«Նշանակալից տարի «Հայէկոնոմբանկի» պատմության մեջ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ:

-Պարո՛ն Սուքիասյան, հունիսի 23-ին կայանալու է «Հայէկոնոմբանկի» (ՀԷԲ) տարեկան ժողովը, որտեղ կամփոփվի Բանկի 2016թ. գործունեությունը: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը նախորդ տարվա վերաբերյալ:

-2016թ. շատ ուժ եւ եռանդ պահանջեց մեզանից, եւ գործադրված ջանքերն ապարդյուն չանցան: Ավելին՝ նախորդ տարին, կարծում եմ, ամենանշանակալիցներից մեկն էր ՀԷԲ-ի պատմության մեջ: Դատեք ինքներդ. Բանկն իրեն միացրեց ԲՏԱ բանկը, ապահովեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերի նորմատիվային կապիտալի համար սահմանված եւ 2017թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած 30 մլրդ ՀՀ դրամի պահանջը: Բանկի ընդհանուր կապիտալն աճեց 6 անգամ` ի հաշիվ բաժնետոմսերի թողարկման եւ ԲՏԱ Բանկի միացման: Ինչպես տեսնում եք՝ «Հայէկոնոմբանկի» համար 2016թ.-ը վստահաբար կարելի է որակել որպես ձեռքբերումների եւ վերելքի տարի:

-Նորմատիվային կապիտալի կտրուկ համալրման անհրաժեշտությունը դժվարություններ չառաջացրե՞ց:

-Ո՛չ, քանի որ պատրաստ էինք այդ համալրմանը եւ անշեղորեն իրագործում էինք մեր կողմից մշակված ռազմավարական ծրագիրը: Ասեմ ավելին՝ նույնիսկ կապիտալը համալրելու եւ ԲՏԱ բանկը ՀԷԲ-ին միավորելու դժվարին եւ պատասխանատու գործընթացին զուգահեռ՝ Բանկը 2016-ին զգալի աճ է գրանցել հաճախորդներին տրված վարկերի, հաճախորդներից ներգրավված ավանդների գծով, ինչը խոսում է հաճախորդների կողմից Բանկի նկատմամբ շարունակաբար աճող վստահության մասին: Այս բոլոր նվաճումները ՀԷԲ-ի որդեգրած զարգացման ռազմավարության հետեւողական իրականացման արդյունք են, բաժնետերերի, խորհրդի, վարչության անդամների եւ Բանկի բոլոր աշխատակիցների արդյունավետ եւ ակտիվ գործունեության վկայությունը:

-Իսկ ինչպիսի՞ն է շուկան այսօր, եւ որ՞ն է ՀԷԲ-ի մրցակցային առավելությունը:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանի առեւտրային բանկերը այս ժամանակահատվածում հիմնականում իրացվելիության խնդիր չունեն: Միաժամանակ, շուկայում մրցակցությունը շատ է սրվել: Պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Արդյունքում առավելություն են ձեռք բերում այն բանկերը, որոնք ավելի մատչելի ռեսուրսներ ունեն եւ ավելի ճկուն են ներկայիս մրցակցության պայմաններում: Իհարկե, հաջողությունն ուղեկցելու է նրանց, ովքեր արժեւորում են հաճախորդի դերը. լավ բանկին լավ հաճախորդ է անհրաժեշտ, իսկ լավ հաճախորդին` լավ բանկ:

«Հայէկոնոմբանկի» հաջողությունները, կարծում եմ, պայմանավորված են մի շարք գործոններով: Մենք ավանդաբար առաջնորդվում ենք կորպորատիվ կառավարման հիմունքներով` խոշոր եւ փոքր բաժնետերերի իրավունքների հավասարությամբ եւ պաշտպանությամբ, գործունեության թափանցիկությամբ, շահագրգիռ անձանց մասնակցությամբ ընկերության կառավարմանը: Նման գործելաոճը մեծապես գրավում է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողներին, որոնք ցանկանում են տեսնել, թե ինչպես են օգտագործվում իրենց ներդրումները: ՀԷԲ-ն իր հերթին միշտ ձգտում է համագործակցել օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ, քանզի նման համագործակցությունը թույլ է տալիս ժամանակին համընթաց շարժվել եւ աշխատանքում կիրառել նաեւ օտարերկրյա փորձն ու գիտելիքները:

-Կարողանալո՞ւ եք պահպանել Ձեր կողմից նշված շոշափելի աճի տեմպերը նաեւ այս տարի:

-Համոզված եմ, որ այո: Այսօր ՀԷԲ-ի նորմատիվային կապիտալն արդեն կազմում է մոտ 32 մլրդ ՀՀ դրամ: 2017թ. առաջին եռամսյակի շահույթը 154%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շահույթի ցուցանիշը: Գործող 48 մասնաճյուղերին առաջիկայում կավելանան եւս երկուսը:

Եվ, ըստ իս, ամենակարեւորը. ուրախությամբ պետք է նշեմ, որ 2016թ. արդյունքներով եւս պիտի շահաբաժին վճարենք: Ի վերջո, բանկային բիզնեսի կարեւորագույն նպատակներից է շահաբաժիններ վճարելը: Բաժնետերերն արժանի են, որ իրենց սպասելիքներն արդարացվեն: Արդեն 15 տարի է, ինչ շահաբաժինների վճարման հարցում ՀԷԲ-ի որդեգրած քաղաքականությունը բաժնետերերի համար կայուն եկամտի աղբյուր է հանդիսանում: Եվ, իհարկե, այս քաղաքականությունը մեծապես նպաստել է նրան, որ ներկայումս Բանկն ունի 3500 բաժնետեր:

-Բացի Սուքիասյանների ընտանիքից՝ ովքե՞ր են ներկայումս ՀԷԲ-ի բաժնետերերը:

-Այսօր Բանկն ունի փոքր մասնակցություն ունեցող բազմաթիվ բաժնետերեր: Վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բաժնետոմսերի երկու տեղաբաշխումների արդյունքում այդ բաժնետերերի թիվն աճեց մոտ 2000-ով:
Ինչպես եւ նախկինում մենք` Սուքիասյան եղբայրներս, տնօրինում ենք Բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Շարունակում է պահպանել իր մասնակցությունը Բանկի կապիտալում «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը» (ՎԶԵԲ): Ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների հետ` ՀԷԲ-ում կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նպատակով:

-Պարո՛ն Սուքիասյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է անդրադառնում մոտիվացիան աշխատանքի որակի վրա, եւ ինչպիսի՞ մոտիվացիոն մեխանիզմներ են կիրառվում ՀԷԲ-ում:

-Աշխատողների մոտիվացիան մշտապես եղել է աշխատանքի շարժիչ ուժը, նպաստել աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, բիզնեսի զարգացմանը: Ընդհանրապես, աշխատողների մոտիվացիան պետք է հանդիսանա ցանկացած կազմակերպության կադրային քաղաքականության հիմնարար տարրերից մեկը: Ղեկավարը պարտավոր է արդար վերաբերմունք ցուցաբերել իր աշխատակիցների նկատմամբ, մոտիվացնել եւ դրանով իսկ ոգեշնչել նրանց:
Ըմբռնելով մոտիվացիայի դերը որպես հաջողակ բիզնեսի կայացման եւ պահպանման կարեւոր գործոն` ՀԷԲ-ը մշտապես կիրառում է աշխատակիցների եւ ղեկավարների տարբեր մոտիվացիոն մեխանիզմներ՝ ինչպես աշխատավարձերի վերանայման եւ պարգեւատրման, այնպես էլ կադրային առաջընթացի, գործուղումների, ուսման ֆինանսավորման եւ անգամ հանգստի կազմակերպմանն աջակցության տեսքով:

-Պարո՛ն Սուքիասյան, բանկիրները սնահավատ մարդկանց համբավ ունեն, քանի որ նրանք առնչվում են ֆինանսների հետ, իսկ փողը հատուկ ուշադրություն եւ զգուշավոր վերաբերմունք է պահանջում: Արդյո՞ք Դուք Ձեզ սնահավատ մարդ եք համարում:

– Ասել, թե ես սնահավատ եմ, թերեւս սխալ կլինի: Ինձ համար չկան հատուկ իմաստ պարունակող նշաններ, բայց չեմ էլ կարող հերքել, որ զգուշավոր եմ, ինչն էլ երեւի պայմանավորված է երկարամյա փորձով: Աշխատանքում առաջնորդվում եմ ունեցածս գիտելիքներով, փորձով, երբեմն էլ ինտուիցիայով:

Զրուցեց Անի Ստեփանյանը




Լրահոս