Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք` կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ն. Ե.-ն:
Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց շրջանակներում կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով դիմել է իր ծանոթ Ն. Ե.-ին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը:
Զ. Ա.-ն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը փոխանցել է Ն. Ե.-ին: Դրանից հետո, չնայած ՀՀ ոստիկանության Աշտարակի հաշվառման-քննական բաժնում քննություն չհանձնելու հանգամանքին, Զ. Ա.-ն գնահատվել է դրական և ստացել վարորդական իրավունքի վկայական:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ե.-ի միջնորդությամբ մի շարք այլ քաղաքացիներ ևս կաշառքներ են տվել պաշտոնատար անձանց` վարորդական իրավունքի վկայականներ ձեռք բերելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: