Հունիսի 10-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ հունիսի 10-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:

Գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք անց են կացվում 2011 թվականից, գործում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Տոնավաճառներին սեփական արտադրանքը կարող են ներկայացնել գյուղացիական տնտեսություններ բոլոր մարզերից:

Փոխնախարարը նաև նշել է, որ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Ամփոփելով նախորդ տարիների տոնավաճառների արդյունքները` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, 2011 թվականից ի վեր մայրքաղաքաում կազմակերպվել է 581 տոնավաճառ:

Անդրադառնալով մթերումների պարտքերի մարումների գործընթացին` փոխնախարարը տեղեկացրել է, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ վերամշակող ընկերությունների պարտքերը կազմել են շուրջ 1660 մլն դրամ:

«Այսօրվա դրությամբ պարտքերը կազմում են 187 մլն դրամ: Ամենօրյա աշխատանք ենք տանում վերամշակող ընկերությունների հետ, որպեսզի կարողանան առաջիկա շաբաթների ընթացքում մարել կուտակված պարտքերը», – հավելել է նա:

Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում «Շահնազարյան» ընկերությունը գնել է «Վինար» ընկերությունից շուրջ 50 ﬕլիոն դրամի կոնյակի սպիրտ, որից ստացված գումարն ուղղվել է Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչների պարտքի մարմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա նախաձեռնությունների թվում Ռոբերտ Մակարյանը մատնանշել է առաջիկայում արտահանման համակարգման կառույցի կազմակերպումը, որի հիմնական նպատակը կլինի աջակցել ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին համապատասխանեցնել իրենց արտադրանքը միջազգային չափանիշներին և արդյունավետ իրականացնել արտահանման գործընթացը:

«Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այս տարի կարողանանք պիլոտային ծրագիր իրականացնել և հաջորդ տարվանից կարողանանք ավելի մեծ ծավալներով կազմակերպել արտահանումները», – նշել է փոխնախարարը:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության ընթացիկ մի շարք ծրագրեր, մասնավորապես գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս