Ինչպես հայտնի է` շաբաթ օրը Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել` փակելով Էջմիածին-Երեւան ավտոճանապարհը: Պատճառը վարունգի իրացման ցածր գինն է: Այս թեմայի շուրջ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ հենց այդ օրվանից «Սպայկա» ընկերությունը սկսել է համագործակցել գյուղացիների հետ՝ մթերելով նրանց բերքը: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մարզպետ Ղահրամանյանն ուղղակի ստում է եւ տեղյակ չէ, թե իր ղեկավարած մարզում բողոքի ակցիա անցկացրած գյուղացիները ինչպես լուծեցին իրենց բերքի իրացման հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր նաեւ, որ քաղաքացիներից մեկը, որը փորձել էր 60 տոննա վարունգ արտահանել, սահմանին խնդրի առջեւ էր կանգնել: Բանն այն է, որ նրան թույլ չէին տվել ՀՀ-ից դուրս հանել վարունգը՝ պատճառաբանելով, թե այն նոր է սրսկված, բացի այդ՝ չի համապատասխանում որոշ չափանիշների: Դրա հետեւանքով 60 տոննա վարունգը հայտնվել էր Արմավիրի մարզում գտնվող «Մեյնմանդար» գյուղատնտեսական շուկայում: Արդյունքում վարունգի գինը կտրուկ իջել էր`դառնալով 50-60 դրամ, ինչը դարձել էր այդ շուկայում իրենց վարունգն իրացնող մյուս գյուղացիների զայրույթի պատճառը: Բողոքող գյուղացիների ներկայացմամբ՝ վարունգը 50-60 դրամով վաճառելու դեպքում պարզապես չեն կարող մարել վարկային պարտավորությունները: Եւ երբ բերքի մթերման, իրացման առիթով բողոքի ակցիա են անցկացնում կամ ճանապարհներ են փակում, գործող իշխանությունները «Սպայկա» ընկերության գործոնն են առաջ քաշում: Փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում գյուղատնտեսության նախարարությունը կամ մարզպետները մշտապես հավաստիացնում են, որ «Սպայկան» կմթերի գյուղացիների ապրանքը:
Տպավորություն է, թե իշխանությունները «Սպայկա»-ն դարձրել են իրենց՝ նման խնդիրներից փրկելու միջոց: Սակայն թերեւս չի արձանագրվել դեպք, որ նման հայտարարությունները իրականություն դառնան: Ամենաթարմ օրինակը շաբաթ օրը եղավ: Գյուղացիների՝ ճանապարհը փակելուց որոշ ժամանակ անց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, որ «Սպայկա»-ն համագործակցում է գյուղացիների հետ: Բայց մենք «Սպայկա»-ից տեղեկացանք, որ մարզպետի հայտարարությունը ամենեւին էլ իրականությանը չի համապատասխանում:
Այսպես՝ «Սպայկա» ընկերության մամուլի պատասխանատու Կարեն Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք շաբաթ օրվա բողոքի ակցիայից անմիջապես հետո կապ են հաստատել գյուղապետերի հետ եւ փոխանցել, որ եթե որեւէ մեկը ինչ-որ առաջարկ ունի ընկերությանը, ապա թող իրենց ընդհանուր հեռախոսահամարներին զանգ տան:
Ըստ Բաղդասարյանի` սովորաբար ֆերմերները այդպես են անում: «Կարող են իրենց առաջարկները ներկայացնել, մենք բոլորին էլ արձագանքում ենք: Եթե ապրանքը բավարարում է արտահանման որակին, չափանիշներին, ապա մենք այն մթերում ենք: Մեզ ապրանք անհրաժեշտ է մթերման եւ արտահանման համար: Հիմա գյուղապետերը այդ ամենը հաղորդել են իրենց համագյուղացիներին, եւ ում հետաքրքրիր է, թող զանգահարեն ընկերութուն եւ առաջարկներ ներկայացնեն»,- փոխանցեց ընկերության ներկայացուցիչը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ իրենք կոնկրետ բողոքի ակցիայի մասնակիցներից առաջարկ ստացել են, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Կարեն Բաղդասարյանը կարճ պատասխանեց՝ ոչ: «Քանի որ վարունգ արտադրելը մի բան է, իսկ ճանապարհ գնացող վարունգ արտադրելը մեկ այլ բան: Մեր ընկերության ներկայացուցիչները նույնպես տարբեր գյուղերում պտտվում են ու շահագրգիռ ֆերմերների հետ հանդիպում են: Կոնկրետ այս դեպքի համար մենք չենք նախաձեռնողը: Եթե իրենք ապրանք ունեն, որն ուզում են սպառել, թող առաջարկեն: Որեւէ առաջարկ մենք չենք ստացել բողոքի ակցիայի մասնակից գյուղերի բնակիչներից: Նաեւ ընկերության ղեկավարության կողմից հանձնարարական կա, որպեսզի գյուղապետերի հետ մշտական կապի մեջ լինենք, եւ եթե կան առաջարկներ, անմիջապես արձագանքենք»,-լրացրեց «Սպայկա»-ի ներկայացուցիչը:
Ինչպես հայտնի է՝ «Սպայկա» ընկերությունը ունի նաեւ հսկայական ջերմոցային տնտեսություններ, որտեղ ոչ միայն վարունգ, այլեւ լոլիկ է աճեցնում: «Ժողովուրդ»-ը Կարեն Բաղդասարյանից հետաքրքրվեց` այս ամենի հետ մեկտեղ արդյո՞ք ընկերությունը հնարավորություն ունի նույն գյուղմթերքից մթերել նաեւ գյուղացիներից. «Մենք միայն մեր արտադրանքով չենք կարող բավարարվել, մեր արտահանման ծավալները մեծ են: Մենք մեծ քանակություն ենք արտահանում»:
«Սպայկա» ընկերության ներկայացուցչից տեղեկացանք նաեւ, որ պոլիէթիլենային ջերմոցներում աճող վարունգը երկար ճանապարհ չի կարող գնալ: Այս պատճառով ընկերությունը գարնանային շրջանում վարունգ չի մթերել: «Մենք վարունգ մթերել ենք, բայց արդյունաբերական մեծ ջերմոցներից, ոչ փոքրերից: Երկար ճանապարհ գնացող վարունգը պետք է 10-15 օր կյանք ունենա, որպեսզի հնարավոր լինի այլ երկրի խանութներում վաճառել: Թունելային ջերմոցների վարունգները երկու-երեք օրվա կյանք ունեն, իսկ միայն ճանապարհը ավելի քան երեք օր է տեւում, հետո ապրանքը պահեստներ է հանձնվում, ապա խանութ է գնում: Մենք էլ վարունգ ունենք, այն արտադրում ենք ու արտահանում: Իսկ պոլիէթիլենային ջերմոցի արտադրանքը նման պայմաններին ուղղակի չի դիմանում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Ստացվում է, որ եթե գյուղացիների կողմից իրենց վարունգը մթերելու վերաբերյալ առաջարկ լինի, միեւնույն է` ընկերությունը չի կարող ընդունել, որովհետեւ, ըստ էության գյուղացիների աճեցրած վարունգները «ճանապարհ գնացող» չեն:
Ասել է, թե դուրս է գալիս, որ մարզպետ Ղահրամանյանն անհաղորդ է իր ղեկավարած մարզի բնակիչների հոգսերին եւ անում է հայտարարություններ, որոնք իրականության հետ որեւէ աղերս չունեն: Չնայած այս հանգամանքին Ղահրամանյանը, վայելելով Սերժ Սարգսյանի հովանավորչությունը, արդեն 11 տարի է՝ պաշտոնավարում է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ