«ՔԱՆՈՆԸ ՄՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը, ով Ազգային նվագարանների եւ ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական մրցույթի, երաժիշտ- կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիր է, շուտով հանդես կգա համերգով, որի ընթացքում առաջին անգամ քանոնի եւ երգեհոնի մեղեդին կհնչեն միասին: «Ժողովուրդ»-ը Մարիաննայի հետ զրուցել է քանոնի ակտուալ լինել-չլինելու, այդ գործիքի յուրահատկությունների, արտերկրում պահանջարկ ունենալու եւ ժողովրդական գործերը աղավաղելու վտանգի մասին:

-Մարիաննա՛, քանոնը Հայաստանում ինչպիսի՞ տարածում ունի, այն երաժշտական մյուս գործիքների ֆոնին ետ մղվելու միտում չունի՞:
-Քանոնը ժողովրդական նվագարան է, որի պահանջարկը միշտ էլ եղել է: Իհարկե, լավ կլիներ, եթե ծնողներն ավելի շատ ձգտեին իրենց երեխաներին ուղարկել քանոնի դասընթացների: Ընդ որում, կարեւոր չէ` երեխաները կշարունակեն երաժշտությամբ զբաղվել, փայլուն երաժիշտ կդառնան, թե ոչ. միեւնույն է` երաժշտական այս գործիքը աշխարհայացք է ձեւավորում:
-Բայց այսօր ավելի «մոդայիկ» գործիքներ կան` կիթառ, դաշնամուր…
-Միեւնույն է` քանոնը կա եւ մնում է ազգային նվագարանների թագուհին: Այն յուրահատուկ է իր արձակած ձայնով, դիապազոնը մեծ է, եւ կարող է ներկայացնել ցանկացած ստեղծագործություն: Քանոնի հնարավորություններն այդ առումով լայն են:
-Վերջին տարիներին հատուկ քանոնի համար երաժշտություն գրվո՞ւմ է: Չէ՞ որ շատ կարեւոր է հին ստեղծագործություններին անդրադառնալուց զատ` ստեղծել նաեւ նորերը:
-Եթե հին ստեղծագործությունները առանց աղավաղելու են ներկայացնում, ոչ մի վտանգ չկա, բայց ինձ համար ընդունելի չէ, երբ Սայաթ-Նովա, Կոմիտաս են ներկայացնում, այնպիսի մեծերի, որոնց ժողովուրդն այսպես թե այնպես ընդունում է, եւ արդյունքում խեղաթյուրում են նրանց գործերը: Պետք է վերահսկողություն սահմանվի, պատկան մարմինները թույլ չտան, որ նման մոտեցում լինի: Իսկ նոր գործեր, անշուշտ, գրվում են: Վերջերս կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը երկու նոր գործ է հեղինակել հատուկ քանոնի համար: Դրանց պրեմիերաները կհնչեն առաջիկա համերգիս ընթացքում` մայիսի 25-ին, Կամերային երաժշտության տանը: Ի դեպ, այդ նոր գործերից մեկը գրվել է քանոնի եւ երգեհոնի համար. առաջին անգամ այս երկու գործիքների մեղեդիները կհնչեն միասին (երգեհոնահար` Հարություն Թագվորյան): Մյուս գործն էլ կոչվում է «Տաղ Աստվածածնա», որը գրվել է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հիման վրա: Այնպես որ, նոր գործեր ստեղծվում են, պարզապես կարեւոր է, որ դրանք ապրեն, հնչեն, ոչ թե գրվեն ու մնան:
-Իսկ արտերկրում քանոնը պահանջարկ ունի՞: Դրսից համերգի հրավերներ լինո՞ւմ են:
-Քանոնը մեծ պահանջարկ ունի, օրինակ, Միացյալ Արաբական Էմիրություններում, Թունիսում: Ընդ որում, այս երկրներում գործիքը նվագում են տղաները: Ի դեպ, դրսում, օրինակ` Թուրքիայում, իրենց ազգային նվագարաններին սրբորեն են վերաբերվում: Սրճարաններում, խանութներում հնչում է հենց ազգային երաժշտություն, եւ դա շատ գովելի է: Մեզ մոտ, ցավոք, իրավիճակն այլ է, խայտառակություն է: Հասարակական վայրերում գերիշխում է օտարների անորակ երաժշտությունը: Կարծում եմ` հարկավոր է վերահսկողություն սահմանել պետական մակարդակով: Թերեւս մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի այդ խնդրով: Թեեւ միաժամանակ պետք է նկատեմ, որ սա նաեւ անհատի գիտակցության խնդիր է: Դժվար թե որեւէ մեկը թուրքին հրահանգած լինի խանութում հենց ազգային երաժշտություն միացնել: Բայց արի ու տես, որ նա դա կամա թե ակամա անում է: Շատ կարեւոր է սեփական արմատներից չհեռանալը: Հուսով եմ` կգա ժամանակ, եւ այդ հարցը մեզ մոտ էլ կկարգավորվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՄՀԵՐԸ ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է, ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ

Օրերս օնլայն տիրույթում ակտիվորեն քննարկվեց երգիչ Մհերի անձնական կյանքում տեղի ունեցած կարգավիճակի փոփոխությունը. պարզվեց` նա նշանադրվել է: Հայտնի է, որ երգչի նշանածի անունն Արմինե է, միջոցառումը կայացել է հայկական ավանդույթների համաձայն, մայիսի 19-ին, Երեւանում: Հայտնի է նաեւ, որ Մհերն ու Արմինեն արդեն կես տարի է` միասին են:

«Ժողովուրդ»-ը երգչի պրոդյուսերից` Գեորգի Հարությունյանից հետաքրքրվեց` ինչով է զբաղվում Արմինեն, որտեղ է Մհերը նրան հանդիպել. «Երգչի նշանածը շոու-բիզնեսի հետ բացարձակ կապ չունի, նա Հայաստանից է, մասնագիտությամբ մանկավարժ է եւ այժմ դասախոսում է: Մհերի եւ Արմինեի առաջին ծանոթությունը կայացել է Երեւանի մշակույթի պետական քոլեջում»,-պատասխանեց Գեորգին: Ի դեպ, Մհերն արդեն հասցրել է երգ ձոնել սիրելիին. շուտով այն կներկայացվի հանդիսատեսի դատին: Դա հայերեն ստեղծագործություն է` ուրախ, պարային բնույթի:
Մեր հարցին, թե այս տարի սպասե՞նք Մհերի ամուսնությանը, պրոդյուսերը նշեց, որ այո. այն չի ուշանա: Հաշվի առնելով Մհերի` հաճախակի այցերը Ռուսաստանի Դաշնություն, հետաքրքրվեցինք` զույգը որտեղ է պատրաստվում մշտական բնակություն հաստատել. «Նրանք Հայաստանում են ապրելու»,-ասաց Գ. Հարությունյանը:
Մենք անդրադարձանք նաեւ առաջիկայում Մհերի ստեղծագործական կյանքում սպասվելիք նորություններին. «Շուտով երկրպագուներին կներկայացվեն 4-5 նոր երգեր, կլինեն նաեւ տեսահոլովակներ»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ երգչի գործնական կյանքը չի տուժի, նա նախկինի պես ակտիվ գործունեություն կվարի:
Պրոդյուսերը նաեւ հավելեց, որ Հայաստանի մարզերում սպասվում են համերգներ, հանդիսատեսի հետ հանդիպումներ, բացի այդ` մայրաքաղաքում եւս Մհերը հանդես կգա նոր ձեւաչափի համերգով. թե կոնկրետ ինչ ֆորմատի մասին է խոսքը, Գեորգին հրաժարվեց մանրամասնել: Փոխարենը նա նշեց, որ Մհերը համերգների հրավերներ ունի նաեւ արտերկրից` Իսպանիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ հունիսի 1¬ին՝ Երեխաների պաշտպանության օրը, փոքրիկներին կներկայացվի «7» նախագիծ համերգային ծրագիրը: Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ կունկնդրի դասական երաժշտարվեստի հայտնի ստեղծագործություններ, մասնակցություն կունենա միջոցառմանը: Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով. կներկայացվեն աշխարհի 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները եւ այլն։ Երեկոյի ընթացքում սպասվում են անակնկալներ:

 

 

ՀԱՄԵՐԳ, ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՀԵՐ
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Արիանա Գրանդեն Twitter-ի իր էջում մեկնաբանել է մայիսի 22-ի երեկոյան բրիտանական Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում իր համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից որակվել է որպես ահաբեկչություն:
«Ես ամբողջովին կոտրված եմ: Ի սրտե ցավում եմ, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու»,- գրել է երգչուհին, որը, բարեբախտաբար, չի տուժել:
Նշենք, որ պայթյունի հետեւանքով 22 մարդ է զոհվել, 59 հոգի էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Մանչեսթերի ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է, որ քանի դեռ տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ ի հայտ չեն եկել, պատահարը կարելի է անվանել ահաբեկչական գործողություն:

 

 

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ
«Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպիչները մտադիր են եղել անակնկալ մատուցել Կիեւում հյուրընկալած հանդիսատեսին եւ հեռուստադիտողներին` որպես հատուկ հյուր հրավիրելով Լեդի Գագային: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական Karabas Live-ը:
Պարզվում է` Գագան համաձայնել է անվճար երգել «Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ժամանակ, սակայն հետագայում երգչուհին պահանջել է ռայդեր, որը կազմել է 100 հազարից մինչեւ 200 հազար ԱՄՆ դոլար, իսկ կազմակերպիչները վճարելու հնարավորություն չեն ունեցել: Այդպիսով՝ Գագայի ելույթը չեղարկվել է:
Gazeta.ru-ն էլ, մեջբերելով պրոդյուսեր Օլեգ Բոնդարչուկին, հայտնում է, որ հանդիսությունը վարելու պատրաստակամություն է հայտնել հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը: Սակայն նրա մասնակցությունն էլ չեղարկվել է նույն պատճառով, ինչ Գագայինը:




Լրահոս