Ընտրախախտումների գործը հետաքրիր ընթացք է ստանում. ևս մեկ անձ է կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների գործը հետաքրիր ընթացք է ստանում: Ընտրախախտում կատարելու համար եւս մեկ անձ է կալանավորվել: Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված դեպքերով հարուցվել էր 19 քրեական գործ, որոնցից միայն 12-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի համար, 3 գործ էլ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:

Ընտրախախտում իրականացրած անձանցից մեկ հոգի կալանավորվել էր: Նա Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանն էր, որը կրկնակի քվեարկություն էր արել եւ կալանավորվեց: Սակայն նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Ի դեպ, ըստ մարզում տարածված լուրերի՝ Աշոտ Կաղզվանցյանը ընտրություններին մշտապես աշխատել է Հանրապետական կուսակցության օգտին եւ ՀՀԿ-ի համար ձայներ է ապահովել:

Ու որքան էլ փորձ էր արվում մատուցել, թե նորագույն սարքավորումները հնարավորություն չեն տալիս ընտրախախտումների, իրականում այդպես չէ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 2-ին Դավիթ Սիմոնյանը, ով իր մոտ չի ունեցել անձնագիր, սակայն ցանկացել է մասնակցել ընտրություններին, եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երեւան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս, եղբորից վերցրել է նրա անձնագիրը եւ փորձել քվեարկել: Թվում էր, թե Դավիթ Սիմոնյանը չէր կարող այլ մարդու անձնագրով քվեաթերթիկ ստանալ, հասնել քվեախցիկի մոտ ու կատարել իր ընտրությունը:

Բայց իրականում Դավիթ Սիմոնյանը եղբոր` Գոռ Սիմոնյանի անձնագրով գրանցվելով ընտրողների ցուցակում՝ շատ հանգիստ մոտեցել է քվեախցիկին եւ կատարել իր ընտրությունը: Եւ միայն կատարելուց հետո է Դավիթ Սիմոնյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեզ հայտնի դարձավ, որ ընտրախախտումը բացահայտել են հանձնաժողովի անդամները եւ ըստ էության այդ մասին հայտնել իրավապահներին, իսկ թե Դավիթ Սիմոնյանը ում օգտին է քվեարկել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Վերջում հավելենք, որ այս գործով նախաքննությունը օրերս ավարտվել է, եւ հարուցված քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Տեսնենք, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի. կշարունակի՞ կալանքի տակ պահել ընտրակեղծարարին, թե՞ ազատ կարձակի:

Ք. Մ.




Լրահոս