Հունիսի 9-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ կայացավ կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշարձանի բացումը կատարեցին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին և հուշարձանի հեղինակ, հանրահայտ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը:
Բացման արարողությունից հետո Օտտավայի կենտրոնում գտնվող «Շատո Լորիե» հյուրանոցի «Կանադական» սրահում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ կայացավ պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին, ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քըրը, կանադացի սենատորներ և պատգամավորներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, Կանադայի արտաքին գործերի և ժառանգության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, մեծ թվով կանադահայեր, լրագրողներ:
Միջոցառմանն ունեցած իր ելույթում դեսպան Եգանյանը նշեց, որ Օտտավայի կենտրոնում Յուսուֆ Քարշի արձանի առկայությունը մշտապես հանդիսանալու է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկը: Դեսպանն ընդգծեց, որ հատկանշական է արձանի բացումը Համադաշնության պուրակում հենց այն տարում, երբ նշվում է Կանադայի Համադաշնության 150-ամյակը և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Իր խոսքում ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաներին և կանադահայ համայնքի անդամներին ու կազմակերպություններին, ովքեր իրենց ավանդն են ներդրել ծրագրի իրականացման գործում:
Կանադայի կառավարության անունից ելույթով հանդես եկավ Կանադայի ժառանգության նախարարի խորհրդարանական քարտուղար Արիֆ Վիրանին, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանը և հայ համայնքին` իրականացրած մեծածավալ աշխատանքի և Համադաշնության 150-ամյակի առթիվ Կանադային արված այս բացառիկ նվերի համար:
Ձեռնարկի ընթացքում Արմեն Եգանյանը հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ դեսպանության պատվոգրերով պարգևատրեց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քըրին և Կանադայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գլխավոր տնօրեն Էլիսոն ԼեՔլերին: ՀՀ դեսպանության պավտոգրեր հանձնվեցին նաև Յուսուֆ Քարշի հուշարձանի հիմնման գործում առանձնահատուկ ներդրում ունեցած կանադահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների:
Երեկոյի ընթացքում հայկական ազգային երաժշտությունն ու պարարվեստը ներկայացնող կատարումներով հանդես եկան կանադահայ համայնքի մի շարք շնորհաշատ ներկայացուցիչներ:
Տեղեկանք: Յուսուֆ Քարշը (1908-2002թթ.), ում նաև անվանում են «Օտտավայի Քարշ», կանադահայ լուսանկարիչ է, ով հայտնի է հանրաճանաչ անձանց, քաղաքական և մշակութային գործիչների իր լուսանկարներով: 1965թ. Քարշը պարգևատրվել է Կանադայի Խորհրդի մեդալով, իսկ 1968թ.` Կանադային մատուցած ծառայությունների համար պատվո մեդալով: 1990թ. լուսանկարիչը ստացավ Կանադայի բարձրագույն պարգևը` Կանադայի Պատվո Շքանշանը: 2015թ. Կանադայում ՀՀ դեսպանի տիկին Մարիա Եգանյանը նախաձեռնել էր «Քարշ» նախագիծը: Կանադայի ժառանգության նախարարության և Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ համագործակցությամբ բացված Քարշի հուշարձանը նվեր է հայ ժողովրդից Կանադային` հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ: Քանդակի հեղինակը դոկտոր Մկրտիչ Տարագճեանն է: Հուշարձանի ինժեներական նախագիծը կատարվել է Սուրէն Հաճեանի կողմից: