Armenian text to speach

«Գազպրոմ»-ի աշխատող եմ, անունս կապվել է վարչապետի հետ. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոտայքի մարզն ընդգրկվող թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր դարձած Անդրանիկ Հարությունյանի անունը նախընտրական քարոզչության շրջանակներում կապում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որով էլ բացատրեցին մարզում ՀՀԿ-ականների շրջանում երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը: Բանն այն է, որ Անդրանիկ Հարությունյանը ստացած ձայներով առաջ էր անցել այնպիսի կարկառուն ՀՀԿ-ականներից, ինչպիսիք Արամ Հարությունյանն ու Վարդան Այվազյանն էին:

Ո՞վ է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: «Ժողովուրդը» զրուցել է հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել օրենսդրական գործունեությամբ:

-Նախ ասեմ, որ մասնագիտությամբ իրավաբան եմ, հենց դրա համար էլ հայտնվեցի խորհրդարանում: Ես ընդգրկվել եմ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում: Կամաց հունի մեջ ենք մտնում, քննարկումներ են տեղի ունենում, մասնակցում ենք: Հուսով ենք, որ ստանձնած պարտականությունները կկատարենք եւ պատվով դուրս կգանք:

-Պարո՛ն Հարությունյան, խորհրդարանական ընտրություններում Ձեր գրանցած արդյունքն անակնկալ եղավ շատերի համար, հատկապես փորձառու ՀՀԿ-ականներ Արամ Հարությունյանից եւ Վարդան Այվազյանից ավելի շատ ձայներ ստանալու առումով: Ինչի՞ հաշվին կարողացաք փորձառու գործիչներից առաջ անցնել:

-Ինձ թվում է, որ այդ հարցն ավելի շատ պետք է տալ ազգաբնակչությանը, իրենք ավելի լավ կկարողանան պատասխանել: Նախ ես ինքս Կոտայքի մարզում եմ ծնվել, իմ ծնողներն այդ մարզում աշխատել են: Երեւի ինչ-որ չափով դա է օգնել, ինչ-որ չափով իմ ընկերները, իհարկե, կուսակցության աջակցությունը եւս եղել է: Իմ գրանցած արդյունքն աշխատանքի արդյունք է ուղղակի:

-Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ձեր անունը կապեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ. Դուք նրա դրածոն էիք համարվում: Ինչպիսի՞ աջակցություն է եղել նրա կողմից:

-Աջակցություն լինելու դեպքում հաստատ լրատվական միջոցներին գոնե ինչ-որ մեսիջներ, ակնարկներ տարբեր տեղերից կհասնեին: Ազդեցություն, իհարկե, եղել է, որ ես «Գազպրոմ»-ի աշխատող եմ, անունս կապվել է վարչապետի հետ: Իհարկե, ինքը տեղյակ է եղել իմ առաջադրման մասին, կուսակցության փոխնախագահն է եւ պետք է տեղյակ լիներ:

-Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի գրանցած արդյունքը եւս կապում էին Կարեն Կարապետյանի անձի հետ: Ձեր հաջողության գործում նա դերակատարում չի՞ ունեցել:

-Եթե ընդհանուր իմիջի մասին է խոսքը, ապա ինչքան որ մնացած կուսակիցներին է օգնել իր անձը, նույնչափ, միանշանակ, ինձ է օգնել:

-Տարբեր տարիների խորհրդարանում ականատես ենք եղել պատգամավորների, ովքեր նիստերի դահլիճ գալիս էին միայն քվեարկելու համար եւ նույնիսկ մեկ անգամ որեւէ ելույթ չեն ունեցել: Դուք ինչպիսի՞ պատգամավոր եք լինելու՝ կոճակ սեղմո՞ղ, թե՞ օրենսդիր գործունեություն ծավալող:

-Այն պարտականությունները, որը ստանձնել եմ հանձնաժողովի շրջանակներում, փորձելու եմ պատվով կատարել, առաջինը դա: Համենայնդեպս եկել եմ աշխատելու, ուղղակի ժամանակ անցկացնելու համար չեմ եկել:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս