Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի բնակիչ, 1974 թվականին ծնված Կորյուն Ասլանյանը հունիսի 9-ի ժամը 14-ի սահմաններում ընկել է Այրքի տարածքում գործող հիդրոկայանի ջրահավաք ավազանի մեջ, ապա հոսքի ճնշման տակ հայտնվել ջրատարում ու ջրահեղձվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, ահազանգը փրկարարները ստացել են հունիսի 9-ի ժամը 14.10-ին, իսկ դիակը կարողացել են խողովակաշարից դուրս բերել ժամը 21.05-ին:
«Կորյուն Ասլանյանը նույն ՀԷԿ-ի աշխատակից է, ով որոշակի աշխատանքներ է իրականացրել ՀԷԿ-ի ջրահավաք ավազանի հատվածում: Խողովակաշարի պաշտպանիչ ճաղավանդակը հանված է եղել, ինչի հետեւանքով էլ ջրի ճնշումը խողովակից ներս է տարել ջրավազանի մեջ անզգուշության հետեւանքով ընկած աշխատակցին:
Ըստ Կորյուն Ասլանյանի որդու պատմածի, ով եղել է դժբախտ դեպքի վայրում, Կորյուն Ասլանյանը աշխատանքներ է իրականացրել՝ խոտի հակի վրա հենված: Նախ ջրավազան է ընկել խոտի հակը, այնուհետ՝ Կորյունը:
Փրկարարներին հարկ եղավ երկար ու մանրակրկիտ որոնումներ իրականացնել եւ ջրահեղձ եղած դիակը գտնել ջրավազանից մոտ 300 մետր հեռավորությամբ՝ ջրատար խողովակի մեջ՝ հենված խոտի հակին: Նրան խողովակից դուրս ենք բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը:
Այրք գյուղի դպրոցի տնօրենի ներկայացմամբ՝ Կորյուն Ասլանյանը երեք երեխաների հայր է, որոնցից ավագ դուստրը սովորում է Այրքի միջնակարգ դպրոցի 11-րդ, կրտսեր դուստրը եւ որդին՝ 9-րդ դասարանում: