ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին սահմանային միջադեպերի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա նաեւ՝ ՌԴ ԱԳՆ-ն: Եվ այս անգամ շատերի համար զարմանալիորեն այդ հայտարարությունները Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն էին պարունակում: Առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե ընդանուր ձեւակերպումներով կողմերին է կոչ անում խաղաղություն պահպանել, այլ դիմում է կոնկրետ պաշտոնական Բաքվին: Ընդ որում, հիշեցնենք, նման հասցեական քննադատություն ՌԴ-ի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չէր եղել անգամ ապրիլյան պատերազմի հետ կապված:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչեւ մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»: Ու թեեւ համանախագահները նշել են, որ իրավիճակի մասին ավելի լիարժեք ու ճշգրիտ պատկերացում կազմելու համար շարունակում են տեղեկատվություն հավաքել, բայց եւ արձանագրել են. «Համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»:
Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այս տեսքն ուներ. «Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ կողմերին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել հակամարտության գոտում հետագա էսկալացիայի եւ լարվածության կանխարգելման համար: Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»:
Թե ինչի հետ են կապված վերջին օրերի հասցեական հայտարարությունները, եւ ինչու դրանք հենց հիմա եղան, «Ժողովուրդը» փորձեց պարզել՝ զրուցելով ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:
-Պարո՛ն Կոլերով, ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից հասցեական հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տվել շատերի մոտ: Ինչո՞ւ հենց հիմա Մինսկի խումբը որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ:
-Դա կապված է Ադրբեջանի գործողությունների հետ: Նախորդ տարվա ապրիլին սկսված եւ մինչ այժմ շարունակվող նրանց գործողությունները զրոյի են հավասարեցնում Մինսկի խմբի ջանքերը եւ ողջ աշխարհին ցույց են տալիս այդ խմբի ոչ այնքան բավարար ունակությունները: Ամենաքիչը երկու համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համար, դա շատ նուրբ հարց է, որովհետեւ այդ երկրներում ղեկավար կազմի փոփոխություններ տեղի ունեցան, եւ դա համընկավ իրավիճակի սրացման եւ այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը ցուցադրաբար անտեսում է Մինսկի խմբի ջանքերը: Այդ կերպ նոր ղեկավար կազմի գործողություններն այս առումով սկսվում են անհաջողությամբ: Նրանց այս ամենը հետաքրքիր եւ շահավետ չէ:
-Այսինքն՝ հետագայում ե՞ւս կարող ենք այսպիսի հասցեական հայտարարություններ սպասել:
-Եթե Ադրբեջանն իրեն հետագայում էլ այսպես պահի եւ շարունակի անտեսել Մինսկի խմբի հայտարարություններն ու առաջարկները, ապա Մինսկի խումբը, որքան էլ ցանկանա պահել իր միջնորդի կարգավիճակը, ստիպված կլինի բացասական արտահայտվել Ադրբեջանի գործողությունների մասին: Արդյունքում Ադրբեջանը կփորձի հասնել Մինսկի խմբի մանդատի փոփոխության:
-Բայց արդյո՞ք դա չի նշանակում, որ Ադրբեջանը կձգտի էլ ավելի սրել իրավիճակը սահմանին:
-Սրացում կլինի ցանկացած իրավիճակում, քանի որ ապրիլյան դեպքերից հետո ոչ մի սանկցիա Ադրբեջանի դեմ չեղավ:
-Ավելին՝ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինսկի խումբն այս առումով անելիք չունի՞:
-Պարզ է, որ Ադրբեջանը կշարունակի չկատարել այդ խոստումները, քանի որ նա դրանք խոստումներ չի համարում: Մինսկի խումբը չի կարող որեւէ բան անել այս ուղղությամբ, նրանք միայն կարող են սկսել պատրաստել հարցի փոխանցումն ավելի բարձր մակարդակ: Բայց դա ավելի հեռուն գնացող ծրագիր է:
-Ղարաբաղյան հարցի լուծման ժամկետները մոտ կարո՞ղ ենք համարել: Հակամարտությունը դեռ որքա՞ն կարող է շարունակվել:
-Այսպիսի իրավիճակը կարող է անվերջ շարունակվել: Պետք է ամրապնդել պաշտպանունակությունը եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
-Սակայն Հայաստանում նշում են, թե այս պահին այդպիսի քայլ անելը նպատակահարմար չէ:
-Հայաստանում պատճառաբանում են, թե բանակցություններ են ընթանում, սակայն դրանք փաստացի չկան: Ադրբեջանն արդեն խարխլել է բանակցային գործընթացը: Չճանաչել ԼՂՀ-ն, որպեսզի պահպանել բանակցային գործընթացի ֆորմատը, ավելի ու ավելի ոչ ռացիոնալ է դառնում: Այդ ֆորմատը վաղուց է խալխլված: Պետք է գործել, պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ակնհայտ է, որ այդ քայլը կատարող առաջին պետությունը հենց ՀՀ-ն պետք է լինի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՉԻ ԼԻՆԻ

Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 2 շրջանավարտ: Սեպտեմբերին, նոր ուսումնական տարում, դպրոցը դարձյալ առաջին դասարան չի ունենա:

Այս տարի առաջին անգամ պետք է դպրոց հաճախեին Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանի աղջիկը, նրա եղբոր տղան, Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցչի եւ նրա դասվար կնոջ թոռնիկը: Սակայն Գարիկ Աբազյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որը ներառում է նաեւ Բարեկամավան գյուղը) ղեկավարի ընտրություններում պարտվեց: Նա այժմ Երեւանում է բնակվում, եւ բնականաբար նրա աղջիկը սեպտեմբերի 1-ին Երեւանում դպրոց կհաճախի: Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ Գարիկի եղբոր տղան Արտաշատում, իսկ դպրոցի պատմության ուսուցչի եւ դասվարի թոռիկն էլ Իջեւանում առաջին դասարան կհաճախեն: Արտագաղթի ծանր հետեւանքները Բարեկամավանում ակնառու են: 2011-2012 ուսումնական տարում այդ դպրոցի առաջին դասարանում սովորում էր 5 աշակերտ: Այժմ կրթօջախի բոլոր՝ 5 դասարանները երկկոմպլեկտ են: Դպրոցի շենքը եւ մարզադահլիճը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել, պատուհանները փոխվել են, որպեսզի դասասենյակները պաշտպանված լինեն ադրբեջանական զինուժի կրակից:
«Հույսի կամուրջ» ՀԿ-ն 2012 թվականին Բարեկամավանի դպրոցում ներառական կրթության դասասենյակ է կահավորել, որտեղ 4 երեխա ներառական կրթություն է ստանում: Սակայն դպրոցը խմելու ջրի խնդիր ունի: Ա. Ազատյանն ասաց, որ երեք օրը մեկ գյուղի խորքային հորից ջուր են ստանում, սակայն այն որակյալ չէ: Դպրոցի ջրահեռացման համակարգը չի գործում: Անձրեւաջրերը լցվում են շենքի հիմքերը, խոնավացնում դասասենյակները:
1970-ական թվականների կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 350 աշակերտ: Հիմա գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը 21 է: Ա. Ազատյանը հայտնեց, որ վերջերս բարեկամավանցի Արթուր Ղարաքեշիշյանի հուղարկավորության ժամանակ իրեն են մոտեցել Ռուսաստանում, այլ տեղերում ապրող իր նախկին աշակերտները եւ արցունքներն աչքերին՝ հարցրել, թե երբ Բարեկամավանում կյանքի պայմաններ կստեղծվեն, որպեսզի իրենք վերադառնան հայրենի գյուղ, քանի որ շատ են կարոտել հարազատ շենին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
540 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը, ապրիլի 28-ին` Բաղանիսը եւ Կոթին: Սահմանամերձ այդ գյուղերը խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմում են: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծությունից նշված գյուղերում վնասվել են տանիքի ծածկեր, տների լուսամուտների ապակիներ են փշվել, պատեր են վնասվել, Բաղանիսում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ծածկն է խոցվել: Վնասները հաշվարկվել են, ընդհանուր չափը կազմել է շուրջ 540 հազար դրամ: Վնասի մասին տեղեկությունները ներկայացվել են Տավուշի մարզպետարան, որպեսզի գնդակոծությունից տուժած գույքի տերերին պետական բյուջեից համապատասխան չափով դրամական փոխհատուցում տրվի:

 

 

19-ԱՄՅԱ ԿԻՆԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակչուհի, 1998 թվականին ծնված Անուշ Ադամյանի դատավարությունը: Ութամյա կրթությամբ, նախկինում չդատված, ամուսնալուծված, խնամքին մեկ անչափահաս երեխա ունեցող Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, անձանց մեղադրելով տեղի չունեցած ծանր հանցագործության մեջ, կատարել է սուտ մատնություն: Նա ոստիկանությանը հայտնել է, որ 2016 թվականի հոկտեմբեր ամսին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներ Արթուր Ամիրյանը, Արմեն Առուստամյանն ու ինքնությունը չպարզված մի անձ իր ներկայությամբ թմրամիջոց են հյուրասիրել միմյանց, նրանցից Ա. Առուստամյանն իրեն առաջարկել է թմրամիջոց օգտագործել, սակայն ինքը հրաժարվել է: Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ քրեական գործով դատավարության մայիսի 23-ի նիստում մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը հայտարարել է, որ Ա. Ադամյանը բազմիցս պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստերի օրվա եւ վայրի մասին՝ դատարան չի ներկայացել: Մեղադրողը դատարանին միջնորդել է փոխել ամբաստանյալի հանդեպ խափանման միջոցը՝ նոր խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Անուշ Ադամյանի «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը փոխել «Կալանավորման» եւ նրա նկատմամբ հայտարարել հետախուզում:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս