Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Աստանա այցելած այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ «Համագումարների» կենտրոնում ներկա է գտնվել «Ապագայի էներգիա» խորագիրը կրող «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է ցուցահանդեսային համալիրում, որտեղ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո, այցելել է «Նուր-Ալեմ» կոչվող կենտրոնական տաղավար, որից միևնույն հեռավորության վրա տեղակայված են բոլոր ազգային տաղավարները:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում մասնակից երկրները ներկայացնում են էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:
Երեկոյան տեղի կունենա նաև ցուցահանդեսի բացմանը նվիրված ընդունելություն: