Կենդանաբանական այգու տնօրենը վերջապես խոսեց. ինչ է պարզաբանում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մայիսի 6-ի առավոտյան տեղի ունեցած միջադեպից ավելի քան մեկ ամիս անց պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցերին:

Հիշեցնենք՝ մայիսի 6-ի վաղ առավոտյան Երեւանի կենդանաբանական այգու անվտանգության ծառայության աշխատակիցները հաղորդել էին, որ մի խումբ շներ ներխուժել են այգու եվրոպական եղնիկների ազատավանդակ ու հարձակվել կենդանիների վրա: Պատահարի հետեւանքով երկու եղնիկ անկել էին, մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս առիթով մենք Ռուբեն Խաչատրյանից հետաքրքրվել էինք.

-Ինչպե՞ս եւ որտեղի՞ց են շները մուտք գործել Երեւանի կենդանաբանական այգու տարածք:

-Ցավոք, թափառող շների ներխուժումը կենդանաբանական այգու տարածք եզակի երեւույթ չէ, քանի որ առկա են դրան նպաստող մի շարք հանգամանքներ: Դրանցից գլխավորը այգու պարագծով ցանկապատի, պարսպի բացակայությունն է: Քաղաքապետարանի հետ այդ հարցը քննարկվել է, նախագիծը օրակարգային է, եւ հաջորդ փուլով անպայման կյանքի կկոչվի: Բայց նույնիսկ աշխարհի ամենապաշտպանված կենդանաբանական այգիներն այս խնդրից չեն կարողանում լիարժեք խուսափել: Շների առկայությունն այդ տարածքներում նաեւ իր օբյեկտիվ պատճառներն ունի: Այդ հողերն անկախության առաջին տարիներից բռնազավթված են եղել հարեւանությամբ բնակվող քաղաքացիների կողմից: Մեր ջանքերով, մոտ վեց տարվա համառ պայքարից հետո դրանք ազատագրվել են, սակայն հետեւանքները դրանց ծավալների պատճառով դեռեւս չի հաջողվել մինչեւ վերջ վերացնել:

-Երբ շները ներխուժել են եվրոպական եղնիկների ազատավանդակ, այդ ժամանակ անվտանգության աշխատակիցներ տարածքում եղե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ են պատմում իրենք, ինչո՞ւ դեպքը իրենց կողմից ավելի վաղ չի կանխվել:

-Իհարկե, այդ ժամանակ անվտանգության աշխատակիցները այգում եղել են: Նրանք ներկայացրել են համապատասխան զեկուցագրեր, որոնց պատճենները սիրով տրամադրում ենք Ձեզ (տես լուսանկար 1-ում): Բացի այդ՝ տեղի ունեցած դեպքի մասին պատշաճ կերպով տեղեկացվել է նաեւ հանրությանը, այդ թվում՝ կենդաբանական այգու պաշտոնական կայքէջի միջոցով:

լուսանկար 1

-Նման երեւույթներից խուսափելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

-Այս նպատակով արդեն իսկ մշակվում է պարսպապատման նախագծի վերջնական տարբերակը` այգու հիմնադրին, այսինքն` Երեւանի քաղաքապետարանին հանձնելու համար:

-Խնդրում եմ տեղեկացնել նաեւ, թե ձմռան ամիսներին քանի՞ կենդանի է անկել եւ ի՞նչ պատճառներով:

-Այդ թվերը գաղտնի չեն, աբողջությամբ տրամադրվում են վիճակագրական ծառայությանը եւ բաց են ուսումնասիրման համար: Ամեն դեպքում, ընդառաջ գալով Ձեր խնդրանքին՝ տեղեկացնեմ, որ 2016 թվականի դեկտեմբեր եւ 2017-ի հունվար ու փետրվար ամիսներին կենդանաբանական այգում անկում է ապրել 18 տեսակի 35 առանձնյակ: Նրանց մի մասը անկել է առողջական օբյեկտիվ պատճառներով, որոշ մասը` էվթանազիայի է ենթարկվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (բնության մեջ պատահում է, որ կենդանիները կռվում են իրար հետ կամ, ինչպես գիտեք, հարձակման են ենթարկվում թափառող շների կողմից: Լինում է, որ վազելիս կոտրվածք են ստանում՝ շատ արյուն կորցնելով եւ այլն), զգալի մասը՝ պարզապես ծերությունից: Այս բոլոր դեպքերը պատշաճ կարգով ուսումնասիրվել եւ ակտավորվել են օրենքով պահանջվող բոլոր նորմերի պահպանմամբ: Այսինքն՝ խոսելով կենդանիների մասին՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նրանք թանգարանային ցուցանմուշներ չեն, այլ կենդանի արարածներ, որոնք ցավոք, բայց անխուսափելիորեն մահկանացու են: Ի դեպ, անկման մասին վիճակագրական տվյալների հրապարակայնացումը հենց այգու տնօրինության նախաձեռնությունն է, եւ այս մշակույթը ձեւավորվել է միայն վերջին տարիներին, եւ դրա շնորհիվ է, որ Դուք կարողացել եք այդ տվյալները հանգիստ ձեռք բերել: Նշեմ նաեւ, որ ցուցանիշների մասով անհանգստանալու կարիք չկա, քանի որ այգում անկման չափը էականորեն քիչ է թույլատրելի տարեկան 10%-ից եւ կազմում է ոչ ավելի, քան 3%:

-Տեղեկություններ են շրջանառվում, որ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, եւ դրանց վաճառքի իրական պատճառը թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, որ կենդանիները անկել են: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այս տեղեկությունները, թե՞ ոչ:

-Իհարկե, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ այգին ունի ոչ գիշատիչ կենդանիների վաճառք իրականացնելու իրավունք՝ ամրագրված օրենքով, ու վաճառք թաքցնելն ուղղակի անտրամաբանական է: Բացի այդ՝ կենդանի վաճառելը ասեղ վաճառել չէ, որ ժամանակակից տեխնոլոգիաների դարում կարողանաս թաքցնել հանրությունից՝ ընդ որում, ներկայացնելով որպես շան կողմից հոշոտում: Քանի որ ցանկացած լրագրող արագ արձագանքման դեպքում կարող է հենց տեղում ծանոթանալ իրավիճակին: Մայիսի 6-ին հոշոտված եղնիկների մարմինների տեսարանը ամենադուրեկաններից չէր: Ի դեպ, հոշոտված մարմինների մնացորդները մինչեւ հիմա պահվում են այգու սառցարանում:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս