ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ավարտել է ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրած տնօրենների նախընտրական հայտնի սկանդալի վերաբերյալ ուսումնասիրությունները. այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը` հավելելով, որ հիմա ամփոփվում են խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, եւ արդյունքները կներկայացվեն 10-օրյա ժամկետում: Լեւոն Մկրտչյանը երեկ խոսել է նաեւ ներկայացվելիք առաջարկների մասին` ասելով. «Դրանց մի մասը կլինի կարգերի ձեւով, մի մասը՝ օրենքների փոփոխության ձեւով, որոշակի առաջարկներն էլ կվերաբերեն կազմակերպչական լուծումներին: Բնականաբար առաջարկները պետք է ավելի հիմնարար լինեն եւ ուղղված ամբողջ կրթական համակարգի զարգացմանը՝ դպրոցների ապաքաղաքականացում, ուսուցիչների, տնօրենների պրոֆեսիոնալ անձնակազմի ձեւավորում, դպրոցների խորհուրդների իրական ազդեցության շատ լուրջ վերանայում: Հաճախ տեսնում ենք, որ դպրոցական խորհուրդները կոնկրետ անձերի կամ կոնկրետ շահերի կամակատարներ են դառնում, այլ ոչ թե պաշտպանում այն առաքելությունը, որի համար կոչված են եղել»:
Նախ արձանագրենք` պետական կառույցները, որոնք իրենց գործառույթների շրջանակներում այս ընթացքում զբաղվեցին սկանդալային ձայնագրությամբ, պարզապես արդարացրին պաշտոնեական դիրքը ՀՀԿ օգտին ծառայեցրած տնօրենների գործողությունները: Ե՛ւ ԿԸՀ-ն, ե՛ւ դատախազությունը հայտարարեցին, թե տնօրենների գործողություններում հակաօրինական ոչինչ չկար: Հիմա կատարվածն արդարացնելու հերթը ԿԳՆ-ինն է: Միայն փաստը, որ այս ընթացքում դպրոցի կամ մանկապարտեզի որեւէ տնօրեն չենթարկվեց պատասխանատվության, արդեն իսկ վկայում է ԿԳՆ-ի կողմից նրանց նկատմամբ «առանձնահատուկ ջերմ» վերաբերմունքի մասին: Չնայած մյուս կողմից էլ պարզ է, որ պետական կառույցներն այլ կերպ չէին կարող վարվել. ի վերջո, տնօրեններն իրենց պաշտոնեական լծակներն օգտագործել ու ձայներ հավաքագրել են հօգուտ ՀՀԿ-ի, ու տվյալ դեպքում իշխող կուսակցությունը ոչ մի դեպքում թույլ չէր տա զոհաբերել իր «զինակիցներին»: Ինչ վերաբերում է ԿԳՆ ներկայացնելիք առաջարկներին, ապա հազիվ թե դրանք արմատախիլ անեն կրթական համակարգի այս արատավոր երեւույթները: Լավագույն դեպքում իշխանությունները մի քանի ցուցադրական քայլ կանեն ու վերջ: Ենթադրենք` կփորձեն վերանայել դպրոցների խորհուրդների լիազորությունները, այնտեղ որոշակի սահմանափակումներ կմտցեն, ինչպես, օրինակ, բուհերի կառավարման խորհուրդների դեպքում արեցին:
Հիշում եք` նախորդ տարի ԿԳՆ-ն ԱԺ ներկայացրեց օրինագիծ, ըստ որի՝ նախատեսված է պետական պաշտոնյաներին արգելել զբաղեցնել բուհերի խորհուրդների ղեկավարի պաշտոնը: Բայց սա որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա: Հազիվ թե որեւէ լուրջ ազդեցություն ունենա նաեւ կրթական համակարգի ապաքաղաքականացումը, թեեւ անկախ ամեն ինչից, այն այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է: Ու եթե Հայաստանում կրթական ոլորտը քայլ առ քայլ գնում է դեպի դեգրադացում, ապա առաջին հերթին կուսակցականացվածության հետեւանքով: Այս խնդրի մասին վերջին տարիներին շատ-շատ է խոսվել: Բայց իշխող ՀՀԿ-ն միշտ ատամներով դիմադրել է կրթական համակարգն ապակուսակցականացնելու գաղափարին: Դիմադրել է այն պարզ պատճառով, որ այդպես իրենք կարող են զրկվել կարեւորագույն լծակից, մինչդեռ հիմա` ՀՀԿ քաղաքական մենաշնորհի պարագայում, ոչ միայն կրթական ոլորտը, այլեւ պետական ողջ համակարգը ծառայեցվում է մեկ կուսակցության շահերի: Ու եթե Հայաստանում իշխանությունը շարունակում է աշխատել նույն գործելաոճով՝ ստիպելով պետական կառույցներին ծառայել ՀՀԿ-ին, ապա նման երեւույթներ կլինեն նաեւ ապակուսակցական կրթական համակարգի պարագայում: Ի վերջո, օրենքով ապակուսակցական է իրավապահ ողջ համակարգը, ապակուսակցականացված են զինված ուժերը, բայց այդ ամենը չի խանգարում, որպեսզի նաեւ նրանց ծառայեցնեն գործող իշխանության շահերին: Այնպես որ, խնդիրը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է նախարարության կողմից եւ պահանջում է համակարգային լուծումներ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՍՆԱՆԿ ԽՆԱՄԻՆ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 3-ի վճռով: Նշենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հուլիսի 20-ին: Թե ինչու է նախկին պատգամավորը սնանկ ճանաչվել, «Ժողովուրդ»-ը փորձեց դա պարզել սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանից: Հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հայտարարեց. «Բանկն է դատարան դիմել սնանկ ճանաչելու պահանջով: Բայց դեռ ժամանակ կա առողջացման ծրագիր ներկայացնելու: Մի՛ զարմացեք, կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք ունեն նման խնդիրներ»: Ըստ սնանկության գործով կառավարչի` նախկին պատգամավորը պարտք է «Ամերիաբանկ»-ին: Սակայն վերջինս հրաժարվեց նշել, թե որքան է կազմում Գուլոյանի պարտքը բանկին: Ստացվում է, որ Մուրադ Գուլոյանը սնանկացավ, որովհետեւ իր խնամին՝ Գագիկ Ծառուկյանը (Մ. Գուլոյանի որդին` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Գ. Ծառուկյանի փեսան է), նրան պատգամավոր չդարձրեց: Ասել է, թե մանդատ չունի, սնանկացավ:
ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ ԿՏՐՎԱԾ
Ինչպես հայտնի է՝ օրերս «Իգլայի» գործով կալանավորված անձանց ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվեց, սակայն ըստ գործով կալանավորված անձանց պաշտպանների՝ քննիչները որեւէ հիմնավոր ապացույցներ չէին ներկայացրել դատարան, որն էլ կարող էր հիմք դառնալ նրանց կալանքը երկարացնելու համար: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ողջ ընթացքում կալանավորվածները՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, զրկված են հարազատների հետ տեսակցության, անգամ հեռախոսով զրուցելու իրավունքից: Եւ սա նախաքննական մարմնի՝ ԱԱԾ-ի որոշմամբ: Վերջիններս ամեն կերպ փակել են գործով անձանց շփումը արտաքին աշխարհի հետ:
ՄԻԱՅՆ ՏԵՍԱԽՑԻԿՈՎ
4 օրից լրանում է Արթուր Այվազյանի՝ Մանախի երկամյսա կալանքի տակ պահելու ժամկետը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ ընտրություններից առաջ՝ մարտի 31-ի ուշ երեկոյան, «Ելք» դաշինքի անդամների ու Մանախի միջեւ միջադեպ էր սկսվել, ինչի արդյունքում ապօրինի զենք էր գործադրվել, որից հետո կալանավորվել էր Արթուր Այվազյանը: Եւ ահա տեւական ժամանակ է՝ այս գործով առերեսումները չեն կայանում: Բանն այն է, որ Արթուր Այվազյանը պահանջում է, որ առերեսումը իրականացվի նկարահանմամբ, սակայն քննիչը մերժել է վերջինիս միջնորդությունը: Ասել է, թե այս երկու ամիսների ընթացքում իրավապահները միայն հարցաքննել են Արթուր Այվազյանին եւ «Ելք»-ի անդամներին, իսկ ահա առերեսումները այդպես էլ չեն կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայկ Ալումյանը հայտնեց, որ քննիչը արդեն ներկայացրել է կանալքը երկու ամսով երկարացնելու միջնորդություն, որով նիստը կկայանա այսօր, իսկ թե ինչ կորոշի դատարանը, սպասենք զարգացումներին:
ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ 6-րդ գումարման արտահերթ նիստի օրակարգում 5 հարց է լինելու:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ մեր երկրում գործունեություն ծավալելու նպատակով: Վարչապետը վստահություն է հայտնել, որ դա թույլ կտա իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաեւ GSP+ համակարգով եվրոպական շուկա: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում արտադրանքի որակի գնահատման իրանական գրասենյակ, արտահանման եւ ներմուծման ընկերություն հիմնելուն, ձկնաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում լոլիկի վերամշակման համատեղ գործարան ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
ՆՈՐ ՏԻՊԻ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ
Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը. երեկ այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը: Ըստ նրա՝ քննարկում են եղած թղթադրամները փոխարինելու հարցը եւ նախատեսվում է անցում կատարել թղթադրամի պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշների: «Նոր տիպի դրամներն ավելի պաշտպանված են ու երկարակյաց, իսկ մաշվածությունը ցածր է: Բացի դրանից՝ խնայողական ռեժիմի համար են»,-ասել է նա եւ նշել, որ նման փոխարժեքների նախադեպեր կան եվրոպական մի շարք երկրներում, որտեղ գտնվում են ներդրման փուլում: ԿԲ ներկայացուցիչն անտեղի է համարել այն հրապարակումները, որ կրկին օրակարգում է ռուբլու անցնելու հարցը: «Ռուբլու անցնելու վերաբերյալ հայտարարությունները հեռու են իրականությունից, որին մենք հումորով ենք վերաբերվում եւ Ձեզ էլ խորհուրդ կտամ»:
ԿԱԶԱՆՈՒՄ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Կազան քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին: