Տեւական ժամանակ է, ինչ Դավիթաշեն վարչական շրջանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում լարված իրավիճակ է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն, առանց զգուշացնելու, աշխատանքից ազատել է դպրոցի խեցեգործության ուսուցիչ Արման Թորոսյանին եւ նախապատրաստական դասարանի ուսուցչուհի Արեւիկ Խոդերյանին: Ու տնօրենը բացատրություն էլ չի տալիս, թե ինչու է այդպես վարվել:
Ի դեպ, նշենք, որ Արման Թորոսյանն ու Արեւիկ Խոդերյանը ամուսիններ են, եւ նրանք երկար տարիներ է, ինչ աշխատում են այս դպրոցում: Իսկ դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն աշխատանքից անհիմն ազատված Արման Թորոսյանի մորեղբայրն է:
Ուսուցիչներին աշխատանքից անհիմն ազատման վերաբերյալ լուրը խիստ մտահոգություն է առաջացրել դպրոցի սաների ծնողների մոտ եւ նրանք պատրաստ են կտրուկ քայլերի դիմել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանք դասատուներին հետ վերադարձնելու պահանջով դիմել են Դավիթաշենի թաղապետարան, ահազանգել են Երեւանի քաղաքապետարան: Սակայն` անարդյունք: Ավելի քան 40 սաների ծնողներ նույնիսկ ստորագրահավաք են անցկացրել:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց աշխատանքից անհիմն ազատված Արեւիկ Խոդերյանի հետ. «Մի քանի ամիս առաջ ամուսնուս (խոսքը` խեցեգործության դասատու Արման Թորոսյանի մասին է. Ս. Հ.) հետ դպրոցի տնօրենը ընդհարում է ունեցել, բայց մենք մտածեցինք, որ դա անցավ գնաց, ինքը ուղղակի կարող էր դա մոռացության տալ, քանի որ ընդհանրապես կապ չուներ աշխատանքի հետ: Ինքը խորացրեց դա, սեւեռվեց, նույնիսկ չհամբերեց, որ ուսումնական տարին ավարտվի: Եւ հունիսի 1-ին, առանց սաների ծնողներին, մեզ զգուշացնելու, հայտարարեց, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրենք»:
Նա զրույցի ընթացքում նկատեց, որ 32 ավարտական խմբի սաներ ունի, որոնք տեղի ունեցածի արդյունքում զրկվել են ավարտական հանդիսությունից: «Իմ ազատման հրամանի մեջ ինքը հիմնավորել է, որ իբր իմ կրթությունը չի համապատասխանում իմ զբաղեցրած պաշտոնին: Բայց ես մանկավարժի մագիստրոսի աստիճան ունեմ անգլերեն լեզու մասնագիտությամբ: Ավելին, ես նշեմ, որ մեր դպրոց ստուգողներ էին եկել եւ ստուգել բոլորի գործերը, իսկ իմ անձնական գործերի մեջ իրենք պլյուս են դրել: Ինքը դեռ պետք է ինձ տուգանք վճարի, որ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում չի ուղարկել, ուղղակի չի պատկերացրել, որ այս ամենը նման արձագանք կունենա»,- զայրացած նկատեց Արեւիկը:
Ապա պատմեց, որ դպրոցի տնօրենն ամուսիններին հունիսի 1-ին կանչել է եւ պահանջել ազատման դիմում գրել: Սակայն ամուսինները հրաժարվել են դիմում գրել: Ըստ Արեւիկ Խոդերյանի` այդ ընթացքում դպրոցի տնօրենը հրահրել է Արման Թորոսյանին, ինչի արդյունքում վերջինս ծաղկաման է կոտրել:
«Հաջորդ օրը դասապրոցեսի ընթացքում իմ սաների ծնողների մոտ դպրոցի քարտուղարն ու հաշվապահը բերեցին ու ինձ ներկայացրեցին աշխատանքից ազատման վերաբերյալ դիմումը, բայց մենք չենք ստորագրել, եւ ինքը հրամանով ազատել է աշխատանքից. ամուսնուս`ծաղկաման կոտրելու արդյունքում, որ իբր վստահություն չունի»,- հավելեց նա: Նշենք, որ դպրոցից անհիմն ազատված ուսուցիչները պատրաստվում են դիմել դատարան:
Հ.Գ Դպրոցի սաների ծնողների պատմելով, Արթուր Մարտիրոսյանը տնօրենի պաշտոնին նշանակվելուց հետո բազմաթիվ մասնագետ մանկավարժների է անհիմն ազատել աշխատանքից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բացի վերը նշված ամւոսիններից նա հունիսի 1-ին աշխատանքից անհիմն ազատել է նաեւ դպրոցի դաշնակահարուհի, փոխտնօրեն Արմինե Սողոմոնյանին: Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանի հետ, սակայն վերջինս աշխատանքային ժամին տեղում չէր:
Սյունէ Համբարձումյան