ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։
Շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը, Մասիսի քաղաքապետը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։
Մասիսի քննչական բաժնի շենքային պայմանները բարելավելու համար անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ ՔԿ դեպարտամենտին 316,16քմ տարածք է հատկացվել՝ Մասիս քաղաքի քաղաքապետարանի ավագանու 03.06.2016թ. որոշմամբ՝ Մասիս քաղաքի քաղաքապետարանի շենքում։ Այն ամբողջությամբ վերանորոգվել է, ապահովվել տեսաձայնագրման համակարգով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 14 սենյակ, որը հնարավորություն է տալիս ավելի արդյյունավետ կազմակերպել քննչական գործողությունների իրականացումը, ապահովել իրեղեն ապացույցների պահպանումը:
«Մենք տեղերում մեր կառույցների համար հարմարավետ վերանորոգված շինություններ ենք ստեղծում՝ ակնկալելով, որ դա նույնպես կավելացնի, կբարձրացնի քննչական աշխատանքի արդյունավետությունը:
Քննիչի աշխատանքային պայմանների բարելավումը շատ կարևոր է, պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ նա օրենքով նախատեսված ծառայողական պարտականությունները կարողանա ավելի արդյունավետ կատարել: Եթե երեք քննիչ աշխատում են տասներկու քառակուսի մետր աշխատասենյակում, ստիպված են լինում իրենց աշխատանքային օրը այնպես ծրագրել, որ քննչական գործողություններն ըստ հերթականության կատարեն։ Այսօրվա պայմանները հնարավորություն կտան քննչական գործողություններն ավելի արդյունավետ կազմակերպել և աշխատանքային պլանին համապատասխան՝ օրը հագեցած օգտագործել՝ քրեական գործերը քննելու համար»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը և ընդգծել, որ ստեղծվում են բոլոր պայմանները, որպեսզի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերվող ապացույցները լինեն անխոցելի։
Քննչական կոմիտեի՝ որպես անկախ քննչական մարմնի կազմավորումից հետո՝ 2014թ. հոկտեմբերից սկսած, հետևողական քայլեր են ձեռնարկվում՝ տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որն ուղղված է նաև առավել նպաստավոր միջավայր և պայմաններ ստեղծելու՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննչական գործողություններն իրականացնելու, նրանց իրավունքները հարգելու համար:
Անցած 2,5 տարիների ընթացքում հիմնանորոգվել են Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունների, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:
Վերանորոգման փուլում են գտնվում Տավուշի, Արարատի մարզային քննչական վարչությունների, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի, Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի վարչական շենքերը։
ՀՀ քննչական կոմիտե