Երեկ հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին` Ռազմիկ Դանիելյանը, վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ավելին, պատանին փախել է դեպքի վայրից` հանելով մեքենայի համարները և օգնություն չցուցաբերելով տուժածին:
Ի դեպ, նա վարել է քաղաքապետ հոր ծառայողական մեքենան:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ռազմիկ Դանիելյանի փոխարեն իրավապահներին է ներկայացել մեկ այլ քաղաքացի, ով հայտարարել է, թե ինքն է եղել մեքենայի ղեկին:
Իսկ ով է այդ «բարեգութ» անձը:
Որոշ տեղեկությունների համաձայն` քաղաքապետի անչափահաս որդուն փորձել է փրկել Հրազդան քաղաքի ավագանու անդամ 32-ամյա Ռաֆայել Օհանյանը, ով ի դեպ քաղաքապետի վարորդն է:
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ տուժածը վերջերս է աշխատանքի անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղում որպես փականագործ: Armlur.am-ի հետ զրույցում Կոտայքի ԳԳՄ-ի աշխատակիցները նշեցին, որ Վալերի Թորոսյանը այս տարվա ապրիլին է իրենց մոտ աշխատանքի անցել: Նրանց պատմելով` Թորոսյանը պարտաճանաչ աշխատող ու համեստ մարդ էր: