
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել: Դրանով Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ԿԸՀ-ին պատշաճ պատասխան տրամադրել իր՝ 2017թ. մարտի 30-ի դիմում-առաջարկին: Այդ մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար վարչական վարույթ հարուցելու առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը դրանք դիտարկել է որպես դիմումներ և մերժել վարույթի հարուցումը: Իր որոշումները ՀՀ ԿՀԸ-ն մեկնաբանել է նրանով, որ Կազմակերպության իրավունքներն անմիջականորեն չեն խախտվել, և վերջինս նման դիմումներ ներկայացնելու իրավունք չունի:
Մինչդեռ առաջարկություններ ներկայացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով և օրենքներով, և ըստ դրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է օրինական և հիմնավոր պատասխան ներկայացնել: