Երեկ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում պետք է ներկայացվեր Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը, սակայն ներկայացումից առաջ նվագախումբը դուրս չի եկել ելույթի, տապալել է ներկայացումը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկայացումից առաջ հանդիսատեսը մոտ մեկ ժամ սպասել է, սակայն այդպես էլ այն չի կայացել: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների` ղեկավար կազմից ևս որևէ մեկը չի փորձել բեմ տանել երաժիշտներին:
Լուրեր են շրջանառվում, որ բունտը կապված է եղել վերջին շրջանում տեղի ունեցող կրճատումների հետ: Ըստ այդմ` 583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից ստացել էր ծանուցում: Իսկ կրճատումներն իրականացնում է նորանշանակ փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը:
Իսկ թե ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը, դժվար է հասկանալ:
ArmLur.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանում ստանալ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից, սակայն նրան արգելել են ներս մտնել` ասելով, որ հրահանգ ունեն` թույլ չտալ:
Խոստացել են ասուլիս հրավիրել ու պարզաբանել: