
Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության իներորդ տուրում միջազգային վարպետ Արման Միքայելյանը մատուցեց հերթական անակնկալը: Հայ շախմատիստը (անհատական վարկանիշ` 2444) սպիտակներով հաղթեց իսպանացի գրոսմեյստեր Դավիթ Անտոնին (2660):
Այժմ Միքայելյանը ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոյի եւ Մաքսիմ Մատլակովի հետ (4-րդը` լրացուցիչ ցուցանիշներով) 7 միավորով բաժանում է 2-ից 4-րդ հորիզոնականները: Հունիսի 9-ին մեր շախմատիստը կխաղա մրցաշարում ամենաբարձ վարկանիշն ունեցող Դավիթ Նավարայի հետ (Չեխիա, 2739): Համեմատության համար` Արման Միքայելյանի վարկանիշն այս առաջնությունում ընդամենը 216-րդն է:
Գրոսմեյստեր Արման Փաշիկյանը 6.5 միավոր ունի (23-րդ տեղ): Հայաստանի եւս չորս ներկայացուցիչ վաստակել են 6-ական միավոր:
Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
Լուսանկարը` chessbase.com