Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքը թերեւս ամենից նպաստավորն էր թե՛ Իրանի, թե՛ արեւմուտքի, թե՛ տարածաշրջանի համար: Ռեֆորմիստների թեկնածու Հասան Ռոհանիի հաղթանակը նշանակում է, որ առաջիկա 4 տարիներին Իրանում կշարունակվեն կենսական վերափոխումները` չդանդաղեցնելով երկրի զարգացման տեմպերը: Ռոհանիի հաղթանակն առաջին հերթին մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար, եւ Հայաստանն այս առումով շահեկան դիրքերում է:
Անշուշտ, ինչպիսին էլ լինի նախագահի պաշտոնի սահմանադրական լիազորությունների շրջանակը, դրա ֆունկցիոնալիզացիան կապված է նախագահի անձնական հատկանիշների ու ունակությունների հետ: Եվ եթե նախորդ նախագահ Ահմադինեժադի օրոք Իրանի եւ արեւմուտքի հարաբերությունները չափազանց լարված էին, եւ նույնիսկ ինչ-որ մի պահի Իրաքի պատերազմից հետո իրական էր թվում ամերիկյան նոր հարձակումն Իրանի նկատմամբ, ապա Հասան Ռոհանիի նախագահության շրջանում իրավիճակը անհամեմատելի է: Նախ՝ 2015թ. արեւմուտքի եւ Իրանի միջեւ կնքվեց Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագիրը, որով լարվածությունը երկու կենտրոնների միջեւ մեծապես թուլացավ: Եվ այդպիսի արդյունքը մասամբ պայմանավորված էր նաեւ Ռոհանիի անձով, որը ասես յուրօրինակ միջնորդ դարձավ արեւմուտքի ու Իրանի իսլամական պահպանողական շրջանակների միջեւ: Ռոհանիին հաջողվեց համոզել արեւմտյան երկրներին եւ իր պետության ներսում իրական իշխանությամբ օժտված Պահապան խորհդին ու Իրանի գերագույն առաջնորդին զիջումների գնալ եւ խուսափել առճակատումից, որը աղետալի հետեւանքներ կունենար բոլոր կողմերի համար: Այս առումով Ռոհանիի թե՛ քաղաքական դերակատարությունը, թե՛ անձնական կարողությունները դեռ կարող են մեծ նշանակություն ունենալ Իրանի զարգացման համար` պահպանելով հանդերձ իսլամի հոգեւոր ներկայությունը եւ այն զուգակցելով արեւմտյան երկրների հետ կայուն, դեպի համագործակցությանը միտված հարաբերություններին: Թեպետ Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականության իրացնողն այլեւս դեմկորատները չեն, իրավիճակը հազիվ թե լուրջ փոփոխություններ կրի այս առումով: Իսրայելում ԱՄՆ նախագահ Թրամփը կոչ էր արել Իրանին զերծ մնալ ահաբեկչությունը հովանավորելուց, սակայն սա վաղուց դասվում է դասականացված հայտարարությունների շարքին եւ գործնական հետեւանք ունենալ չի կարող, առավել եւս, որ այդպիսի ապացույցներ հայտնի էլ չեն: Ի վերջո, Թրամփի վարչակազմը վերջերս էր հայտարարել, որ Իրանը կատարում է Միջուկային համապարփակ համաձայնագրի իր պարտավորությունները:
Ինչեւէ, իսլամի նշանակալից ներկայությամբ եւ թելադրող դերով հանդերձ` Իրանը տարածաշրջանում գրեթե միշտ էլ փայլել է հավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ: Այս հանգամանքը հատկապես մեծանշանակ է Հայաստանի համար, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ էլ գտնվում է կիսապատերազմական վիճակում: Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Իրանը ջանքեր է գործադրում 1990-ական թթ. ի վեր: Հայտնի փաստ է, որ երբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում բանակցում էին Ռաֆսանջանիի միջնորդությամբ, հայկական զինված ուժերը ազատագրում էին Շուշին: Ըստ էության, վերջինս էլ սասանեց Իրանի միջնորդության հաջողությունը, սակայն, բարեբախտաբար, լրջագույն հետք չթողեց ԼՂ հակամարտության նկատմամբ Իրանի մոտեցման վրա: Իրանը շարունակում է պահպանել իր հավասարակշիռ կեցվածքը եւ տեղ-տեղ էլ հանդես է գալիս Ադրբեջանի դիրքորոշմանը հակադրվող վարքով: Օրինակ՝ Իրանի պաշտպանության նախարարը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պիտի իրենց խնդիրները լուծեն միասնաբար, առանց երրորդ ուժերի ներգրավման: Սա հստակորեն ադրբեջանամետ կարծիք չէ` հաշվի առնելով Մինսկի խմբի նախագահությունից հրաժարվելու ու հակամարտության լուծումը այլ ատյաններ փոխադրելու Ադրբեջանի ջանքերը: Բնական է, որ Իրանը նման դիրքորոշում ունի բացառապես իր պետական շահերից դրդված, այլ ոչ թե Հայաստանի մասին հոգալու պատճառով: Եվ ահա այստեղ է, որ խելացի քաղաքական վերնախավը պետք է տեսնի փոխշահավետ այն կետերը, որտեղ կարող են հատվել երկու կողմի համագործակցության եզրերը: Իրանին բնավ ձեռնատու չէ Ադրբեջանի ուժեղացումը, քանզի, օրինակ, խնդիրներ կարող են ծագել Իրանի հյուսիսային շրջանների հետ, որտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում: Եվ ահա չօգտվել նման պատեհությունից, երբ պատկառելի ռեսուրսներ եւ կշիռ ունեցող հարեւանի հետ ունես ռազմավարական շահեր, մեղմ ասած, աններելի է:
Ըստ այդմ, Իրանի ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերը շատ հաճախ եւ հատկապես ներկայումս թելադրում են Հայաստանի հետ սերտ գործակցություն: Բավական է հիշել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան աղեղի ու Մերձավոր Արեւելքում իր վճռական ներկայությանը միտված Պուտինի ծրագրերը կիսատ մնացին հենց Իրանի շնորհիվ, որը ձգտում էր Ադրբեջանի փոխարեն աղեղում ունենալ Հայաստանը` պայմանավորված ե՛ւ Ադրբեջանի անվստահելիությամբ, ե՛ւ այդ պետությունը` իր իսկ հաշվին չհզորացնելու միտումով, ե՛ւ Թուրքիայի ճնշիչ գործոնով: Հետեւաբար Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողների հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի Իրանի հետ բարիդրացիական եւ առանձնահատուկ համագործակցության ծավալումը: Եվ ամենեւին ոչ խոսքային ճոռոմաբանություններով, այլ հստակ ճանապարհային քարտեզով ու գործողությունների հետեւողականությամբ: Իրանից եկող ազդակները բազմազան են ու հուսադրող` էստաֆետան հանձնած ՀՀ իշխանություններին, որոնք, սակայն, ամենեւին էլ նախանձախնդիր չեն հարաբերությունների զարգացման ուղղությամբ` թերեւս պայմանավորված ռուսական շրջանակների անհաղթահարելի ազդեցությամբ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԴԵՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՀՈՂԱԳՈՐԾՆ ՈՒ ՊԱՀԱԿԸ
Ինչպես հայտնի է` ՀՀ մի քանի մարզերում հունիսի 18-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բնակիչները համայնքի ղեկավար են ընտրելու Արագածոտնի, Արարատ, Արմավիր, Կոտայքի եւ Շիրակի մարզերի մի շարք գյուղերում: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղապետի պաշտոնի համար առաջադրված են երկուսը: Պայքարը կընթանա ՀՀԿ-ական գործող գյուղապետ Մաջիտ Ամոյանի եւ նույն գյուղի դպրոցի պահակ Թեմուր Քալաշյանի միջեւ: Իսկ ահա Արարատի մարզի Սուրենավան գյուղում պայքարը կընթանա ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական թեկնածուների միջեւ. նրանք են` ՀՀԿ-ական գործող գյուղապետ Կարո Կարապետյանը եւ ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը:
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար ընտրվելու համար առաջադրված թեկնածուները երեքն են, որոնք անկուսակցական են: Այսպես՝ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է գործող գյուղապետ Արմեն Խլղաթյանը, «ԱԳԲԱ կրեդիտ Ագրիկոլ» բանկի վարկային գործակալ Պողոս Եղիազարյանը եւ Գրիգոր Գրիգորյանը:
ՀՀ Կոտայքի մարզում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի են ունենալու Նոր Հաճն քաղաքում եւ Պռոշյան գյուղում: Ըստ որոշ տեղեկությունների` Նոր Հաճն քաղաքում քաղաքապետի ընտրությունները թեժ են անցնելու: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները չորսն են` գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը, «Ագրո-Հայկ» ընկերության տնօրեն Հայկ Կիրակոսյանը, մշակույթի տան պատասխանատու Հովհաննես Ադամյանը եւ Արմեն Քեշիշյանը: Ի դեպ, նրանք բոլորն անկուսակցականներ են:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետի պաշտոնի համար կպայքարեն գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սեւակ Գաբրիելյանը, գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը եւ միակ կին թեկնածուն` Արմենուհի Մելիքյանը: Նշենք, որ գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:
Շիրակի մարզի Բայանդուրում գյուղապետի ընտրությունները նույնպես կանցկացվեն հունիսի 18-ին: Այստեղ կպայքարեն գյուղապետարանի համակարգչային օպերատոր Անի Գրիգորյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Դավիդ Դավթյանը: Շիրակի մարզի մյուս Կարմրաքար գյուղում առաջադրված թեկնածուներն են գործող գյուղապետ Արթուր Մաթեւոսյանը, որը ՀՀԿ-ական է, եւ անկուսակցական Էդգար Կարապետյանը: Նույն մարզի Հովիտ գյուղում գյուղապետի պաշտոնի համար պայքարի են դուրս եկել հողագործ ՀՀԿ-ական Արարատ Սահակյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ավետիք Մեսրոպյանը:
Մեր տեղեկություններով՝ առաջադրված անկուսակցական թեկնածուներից շատերն առաջիկայում ինքնաբացարկ կհայտնեն՝ հօգուտ գործող գյուղապետերի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՐՏՔԵՐԻ ԿԵՍԸ ՄՆՈՒՄ Է
Լուծարված Նոյեմբերյանի ջուր օգտագործողների ընկերության (ՋՕԸ) շուրջ 40 աշխատակիցներ «Իջեւան», «Նոյեմբերյան» եւ «Ուտիք» ՋՕԸ-երի միավորման արդյունքում ստեղծված «Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրի Ոսկանյանի հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ մի շարք դժգոհություններ էին ներկայացրել՝ ասելով, որ եթե իրենց պահանջները շուտափույթ չկատարվեն, իրենք միասնաբար աշխատանքից դուրս կգան: Պահանջներից մեկը վերաբերում էր նախորդ տարիներից առկա աշխատավարձի մեծ պարտքերի մարմանը: Նոյեմբերյանի ՋՕԸ ջրբաշխ Սաշիկ Զալինյանը այդ հարցով մարտի 18-ին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Տավուշ» ՋՕԸ տնօրենից հետաքրքրվեցինք՝ աշխատավարձերի պարտքերը մարվե՞լ են: Նա ասաց, որ Նոյեմբերյանի ՋՕԸ-ի լուծարումից հետո մնացել է 69 միլիոն դրամի պարտք, որի կեսը արդեն մարվել է: Այդ պարտքը ոչ միայն չվճարված աշխատավարձերն են, այլ նաեւ հարկային չկատարված մուծումներ, այլ կազմակերպություններին ունեցած ֆինանսական պարտավորություններ: Որոշվել է Նոյեմբերյանի ՋՕԸ աշխատողների աշխատավարձերի վճարման առաջնահերթությունը, սկզբում մարվել են նրանց պարտքերը, ովքեր աշխատավարձի ավելի մեծ գումար ունեն ստանալու եւ ում սոցիալական վիճակն ավելի վատ է: 2017թ. պետական բյուջեից 31 միլիոն դրամ է ուղղվելու Նոյեմբերյանի նախկին ՋՕԸ-ի աշխատողների պարտքերի մարմանը: Յուրի Ոսկանյանը հայտնեց, որ ընթացքում նոր պարտքեր են ի հայտ գալիս:
Հայաստանում գործում է էքսկավատորների տեխնիկական սպասարկում կատարող հիմնարկություն, որը ծառայություններ է մատուցել նաեւ Նոյեմբերյանի ՋՕԸ-ին: 2013 թվականից սկսած այդ ընկերության մատուցած ծառայությունների համար Նոյեմբերյանի ՋՕԸ-ում ֆինանսական փաստաթղթեր չեն պատրաստվել, եւ լուծարված Նոյեմբերյանի ՋՕԸ-ից «Տավուշ» ՋՕԸ-ին փոխանցված պարտքերի ցանկում այդ հիմնարկության անունը չկա: Այժմ որոշում են, թե ինչպես լուծել նախկինում առաջացած խնդիրը: Յու. Ոսկանյանն ասաց, որ Նոյեմբերյանի ՋՕԸ-ի աշխատակազմում գրեթե փոփոխություններ չեն կատարվել, 2 ավագ պոմպավարներ, ովքեր թերացել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու մեջ, նաեւ կենսաթոշակային տարիքի են, ազատվել են աշխատանքից: Ոռոգման ջուր մղող, օր ու մեջ հերթապահող պոմպավարները աշխատում են բարձր աղմուկի պայմաններում, նրանց աշխատավարձը, սակայն, հանրապետությունում ընդունված նվազագույնն է՝ 55 հազար դրամ: «Տավուշ» ՋՕԸ տնօրենին հարցրինք՝ արդյոք ցածր չէ՞ նրանց վարձրատրությունը: Տնօրենը համաձայնեց՝ ասելով, որ ընկերության խնայողությունների հաշվին իրենք ցանկանում են բարձրացնել պոմպավարների աշխատավարձի չափը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ