ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի կաշառքի գործով կալանավորումից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հատուկ հանձնարարական է տվել:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 11-ին Արարտի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճներից մեկում կաշառք վերցնելու պահին կալանավորվել էր դատավոր Լեւոն Արազյանը: Վերջինիս անձամբ կաշառք էր տվել Վեդու քաղաքի բնակիչ Գրիգոր Շմասուրյանը: Չի բացառվում, որ դատավորը անձամբ է Գրիգոր Շմասուրյանին ասել, որ կարող է ազատազրկման չդատապարտել, այլ կարող է սահմանափակվել տուգանքով, եթե նա մի կլորիկ գումար՝ 600 ԱՄՆ դոլար տա իրեն, որն էլ եղել էր չարաբաստիկ կալանավորման պատճառը:
Այն, որ դատական համակարգում սա միակ աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումը չէ, գաղտնիք չէր ոչ ոքի: 2014 թվականին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 20 հազար դոլար կաշառքի համար ազատազրկման դատապարտվեց 8 տարի ժամկետով, 2016 թվականին 1000 դոլար կաշառք վերցնելու համար կալանավորվեց նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, որի գործով դատական քաշքշուկները դեռեւս շարունակվում են: Իհարկե, դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Բայց դրանից իրավիճակը չի փոխվում:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի կալանավորումից հետո անհատապես զանգահարել է ՀՀ բոլոր դատարանների նախագահներին եւ հանձնարարել, որ զրուցեն դատավորների հետ, բացատրեն, որ նման քայլերի չգնան, քանի որ նմանօրինակ դեպքերը վնասում են համակարգի հեղինակությունը: Ավելին՝ նա նշել է, որ միգուցե նմանօրինակ զրույցները կօգնեն դատավորներին՝ հասկանալու, թե ինչ է սպասվում իրենց կաշառք վերցնելու դեպքում:
Իհարկե, դատարանների նախագահներից շատերը չեն հակադրվել Արման Մկրտումյանի հրահանգին, սակայն նշել են, որ դատավորները, լինելով օրենքի գիտակ մարդիկ, իրենք էլ լավ գիտեն կաշառք վերցնելու հետեւանքները, միթե նրանց պետք է բացատրել: Այնուամենանիվ, նրանք խոստացել են անպայման խոսել դատավորների հետ եւ բացատրել անզգուշ կաշառակերության սպասվելիք հետեւանքները:
Մեզ լուրեր հասան, որ դատարանների նախագահները Արման Մկրտումյանի զանգից հետո սկսել են դատավորների հետ զրույցներ իրականացնել՝ փորձելով բացատրել իրավիճակի լրջությունը: Սակայն դատավորներից շատերն էլ, լսելով դատարանների նախագահների զգուշացումը, համարել են շոու:
«Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի դատարանների նախագահներից պարզել՝ կատարե՞լ են Արման Մկրտումյանի հորդորը: Սակայն հարցը լսելուն պես շատերը հրաժարվեցին պատասխանել՝ հորդորելով դիմել դատական դեպարտամենտ: Իսկ ահա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը, անդրադառնալով Արման Մկրտումյանի հորդորին, որ անձամբ խոսեն դատավորների հետ, ասաց. «Ես զարմանում եմ՝ ի՞նչ է նշանակում հորդորել, նման խոսակցություն չի էլ եղել, բոլորն էլ գիտեն, որ դա չի կարելի, կամ չի կարելին ո՞րն է, բոլորն էլ գիտակից մարդիկ են»:
Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ դատական դեպարտամենտ, ինչին ի պատասխան՝ ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը հայտնեց. «ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ դատարանների նախագահների հետ տեղի ունեցող բոլոր աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների ժամանակ, ի թիվս օրակարգային եւ ընթացիկ հարցերի, քննարկման առարկա են դառնում կոռուպցիոն դրսեւորումներին խստագույնս հակազդելու եւ, ընդհանրապես, դատական համակարգին անհարիր ցանկացած հակաօրինական երեւույթ օպերատիվորեն վերացնելուն ուղղված քայլերն ու մեխանիզմները»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՏԻԺ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԻՆ
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկություն կատարելու համար երկրորդ կինը 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտվեց: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Սիրվարդ Թովմասյանը ժամը 10:02-ին գնացել էր Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 11/41 տեղամաս, սահմանված կարգով մեկ անգամ քվեարկել էր: Բայց զգացել էր, որ մեկ անգամը քիչ է, նույն օրը՝ ժամը 14:49-ին, կեղծ փաստաթղթով կրկին էր գնացել նույն ընտրատեղամաս: Գրանցվելու համար նա անձնագիրը հանձնել էր նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող եւ տեխնիկական սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, սակայն տեխնիկական սարքով անցկացնելու ժամանակ միացել էր նույնացնող սարքի ազդանշանը, եւ սարքը տպել էր կրկնակի գրանցման փորձի կտրոն: Այս արարքի համար Սիրվարդ Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի` հանցափորձ, եւ 154-րդ հոդվածի` կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով հատկանիշներով:
Այս գործը քննվում էր Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես տեղեկացանք՝ մինչեւ դատաքննություն սկսելը ամբաստանյալ Սիրվարդ Թովմասյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Արդյունքում գործը նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը դատական քննությունը իրականացրել է արագացված եւ մայիսի 17-ին հրապարակել է այս գործով վճիռը. Սիրվարդ Թովմասյանը ազատազրկման է դատապարտվել 2 տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ դատավորը սահմանել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Ս. Թովմասյանի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության տարածքային մարմնի վրա` պարտավորեցնելով նրան` առանց այդ մարմնի թույլտվության չփոխել մշտական բնակության վայրը եւ այդ մարմնի կողմից նշանակված օրերին ներկայանալ տարածքային մարմին: Նշենք, որ Լոռու մարզի բնակիչ Բավական Բարսեղյանը եւս պայմանական ազատազրկման էր դատապարտվել երկու տարի ժամկետով: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, խորհրդարանական ընտրությունների օրը կրկնակի քվեարկություն իրականացրած անձինք կարողանում են ջրից չոր դուրս գալ, նրանց նկատմամբ մեղմ պատիժ է սահմանվում, որն էլ վերջում չի կիրառվում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
Ֆելիքս Մելիքյանը նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչեւ սահմանված կարգով այդ հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշանակելը։

 
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Մայիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի եւ ելույթ կունենա Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական բռնությունների զոհերը» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։

 

 

ԵՐԵԽԱՆ՝ ՏՈՊՐԱԿԻ ՄԵՋ
Մայիսի 15-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ.-ն: Նա խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել եւ դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել:

 

 

ԴԱՏԱԽԱԶԻՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկել հայտնի «Զիբիլիկսի» գործով նյութերը: Խոսքը ՀՀԿ ցուցակով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբից դուրս բերված եւ աղբամանը նետված, ապա «Ելք» դաշինքի ներկայացուցիչների կողմից հայտնաբերված սկանդալային թղթերի մասին է, որոնցից ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրում է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:

 

 

ԱՆՀԵԹԵԹ ՊԱՏՃԱՌՈՎ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի տեսակցությունների սահմանափակման բողոքի քննությունն անորոշ ժամկետով հետաձգել է: «Պատճառը շատ անհեթեթ էր, նիստից տասնհինգ րոպե առաջ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը գրություն էր բերել դատարան՝ հայտնելով, քանի որ Լամբարյանին առաջադրված մեղադրանքով գործը գտնվում է Էրեբունու դատարանում, Լամբարյանի ներկայությունն իրենք չեն կարող ապահովել, հետեւաբար Արաբկիրի դատարանը պետք է դիմի Էրեբունու դատարան, որ տեսակցությունների սահմանափակման մեր բողոքի քննությանը Արմեն Լամբարյանի մասնակցության խնդրանքը բավարարվի»,- Aravot.am-ին ներկայացրել է Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

 

 

ՄԵԿ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից միայն մեկի ներկայացուցչի ինքնաբացարկի դիմումն է ստացել. խոսքը «Ելք» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով՝ Երեւանի ավագանու նիստը տեղի է ունենալու նախորդ ավագանու լիազորությունների դադարեցման օրը: Հանձնաժողովը Երեւանի ավագանու անդամների վկայականները կհանձնի միայն բողոքարկման վերջնաժամկետի ավարտից հետո:




Լրահոս