես մնում այդ ամենին: Մեղմ ասած, տխուր պատկեր է ստացվում. այդպես Հայաստանը տարեցտարի օտարվում է տարածաշրջանից, իր հարեւան պետություններից՝ հայտնվելով իզգոյի կարգավիճակում:
Այս իրավիճակն, իհարկե, նոր չի ստեղծվել: Տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացումը սկսվել էր շատ ավելի վաղ՝ դեռ 2000-ականների սկզբից. պարզապես մինչեւ հիմա Հայաստանը դուրս է մնացել տնտեսական ծրագրերից: Ինչպես հայտնի է՝ տարվա ընթացքում նախատեսված է շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, եւ արդյունքում արեւելքի ու արեւմուտքի միջեւ կապն իրականացվելու է՝ շրջանցելով Հայաստանը: Երկաթուղու գործարկման մասին երեկ հայտարարել է նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմի հետ հանդիպման ժամանակ:
Շատ ավելի վաղ գործարկվել էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով՝ կրկին շրջանցելով Հայաստանը: Ու հիմա հերթը հասել է տարածաշրջանային ռազմաքաղաքական ծրագրերից մեկուսանալուն: Ու սա գլխավորապես Արցախյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառով:
Այս ամենի մեջ, սակայն, կարեւոր է մեկ այլ հանգամանք. ի՞նչ է անում Հայաստանը մեկուսացման վտանգները չեզոքացնելու կամ գոնե բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Ոչինչ կամ գրեթե ոչինչ: Մինչեւ հիմա հայկական կողմն այդպես էլ չի արձագանքել հարեւան երկրների՝ եռակողմ ձեւաչափով միջոցառումներին: Բայց եթե նկատի ունենանք փաստը, որ այսօր Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է դիվանագիտությունից բացարձակապես հեռու անձնավորություն՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, եւ ընդհանրապես, Հայաստանի իշխանությունները վարում են բացարձակ ապաշնորհ քաղաքականություն, ստեղծված անբնական իրավիճակը կարելի է բնական համարել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՀՐԱՀԱՆԳԵԼ Է
Մայիսի 7-ին, երբ զորամասից առանց թույլտվության «ՈՒԱԶ» մեքենայով երեք զինծառայողներ հեռացան զորամասից եւ Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկան գետն ու ջրահեղձ եղան, սթափության ազդակ է եղել ՊՆ ղեկավար կազմի համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանությանը հրահանգել է ցանկացած վայրում զինծառայողների կամ պաշտպանության նախարարության մեքենաներ տեսնելիս կանգնեցնել եւ ստուգել այն, մասնավորապես ստուգել վարորդների սթափությունը:
Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Չնայած վերջինս նշեց, որ նման հրահանգ շատ վաղուց կա, եւ դա մշտապես պետք է կատարվի, բայց նաեւ ասաց. «Շատ նորմալ է: Ցանկացած միջադեպից հետո պաշտպանության նախարարությունն այնպիսի կառույց է, որ ուսումնասիրություններ է կատարվում եւ հրահանգներ է իջեցվում կարգապահությունը բարելավելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման լիցենզիա է տալու: Նշենք նաեւ, որ որոշ ժամանակ առաջ գործադիրը որոշում է կայացրել նաեւ այս ընկերությանը հարկային արտոնություն տրամադրել՝ ներդրումային ծրագրի շրջանակում երեք տարով հետաձգելով ընկերության կողմից ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Քանի որ մեր երկրում մշտապես նման արտոնություններից օգտվում են բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին պատկանող ընկերությունները, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ում է պատկանում այս ընկերությունը, որ միշտ կարողանում է օգտվել արտոնություններից: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ այս ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ, այսինքն՝ լիցենզիա ստանալ պատրաստվող ընկերությունը լուծարման փուլում է գտնվում: Ստացվում է՝ գործադիրը ոչ միշտ է ուսումնասիրում այն կազմակերպություններին, որոնց որոշում է լիցենզիա տրամադրել:
ԵՌԱՇԵՐՏ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը միայն կենցաղային ապրանքներ ձեռք բերելու համար ծախսել է ավել քան 1 մլն 415 հազար դրամ: ՎՊ-ն պայմանագիր է կնքել «Հաղթանակ 2000» ընկերության հետ: Ըստ այդմ, Վերահսկիչ պալատը գնել է ձեռքի օճառ, տարբեր գույներ ունեցող հեղուկ օճառ, երկշերտ կամ եռաշերտ զուգարանի թուղթ՝ ռուլոնով, որը պետք է պատրաստված լինի լրագրաթղթից, թղթե անձեռոցիկ` երկշերտ, հեղուկ լվացող միջոց` աման լվանալու հեղուկ եւ այսպես շարունակ:
ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵՑ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանին նշանակելու մասին: Հովսեփյանը 2008-ից 2016թ. մարտը աշխատել է նույն պաշտոնում, որից հետո նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ:
ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, հայտարարել է ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստի ընթացքում: Պաշտոնական Բրյուսելը վերահաստատել է հայ-թուրքական հաշտեցմանն աջակցելու իր պատրաստակամությունը՝ կոչ անելով կողմերին ներգավվել այդ գործընթացում առանց նախապայմանների: «Եվրամիությունն ուզում է ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Մենք արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն ենք, ամենամեծ միջազգային դոնորը, եւ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, դատական համակարգի, մարդու իրավունքների ոլորտի, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Հարցեր, որոնք շատ հստակ եւ հրատապ են Հայաստանի քաղաքացիների համար , – հանդիպման ավարտին հայտարարել է Մոգերինին՝ հավելելով, – մենք քննարկել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եվրամիության համոզմամբ՝ ստատուս քվոն անկայուն է, եւ անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքների համաձայն: Եվրամիությունը շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները»:
ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Մանչեսթր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ: Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում համերգի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 22 մարդ է մահացել, ավելի քան 59-ը՝ վիրավորվել են:
ՀԱԿ-Ի ՀԵՏ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Մայիսի 23-ին «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Քննարկվել են ԱԺ ընտրություններից հետո ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը, տնտեսական զարգացման հնարավորությունները, Ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, եւ արժեւորել նման ամուր կապերի պահպանումը նաեւ ապագայում:
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: