
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր են հստակեցնել իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նա հայտնել է, որ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների՝ համանախագահները Հայաստանում կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Այցի շրջանակում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող ակտուալ հարցեր: Նախատեսվում է եռանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ: Զախարովան հայտնել է, որ մեկ շաբաթ անց Մինսկի խմբի համանախագահները կթռչեն Բաքու: Այցի արդյունքներով ԵԱՀԿ կայքում կհրապարակվի այցն ամփոփող համապատասխան հայտարարություն: