42-ամյա Թելմա Ղազարյան Ալթունը պատրաստվում է հունիսին մասնակցել իր համար առանձնահատուկ կարևորություն ունեցող մարաթոնի:
Խոսքը ավելի քան 286 կմ հեռավորությամբ Վարդենիս (Հայաստան)-Հադրութ (Արցախ) մարաթոնի մասին է: Սա անչափ կարևոր է Ալթունի համար, քանի որ անցկացվում է նրա պատմական հայրենիքում:
Ալթունը վազքը կսկսի Սևանա լճի մոտից ու կուղևորվի դեպի Հադրութ՝ ճանապարհին նվազագույն ժամանակ հատկացնելով քնին ու սնվելուն: Մարաթոնի ընթացքում նա կանգ կառնի տարբեր բնակավայրերում՝ տեղացիների հետ զրուցելու համար:
Ալթունը հույս ունի, որ իրեն կհաջողվի վերջնակետին հասնել 3 օրում: Մարաթոնի ժամանակ նրան հեծանվով ուղեկցելու է 2 մարդ, ինչպես նաև՝ 1 մեքենա:
Տեղեկացնենք, որ Ալթունը ծնվել է Թեհրանում, սակայն ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Այժմ ունի 2 երեխա:
Ի դեպ նախորդ մարաթոնների ժամանակ Ալթունը հրաժարվել է հովանավորչության բազմաթիվ առաջարկներից ու սեփական գրպանից հոգացել անհրաժեշտ բոլոր ծախսերը, որպեսզի կարողանա վազքի ժամանակ հայկական եռագույնի պատկերով մարզաշապիկ կրել, մարաթոնի եզրագծի մոտ Հայաստանի ազգային դրոշը ծածանել ու աշխարհին ի տես հայտարարել իր ազգային պատկանելիության մասին: