Փեսաների ժամանակը. Հայկ Հարությունյանն իրեն նախարար է զգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանության ներսում նոր դասակարգ է ձեւավորվում՝ փեսաների դասակարգը: Սովորաբար պաշտոնյաներն առաջ են մղում իրենց զավակներին՝ կարիերայի ճանապարհներ հարթելով: Բայց հիմա որդիներից բացի՝ իշխանական օղակներում տեղավորում են նաեւ փեսաներին, որոնք փորձում են իրենց տիրապետությունը հաստատել պետական կառավարման համակարգի այս կամ այն ոլորտում:

Սերժ Սարգսյանի հայտնի փեսայի՝ Միքայել Մինասյանի մասին շատ է խոսվել: Ու թեեւ հիմա նա Վատիկանում Հայաստանի դեսպանն է, սակայն շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ իշխանության ներսում, հաճախ՝ որոշումների կայացման վրա: Հիմա նույն ուղին է բռնել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը: Առայժմ, իհարկե, վարչապետի փեսան գործում է միայն կառավարության ներսում՝ իրեն երկրորդ վարչապետ ձեւացնելով:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալն է: Այս պաշտոնը նա ստանձնել է դեռ մինչեւ Կ. Կարապետյանի վարչապետ նշանակվելը՝ 2014թ. օգոստոսին, 28 տարեկան հասակում: Հարությունյանին սկզբում կարիերա անելիս օգնել է հայրը՝ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը (վերջինս, հիշեցնենք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է):

Իսկ արդեն Կարապետյանի վարչապետության օրոք վերջին կես տարվա ընթացքում Հարությունյանը հայտնվել է արտոնյալի կարգավիճակում ե՛ւ նախարարությունում, ե՛ւ ողջ կառավարությունում: Ասում են՝ 49-ամյա Աշոտ Մանուկյանը 31-ամյա Հայկի մոտ նախարար է աշխատում: Այդ փաստն այնքան նկատելի է, որ նախարարության քննարկումների հիմնական թեմաներից մեկն է դարձել: Եւ, ընդհանրապես, նախարարությունն իրականում ղեկավարում, կադրային եւ այլ հարցերը լուծում է ոչ թե Աշոտ Մանուկյանը, այլ հենց Հայկ Հարությունյանը: Հայկ Հարությունյանի անվան հետ է կապված նաեւ Էներգետիկայի նախկին փոխնախարար Արեգ Գալստյանի պաշտոնանկությունը. նա ոլորտի քաջատեղյակ մասնագետներից էր, բայց արդեն այս տարվա հունվարին վարչապետի որոշմամբ ազատվեց աշխատանքից, եւ արդյունքում ավելացան Հայկ Հարությունյանի լիազորությունները: Հիմա Հայկ Հարությունյանը համակարգում է ե՛ւ նախարարության, ե՛ւ վերջինիս կազմում գտնվող առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները, վերահսկում նրանց:

Հայկ Հարությունյանի արտոնյալ լինելը երեւում է նաեւ մեկ այլ առումով. նա մշտական գործուղումների մեջ է, ավելի շատ է շրջագայում, քան որեւէ այլ փոխնախարար: Ընդ որում, վարչապետը Հարությունյանին հիմնականում ուղարկում է կա՛մ Եվրոպական հիմնական երկրներ, կա՛մ էկզոտիկ երկրներ՝ հոգալով, որ փեսայի գործուղումները համատեղվեն հանգստի ու ճամփորդությունների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն մայիս ամսվա ընթացքում Հայկ Հարությունյանը գործուղման է մեկնել հինգ անգամ, ընդ որում, նա այդ ընթացքում եղել է Ֆիլիպիններում՝ Ասիայի մաքուր էներգետիկային նվիրված 12-րդ համաժողովին մասնակցելու նպատակով, Ֆրանսիայում՝ տարածաշրջանային ԻՅՈՒ 4 Էներջի (EU4Energy) ծրագրի առաջին ղեկավար կոմիտեի հանդիպմանը մասնակցելու համար, Գերմանիայում՝ էներգետիկ եւ բնապահպանական քաղաքականությանը նվիրված հանդիպումներին մասնակցելու համար: Հայկ Հարությունյանը նախորդ ամսվա մեջ եղել է նաեւ Թուրքմենստանում եւ Վրաստանում: Ավելի վաղ նա եղել էր Ճապոնիայում, Թաիլանդի Թագավորությունում եւ այսպես շարունակ:

Հանուն արդարության նշենք, որ այդ գործուղումների հիմնական ծախսերը կատարվել են ոչ թե պետական բյուջեի, այլ հրավիրող կողմի հաշվին: Բայց, փաստորեն, այդ գործուղումներին մեկնել է նախարարի երեք տեղակալներից հենց վարչապետի փեսան:

Մեկ ուշագրավ փաստ եւս. 31-ամյա Հայկ Հարությունյանը հսկայական կարողության տեր է: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է 19 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 20 հազար եվրո, ունի բաժնետոմսեր երեք ընկերություններում: Բացի այդ՝ հայտարարագրել է հողամաս, անհատական բնակելի տուն:
Կարճ ասած, իսկական փեսա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս