ԱԺ աշխատակազմը պատրաստվում է ատեստացիայի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը կրճատումների գործընթացում «թայմ աութ» է վերցրել, ամենայն հավանականությամբ՝ ԱԺ-ում ատեստավորում կանցկացվի, որ հասկանալի դառնա, թե ուռճացված աշխատակազմում քանիսն են համապատասխանում պաշտոնների անձնագրերին, ունե՞ն բավարար գիտելիքներ, հմտություններ։

Բանն այն է, որ չնայած գերուռճացված հաստիքացուցակին, ԱԺ-ում պրոֆեսիոնալ փորձագետների ու թարգմանիչների պակաս կա, քանի որ աշխատանքի ընդունվել են ծանոթ-բարեկամ-քավոր-սանիկ կապերով։ Ասենք, արտաքին կապերի վարչությունում Իրանի գծով աշխատակիցը պարսկերենին չի տիրապետում և այլն։ Միայն ատեստավորումից հետո պարզ կդառնա, թե որ վարչությունները կլուծարվեն, որոնք կմիավորվեն և այլն։ Առայժմ օպտիմալացումը տեղի է ունեցել ԱԺ նախագահի աշխատակազմում՝ կրճատվել են նրա օգնական-խորհրդականները, ինչպես նաև՝ Սաղաթելյանի խորհրդականներից մեկը։ ԱԺ աշխատակազմի ղեկավարն արդեն դիմել է կառավարությանն ու ճանապարհային ոստիկանությանը, և, ամենայն հավանականությամբ, մեկ ամսվա ընթացքում ազգընտիրներին կտրամադրվեն նոր սերիաներով համարանիշներ։

Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համարանիշների հարցում նոր լուծում է գտնվել, քանի որ տարիների ընթացքում ԱԺ-ի հետ կապ չունեցող մեծ թվով մարդիկ ստացել ու պահել են ԱԺ մեքենաների համարանիշները, ուստի որոշվել է այդ համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսել, այլ գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով։ Դրանք կլինեն «ԱԺ» կամ «ՀՀ» տառերով։ Նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած և հետ կվերցվեն ավտոտեսչության կողմից»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս