
Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների փողոցը մարդաշատ էր: Ինչ որ մարդիկ տարածքն էին ուսումնասիրում, հատուկ սարքերով «ինչ որ բան» փնտրում: Ջրմուղագործներ էին: «Ճամբարակ» տեղամասի աշխատակիցները նկատել էին` «Սարալանջի» ջրամբարի ջուրը օրեցօր պակասում էր: Վայրկյանում 4-5 լիտր ջուր հենց այնպես կորում էր: Ուրեմն, ինչ-որ տեղ վթար կար, մտածեցին ջրմուղագործներն ու գործի անցան: «Կորուստը» հայտնաբերվեց Ազատամարտիկների փողոցի 3-րդտան մոտ: Կա մի այսպիսի մասնագիտական տերմին. «գաղտնի վթար», երբ ջուրը գետնի երես դուրս չի գալիս, այլ իր համար ինչ-որ ուղղությամբ ճանապարհ է բացում ու գնում-կորչում կամ կուտակվում-մնում:
Հայտնաբերված վթարը հենց այսպիսին էր: Ջուրը ասֆալտի վրա դուրս չէր տալիս, այլ լցվում էր կապի խողովակների դիտահոր: Ասֆալտը քանդեցին և վերանորոգեցին ջրագծի վթարված փականը: Գոհ էին և աշխատակիցները, և իհարկե, բնակիչները:
Իսկ ընդհանրապես, ինչպես տեղեկացրեց ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Ճամբարակ» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գագիկ Բալյանը, հունվարից հետո քաղաքում կատարված շինարարական և կարգաբերման աշխատանքների արդյունքում, ջրամատակարարումը զգալի առաջադիմել է:
Նախկին խորքային հորերի փոխարեն, ջուրը սպառողներին հասնում է սարերից` ինքնահոս եղանակով: Իսկ դա եւ էլեկտրաէներգիայի խնայողություն է եւ տեւողության ավելացում: Եթե նախկինում քաղաքում ջուր էր տրվում օրական 12-13 ժամվա, ապա ներկայումս գործող ջրամատակարարման ռեժիմը մոտենում է շուրջօրյայի:
Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն