Ուժեղ քամու և ամպրոպի հետևանքները. Արմավիրի մարզում 10-15 տոննա գյուղմթերք է վնասվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկվա ուժգին քամու, ամպրոպի հետևանքով ՀՀ Արմավիրի մարզի մի քանի գյուղեր մեծ վնասներ են կրել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ վնասներ կրել են, մասնավորապես, Էջմիածին քաղաքը, Արտիմետ, Խորունք եւ Գրիբոյեդով գյուղերը:

«Այսօր առավոտյան ես ամբողջ տարածքով անցել եմ, գյուղացիների հետ զրուցել եմ, գյուղապետերին հանձնարարել եմ վնասները հաշվարկող հանձնաժողովի  ներկայացուցիչների հետ միասին համագործակցեն, արձանագրեն եւ ներկայացնեն հասցված վնասների չափը»,- ասաց մարզպետ Ղահրամանյանը:

Գրիբոյեդովի գյուղապետ Վահե Գրիգորյանը ArmLur.am-ին հայտնեց, որ քամու արդյունքում ջերմոցների պոլիէթիլենային ցելոֆաններն են պատռվել, կոտրվել են մի գյուղացու ջերմոցի երկաթները, երկու ծառ է արմատախիլ եղել:

«Բարեբախտաբար, ջերմոցում եղած բերքը չի վնասվել: Բայց մարզպետը առավոտ շուտ գյուղում կանգնած էր»,- ներկայացրեց Գրիբոյեդովի գյուղապետ Վահե Գրիգորյանը:

Հարցին փոխհատուցում տրվելու է գյուղացիներին, թե ոչ, գյուղապետը զարմացած հետաքրքրվեց. «Քամուց դեռ 12 ժամ չի անցել, ի՞նչ եք կարծում` ո՞վ կարող է ասել` փոխհատուցում կլինի, թե ոչ»:

Երեկվա ուժգին քամու արդյունքում ավելի մեծ վնասներ են կրել արտիմետցիները: Արտիմիետի գյուղապետ Վարդան Միրզախանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ հիմնականում մարդկանց տների տանիքներն են կոտրվել: «Մարդկանց ջեմոցների ցելոֆաններն ամբողջությամբ պատռվել են: Մարդ կա, ում ջերմոցի երկաթներն են նստել, որոնց բույսերի վրա մոտ 10-15 տոննա գյուղմթերք է եղել, վնասվել է: Բերքը հասունացման շրջանում էր, և պետք է առաջիկա օրերին հանվեր շուկա: Մարդիկ անելանելի վիճակում են, ու հիմա գյուղացիներն իրար օգնում են, փորձում են իրենց միջոցներով այդ խնդիրները լուծել»,- նկատեց գյուղապետ Միրզախանյանը:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետ Ղահրամանյանը եղել է գյուղում. «Բայց փոխհատուցման մասին դեռեւս ոչ մի խոսակցություն»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս