«Ծառուկյան» դաշինք խմբակցությունը դեռեւս չի քննարկել՝ արդյո՞ք Կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու, թե դեմ: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: Ո՞րն է դաշինքի համար ընդդիմություն լինելու չափանիշը, այն, որ դաշինքի անդամները հայտարարում են՝ եթե իշխանություն չենք, ապա ընդդիմություն ենք, թե այլ պատկերացումներ եւս կան. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր ցանկությո՞ւնն էր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվելը, թե՞ դաշինքն է այդպես որոշել:
-Կարող էի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրվել, բայց ես ավելի շատ նպատակահարմար գտա այս հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվել: Ես երկար ժամանակ աշխատել եմ մեր մարզպետարանում որպես բաժնի վարիչ, քաղաքապետարանում որպես բաժնի վարիչ, երկար ժամանակ եղել եմ այս ոլորտում:
-Այնուամենայնիվ, տեսակետներ հնչեցին, որ Դուք ավելի արդյունավետ կարող էիք ղեկավարել գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ որպես նախկին ռեկտոր: Ի՞նչ կասեք:
-Բայց կրթությունը միայն բուհական համակարգով չի սահմանափակվում: Կրթությունը ավելի լայն դաշտ է՝ կրթություն, հանրակրթություն, ավագ դպրոցներ, հետբուհական կրթություն, չգիտեմ՝ ավելի մեծ ոլորտ է ընդգրկում:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ի հետագա գործունեությունը Գյումրու ավագանու նիստերին: Մինչեւ ե՞րբ եք շարունակելու բոյկոտել նիստերը:
-Փաստորեն հրաժարվելու եմ Գյումրու ավագանու կարգավիճակից, որովհետեւ մի խորհրդի անդամ կարող եմ լինել: Եւ ասեմ, որ մենք հասարակությանն իրազեկել ենք, որ կդիմենք Սահմանադրական դատարան, ՍԴ-ի որոշումից հետո երեք կուսակցությունները կհավաքվեն, կքննարկեն եւ ընդունված որոշման մասին կիրազեկեն հասարակությանը: ՍԴ-ն մարտ ամսվա մեջ որոշում կայացրեց, որ Գյումրիում ընտրությունները կատարվել են օրենքի սահմաններում: Այսինքն՝ որոշումը թողեցին նույնը: Քննարկել ենք մենք, ամեն կուսակցություն ստացել է ազատություն, նախկին հայտարարությունից հետո իրենց գործունեությունը կազմակերպելու համար: Հիմա մենք էլ առաջիկա օրերին կհայտարարենք, թե ինչպես ենք տեսնում մեր հետագա աշխատանքը Գյումրու ավագանու նիստերին:
-Շուտով Կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը: Ձեր խմբակցությունը կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ:
-Թող դեռ բերեն, ներկայացնեն, դրանից հետո կորոշենք: Խմբակցությունում քննարկում չի եղել: Տեսնենք ծրագիրը, նոր, ըստ այդմ, որոշենք: Քվեարկությունը ինքնանպատակ չպետք է լինի, քվեարկությունը պետք է լինի նպատակային: Մեր որոշման մասին անպայման կիրազեկենք հանրությանը:
-Օրինակ՝ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ չի բացառվում՝ իրենք կողմ քվեարկեն:
-Դե, իհարկե, դա ինքնանպատակ չպետք է լինի: Եթե ընդդիմություն ես, ուրեմն ամեն ինչին դե՞մ ես քվեարկում: Պետք է լինի նպատակային: Այսինքն՝ կլսենք ներկայացված ծրագիրը, քննարկում կլինի ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ խմբակցությունում: Խմբակցությունը քննարկման արդյունքում որոշում կկայացնի, իսկ խմբակցության որոշման մասին կհայտարարվի:
-«Ելք» դաշինքը հակաօրինական է համարում նաեւ վարչապետի վերանշանակումը: Դաշինքի անդամների պնդմամբ՝ ըստ օրենքի՝ առանց ընդդիմության հետ քննարկման նախագահը չպետք է վարչապետ նշանակեր: Համամի՞տ եք:
-Իհարկե, ես տեղյակ չեմ՝ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության հետ քննարկվել է, թե ոչ: Եթե օրենքը պահանջում է, որ պետք է քննարկվի եւ եթե չի քննարկվել, ապա օրենքի խախտում է: Բայց ես չեմ կարող ասել՝ մեր դաշինքի հետ քննարկվել է, թե ոչ:
-ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ չի քննարկվել, որովհետեւ այդ ժամանակ խմբակցությունները դեռ կազմավորված չեն եղել: Սա ըստ Ձեզ՝ ընդունելի պատճառաբանությո՞ւն է:
-Դե, հիմա, այ, այդտեղ արդեն իրավական փաստն է հարկավոր, որ եթե չեն կազմավորվել՝ իրավու՞նք կար վարչապետին վերանշանակել:
-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր դաշինքի անդամներին երբ հարցնում են՝ ընդդիմություն եք, թե ոչ, ասում են՝ եթե իշխանություն չենք, ապա ընդդիմություն ենք: Մի՞թե սա է դաշինքի՝ ընդդիմության մասին պատկերացումը:
-Իհարկե, դա էլ հարցի պատասխան է, բայց որ բազմիցս հայտարարվել է, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն է, միանշանակ: Ընդդիմության պատկերացումը ինչպես է, որ անպայման պետք է հայհոյի՞, եթե վաղը իշխանությունը բերում է օրենքի նախագծեր, որ նվազագույն աշխատավարձը հասցնելու է 80 հազարի, մեր այն առաջնահերթ 15 կետերի իրագործմանը միտված նախագծեր կամ կենսաթոշակը ավելացնելու է, հասցնելու է բարձր աստիճանի:
-Ընդդիմությունը մշտապես պահանջել է իշխանության հրաժարականը, Դուք պահանջո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Եթե դրա անհրաժեշտությունը եղավ, իհարկե:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ հիմա կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ:
-ԱԺ-ն նոր ձեւավորվել է, Կառավարություն է ձեւավորվում, նոր ծրագիր է: Գիտեք, այդ ամեն ինչն ինքնանպատակ չպետք է լինի: Բերելու են նոր ծրագիր, եթե այդ ծրագիրը չհամապատասխանի այն պահանջներին, որ այսօր դրված է հասարակության կողմից, իհարկե, մենք դեմ կլինենք:
-Եւ վերջում, դաշինքում խաղաղվե՞ց իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները:
-Դաշինքում չեմ կարծում, որ փոթորիկ է եղել: Միշտ էլ հանգիստ է եղել: Առաջին նիստերն էլ ցույց տվեցին, որ ամեն ինչ հանգիստ է, եւ հետագա գործունեությունն էլ կծավալվի հանգիստ եւ արդյունավետ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 30-ին` ժամը 11:00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հակաիրավական է համարում տեղի ունեցող նիստերը եւ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վանաձորի ավագանու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անդամների կողմից գումարվող նիստերի իրավազորությունը:
Մինչ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ նրանց կոալիցիոն գործըներ Դաշնակցության ավագանու անդամները արդեն որերորդ անգամ նիստ են գումարում եւ հարցեր որոշում, Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց իրավաբաններն արդեն ավարտել են Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացը. «Մյուս շաբաթվա ընթացքում պատգամավորական ստորագրությունների հավաքման պրոցեսը կլինի, որպեսզի պատգամավորների ստորագրություններով դիմվի Սահմանադրական դատարան»,- ասաց Մարուքյանը: Վերջինս դժվարացավ հայտնել, թե կոնկրետ ե՞րբ կդիմեն Սահմանադրական դատարան՝ նշելով, որ մյուս շաբաթվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, ասել է, թե 105 պատգամավորներից առնվազն 21 հոգու ստորագրության դեպքում հնարավոր կլինի դիմել ՍԴ:
Իսկ արդյո՞ք պատրաստվում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցին միանալ «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որոնք նույնպես բոյկոտում էին ավագանու նիստերը. այս հարցի պատասխանը դեռեւս հայտնի չէ: Դիմումն ամբողջական պատրաստ լինելու դեպքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը կդիմի ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությանը՝ իրենց հայցին միանալու առաջարկով:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ԲՈԹՈՅԱՆԻՆ ԿՆՇԱՆԱԿԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ. որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Չնայած Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը նախապես չեն ընդգրկել կառավարության նիստի օրակարգում, բայց ըստ մեր աղբյուրների՝ այն վերջին պահին կավելացնեն: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Բոթոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում եւ կարողացավ բավականին մեծ ձայներ ապահովել կուսակցության համար, բայց եւ հետո հրաժարվեց մանդատից:
ԱԶԱՏՈՒՄ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարծես թե չի կողմնորոշվում Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի հարցում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետը նախ մայիսի 3-ի կարգադրությամբ Գագիկ Թունյանին ազատել է ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից, ապա դրանց կատարումը վերապահել է նույն ԲԿ-ի բուժական գծով տեղակալ Լեւոն Հարությունյանին: Իսկ ահա մարզպետի՝ մայիսի 19-ի մեկ այլ կարգադրությամբ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Աֆանդյանը: Ըստ կարգադրության՝ նա կմնա ԺՊ մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: Հիշեցնենք, որ մարզպետը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ի որոշմամբ ստեղծել էր աշխատանքային հանձնաժողով՝ ստուգելու հիվանդանոցի կողմից կատարված գնումները: Մեր աղբյուրների պնդմամբ՝ նա այդպես փորձել էր խախտումներ գտնել՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականին՝ Սաշիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու համար, եւ հասավ իր ուզածին:
ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնելու է ավելի քան 23 մլն դրամ: Նշված գումարից ավելի քան 14 մլն դրամ հատկացվում է, որպեսզի այս գերատեսչությունը կարողանա գույք եւ համակարգչային սարքավորումներ ձեռք բերել, իսկ մնացած գումարով՝ 8 մլն 500 հազար դրամով ավտոմեքենա ձեռք բերել: Ձեռք բերված գույքն անհատույց տրամադրվելու է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ին: Նկատենք, որ նման գումարներ տրամադրելուց բացի՝ կառավարությունը ամեն տարի միլիոնավոր դոլարներ է հատկացնում գործող պետական ոչ առեւտրային պոակներին, ինչի կրճատմանը վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ Կարեն Կարապետյանը: Սակայն եկավ մի պահ, երբ այդ գործընթացը սառեցվեց, թե ինչու, կարելի է միայն ենթադրել: