Կարեն Կարապետյանի անձը ՀՀԿ-ի համար երկրորդական է. պատրաստվում են վարչապետի փոփոխության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ նոր կառավարության ձեւավորումից շատ կարճ ժամանակ է անցել, եւ անգամ դեռ ԱԺ հաստատմանը չի ներկայացվել գործադիրի ծրագիրը, սակայն արդեն ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը կարճ է տեւելու: Կարապետյանը վարչապետ կմնա առավելագույնը մինչեւ 2018թ. ապրիլ ամիսը, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու Հայաստանում հաստատվի խորհրդարանական կառավարման համակարգ: Իսկ մինչ այդ, իշխանությունները սկսել են կամաց-կամաց հասարակական կարծիքը նախապատրաստել վարչապետի պաշտոնանկությանը: Նախ՝ 2016թ. ավարտվեց ընդամենը կես տոկոսանոց աճով:

Թեեւ հետո՝ այս տարվա առաջին եռամսյակում, տնտեսության մեջ աշխուժություն նկատվեց, սակայն ապրիլից սկսած՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական ցուցանիշները սկսեցին բացասական հունով ընթանալ: Ապրիլից անկում է բոլոր բնագավառներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, ներքին եւ արտաքին առեւտրաշրջանառություն, ՌԴ-ից եկող մասնավոր տրանսֆերներ, օտարերկրյա ներդրումներ:

Դժվար է միանշանակ պնդել՝ այս ոլորտում մինչեւ տարեվերջ ի՞նչ ելեւէջներ կլինեն, բայց փաստ է՝ այս պահին տնտեսությունը ետընթաց է գրանցում: Այնպես որ, վարչապետի պաշտոնանկության «սոցիալ-տնտեսական» մասը լիուլի ապահովված է: Իմիջիայլոց, հիշեցնենք, որ նման պատկեր եղավ նաեւ նախորդ տարվա հունիսից. տնտեսական ցուցանիշները կտրուկ գահավիժեցին, եւ երեք ամիս անց վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց:

Ինչ վերաբերում է քաղաքական «նախապատրաստությանը», ապա պատահական չէ, որ ամեն անգամ, պատասխանելով հարցին, թե 2018թ. ապրիլից հետո արդյո՞ք Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարումը, ՀՀԿ-ականները հստակ պատասխան չեն տալիս՝ չհերքելով Կարապետյանին պաշտոնանկ անելու խոսակցությունները, չհերքելով նաեւ տեսակետը, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետը:

Ընդ որում, ուշադրություն դարձրեք, Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում խոսեց Հայաստանի հեռավոր ապագայի մասին՝ 2040 թվականի համար խոստանալով սոցիալ-տնտեսական կոնկրետ ցուցանիշներ, իսկ ահա կարճաժամկետ ծրագրերի առումով, թե, օրինակ, ի՞նչ տեսք է ունենալու կառավարությունը մեկ տարի անց, ո՞վ է ղեկավարելու գործադիր իշխանությունը, ՀՀԿ-ականները չեն խոսում՝ հարցը թողնելով անորոշության մեջ:

Երբ ձեւավորվեց կառավարությունը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե Կարեն Կարապետյանի գործունեությունը համարում են ընդհանուր առմամբ դրական եւ որոշել են հնարավորություն տալ շարունակելու աշխատանքը: Ու հետո հերքելով ՀՀԿ ներսում թիմերի, թեւերի, հակասությունների մասին խոսակցությունները՝ հավելել. «Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն, մեր կուսակցությունում մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր, այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:

Շարմազանովն այս թեմային անդրադարձել է նաեւ երեկ. նա սկզբում հիշեցրել է, որ վարչապետը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, կուսակցությունը նրան առաջարկել է գործադիրի ղեկավարի պաշտոնին, իսկ Սերժ Սարգսյանն էլ նշանակել: Այնուհետեւ Շարմազանովը հավելել է, թե առաջիկա հինգ տարիներին վարչապետի նշանակման հարցը ՀՀԿ-ի տիրույթում է:

«Մենք գնացել ենք խորհրդարանական ընտրության, եւ ժողովուրդը ձայնը տվել է ՀՀԿ-ին: 2018-ին, 19-ին, մինչեւ 22 թվականը, մինչեւ նոր ընտրություններ ժողովուրդը որոշել է, որ կառավարություն ձեւավորելու, վարչապետ նշանակելու եւ առաջադրելու քաղաքական պատասխանատվության հարցը բացառապես ՀՀԿ-ն է կրելու, որովհետեւ մենք ստացել ենք մեծամասնություն: Սա ո՛չ կիսանախագահական եւ ո՛չ էլ նախագահական համակարգ է, սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն: 2018-ին ո՞վ կլինի վարչապետ: Ում որ ՀՀԿ-ն կգտնի, որ կարող է լավագույնս իրականացնել անվտանգության եւ առաջընթացի խնդիրները»,- հայտարարել է նա ու շեշտել, որ ՀՀԿ-ն մեկ թիմ է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է (էլ չենք խոսում մանր ու միջին տրամաչափի ՀՀԿ-ականների հայտարարությունների մասին):

Փաստորեն, Շարմազանովը բաց տեքստով հասկացնում է, որ իրենց համար Կարեն Կարապետյանի անձը երկրորդական է, իսկ առաջնայինը քաղաքական թիմն է, որի ղեկավարը, հետեւաբար՝ որոշումներ ընդունողը Սերժ Սարգսյանն է: Միայն թե, հիշեցնենք, ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում լայնորեն օգտագործեց նույն Կարեն Կարապետյանի անձի գործոնը՝ հասարակության մոտ փոփոխությունների տպավորություն ստեղծելու եւ այդպես ձայներ ստանալու համար: Հիմա, երբ արդեն ՀՀԿ-ն խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն, կարող են Կարապետյանին շնորհակալություն հայտնել ու հանգիստ ճանապարհ դնել, առավել եւս, երբ Սերժ Սարգսյանը հասել է իր ուզածին՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո անարգել կարող է դառնալ վարչապետ թիմի որոշմամբ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանն էլ է հասկացել, որ իրեն խորհրդարանական ընտրություններից առաջ գործադիրի ղեկավար նշանակեցին՝ փոփոխությունների իմիտացիա բեմադրելու համար, իսկ հիմա, երբ նա այլեւս հարկավոր չէ ՀՀԿ-ին, կարող է՝ շնորհակալություն հայտնեն ու «վաստակած հանգստի» ճանապարհեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարապետյանը փորձել է իրադարձություններից առաջ ընկնել, ու ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել՝ չցանկանալով ղեկավարել նոր կառավարությունը, բայց Սերժ Սարգսյանը չի ընդունել, այլ ասել է, որ հանուն թիմի պետք է աշխատի:

Ինչեւէ: ՀՀԿ-ում այս վիճակը հազիվ թե երկար շարունակվի, եւ ամառային արձակուրդից հետո ականատես ենք լինելու ներիշխանական լուրջ իրադարձությունների: Միայն թե այդ ամենը որեւէ առնչություն չունի հասարակության հետ, այլ Հայաստանի քաղաքացիները պարզապես օտարված են տեղի ունեցածից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս