Այսօր ArmLur.am-ն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի ձերբակալություններին:
ArmLur.am-ին այս առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, մեր տեղեկություններով դեռեւս 2014 թվականին նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը Գեղարքունիքի մարզի դատախազությունում ստուգումներ է անցկացրել, քանի որ նրան տեղեկություններ էին հասած եղել կաշառքի մասին:
Բանն այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի «Սև հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիսի բնակիչ Գ.Գ.-ն:
Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողներն իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1 միլիոն 880 հազար դրամին համարժեք 4000 դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գ. Գ-ն կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան:
Ըստ էության, մեղադրյալի ծնողները, տեսնելով, որ չեն կարողանում իրենց երեխային ազատ արձակել, այլ ճանապարհ են գտել: Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդի միջոցով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11 միլիոն 343 հազար 373 դրամ` իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այս գործը եւս գլուխ չի եկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պատմությունը բավականին խորը արմատներ ունի: Այսպես, կաշառքի մասին լուրեր ստանալուց հետո նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը փորձել է հասկանալ, թե որքանով են տեղեկությունները համապատասխանում իրականությանը, սակայն, ըստ էության, բավարար ապացույցներ չեն ստացվել, որպեսզի հնարավոր լիներ պատասխանատվության կանչել պաշտոնյաներին:
Սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահ համակարգը ձեռքերը ծալած չի նստել եւ սկսոել է բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսման գործընթացը, որի արդյունքում էլ բացահայտվել է այս աղմկահարույց դեպքը:
Նշենք, որ Վարդենիս քաղաքի բնակիչները անընդհատ զանգահարել են այն անձին, ում կաշառք են տվել եւ հետաքրքրվել, թե ինչ ընթացք է ստացել գործը: Եվ ահա, այս խոսակցությունների հիման վրա էլ իրավապահները բացահայտել են կաշառքի` դեռեւս տարիներ առաջ ծածուկ պահված գրծընթացը:
Քնար Մանուկյան