Դեռեւս 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը:
Ըստ նախաքննությւունը իրականացնող մարմնի` Ավետիսյանի լինելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետն 2016թ. հոկտեմբերի 27-ին Ն. Շենգավիթի 6-րդ փող. թիվ 28 հասցեի բնակելի տան ավարտական ակտը տրամադրելու պատրվակով, Սուրեն Ղևոնդյանից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնտեսական մասի և սպասարկման անձնակազմի ղեկավարի միջոցով պահանջել և վերջինիցս ստացել է 800 հազար դրամ:
Ստանալով գումարը՝ նա միայն 120 հազար դրամն էր օրենքով սահմանված կարգով պետական վճարում իրականացրել, իսկ մնացած գումարը պահել էր իրեն: Ասել է, թե բնակելի տան ավարտական ակտը տրամադրելու համար քաղաքացի Ղևոնդյանը օրենքով պետք է վճարեր 120 հազար դրամ, սակայն Ավետիսյանը նրանից եռապատիկ անգամ գումար էր վերցրել, կատարել էր օրենքով սահմանված վճարումը, իսկ մնացած 680 հազար դրամը պահել էր իրեն:
Այս արարքի համար նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 26-ին այս գործով նախաքննությունը ավարտվել էր, գործը ուղարկվել էր Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ի դեպ, 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԱԾ-ի միջնորդությամբ Արամայիս Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եվ ահա, ArmLur.am-ը պարզեց՝ մինչ դատաքննության սկսվելը` ամբաստանյալ Արամայիս Արմենի Ավետիսյանը միջնորդություն է ներկայացրել՝ դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին` հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Դատախազ Ա. Չախոյանը չի առարկել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու կարգի դեմ:
Ապա մայիսի 30-ին գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը Արամայիս Ավետիսյանին մեղավոր է ճանաչել նշված հոդվածով:
Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Արդյունքում Արամայիս Ավետիսյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Ահա, թե ինչ ավարտ ունեցավ քաղաքպետարանի աշխատակցի խարդախության գործը: Չի բացառվում, որ Երևանի ավագանու ընտրություններին Ավետիսյանի հարազատները բավականին մեծ գործ արած լինեն ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի համար: Ասել է, թե լավ ձայներ ապահովվեցին, ինչի արդյունքում էլ Ավետիսյանն ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` ապրիլի 23-ին, Աջափնյակ համայնքում «Ելք» դաշինքի անդամների և համայնքի բնակիչ Գուրգեն Ավետիսյանի միջև միջադեպ էր եղել: Ըստ մամուլի հրապարակումների` Գուրգեն Ավետիսյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է: Ըստ համայնքի բնակիչների` ԱԺ պատգամավորի հանրապետական թեկնածու Արման Սահակյանի վստահված անձն է եղել խորհրդարանական ընտրություններին:
Քնար Մանուկյան