Տավուշի մարզում թեժ ընտրություններ են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. աշնանը Տավուշի մարզի Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում համայնքների խոշորացում է լինելու: Բերդի տարածաշրջանի 19 համայնքների փոխարեն ստեղծվելու է խոշոր Բերդ համայնքը, Իջեւանի տարածաշրջանի 17 համայնքների փոխարեն՝ խոշոր Իջեւան համայնքը:
Նոյեմբերին կայանալու են խոշորացված Իջեւան եւ Բերդ համայնքների ղեկավարների եւ ավագանու ընտրություններ: Խոսվում է, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին, սակայն ընտրությունների օրը դեռ որոշված չէ: Առանձնապես հետաքրքրություն են ներկայացնում խոշորացված Իջեւանի համայնքի ղեկավարի ընտրությունները: Ոչ միայն Իջեւանի տարածաշրջանի գյուղերի, այլ նաեւ Իջեւան քաղաքի շատ բնակիչներ դեմ են այդ խոշորացմանը, սակայն բնակիչների կարծիքը հաշվի չեն առնում: Իջեւան քաղաքում եւ այդ տարածաշրջանի գյուղերում շրջանառվում են խոշորացվող համայնքի ղեկավարի մի քանի թեկնածուների անուններ:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով Իջեւանը ղեկավարում է 2011թ., իր թեկնածությունն առաջադրելու է խոշորացվող համայնքի ղեկավարի ընտրություններում: Իջեւանում շրջանառվում է նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի անունը: Վերջինս քաղաքապետի ընտրություններում պարտվելուց հետո ղեկավարում էր կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումը մինչ այդ ստրաբաժանման լուծարումը: Շրջանառվում են նաեւ Հայաստանի փրկարար ծառայության, Տավուշի մարզային փրկարար վարչության պետ Արթուր Հովակիմյանի եւ Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության նախկին փոխնախարար, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի անունները: Հավանական է, որ Իջեւանի տարածաշրջանի խոշոր գյուղերի գյուղապետերը եւս իրենց թեկնածությունը կարող են առաջադրել խոշոր Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում:




Լրահոս